Շատ պատերազմներ տեղի են ունեցել փոքր սխալների պատճառով

Շատ պատերազմներ տեղի են ունեցել փոքր սխալների պատճառով

Հարցազրույց իրանցի քաղաքական վերլուծաբան Փույա Հոսսեյնիի հետ

-Ի՞նչ իրավիճակ է այժմ իրանա-աֆղանական սահմանին։ Ո՞ր հատվածներում են բախումները, որքանո՞վ են լուրջ։ 

-Իրանի Իսլամական Հանրապետության ՆԳ Նախարար Ահմադ Վահիդիի խոսքով՝ «Ներկայումս իրավիճակը լիովին հանգիստ է, սահմանային երթևեկությունը վերահաստատված է։ Ելնելով այն սխալից, որ թույլ են տվել աֆղան սահմանապահները՝ կրակելով, սահմանային փոխհրաձգություն է տեղի է ունեցել, և մենք նույնիսկ նահատակ ենք ունեցել։ Աֆղանստանի կողմից նույնպես մարդիկ են զոհվել, սակայն Իրանի Իսլամական Հանրապետության օպերատիվ, ճշգրիտ մարտավարության շնորհիվ, և Թալիբների կենտրոնական կառավարության ժամանակին ժամանման ու արագ միջամտության շնորհիվ՝ հարցը լուծվել է։ Այժմ մենք որևէ խնդիր չունենք Աֆղանստանի հետ սահմանում։ Ցավոք, նման դեպքեր մինչ այժմ էլի ենք ունեցել։ «Թալիբան»-ի պաշտոնյաներին և Աֆղանստանի գործող իշխանություններին խորհուրդ ենք տալիս զգույշ լինել և զգուշացնել իրենց սահմանապահներին, որպեսզի սահմանային նման միջադեպեր չպատահեն»։ Ինչ վերաբերում է թալիբների և Իրանի միջև հակամարտություն սկսելու ձևին և պատճառներին, ապա պետք է նշել, որ թալիբների սահմանապահ ուժերը սահմանապահների վերապատրաստման դասընթացներ չեն անցել, և նրանք հաճախ կոնֆլիկտի մեջ են մտնում՝ անփորձության պատճառով։ Վերջին ամիսների ընթացքում թալիբ սահմանապահները մի քանի անգամ բախվել են Իսլամական Հանրապետության Սահմանապահ Ուժերի հետ՝ Հերաթ նահանգի Իսլամ Քալա անցակետերում և Նիմրոզ նահանգի Մետաքսի կամրջում։ Թալիբները նույնիսկ համարձակվել են խախտել սահմանը, մտնել Իրանի տարածք և մի քանի ժամով գերեվարել իրանցի սահմանապահին, որին ի վերջո ազատ են արձակել:

-Թալիբների կողմից Իրանի դեմ ագրեսիան Արևմուտքի ճնշման հետևա՞նք էր։ 

-Այո, Իրանում որոշ մարդիկ կարծում են, որ դա գիտակցված և համակարգված գործողություն է՝ օտարերկրյա ծառայությունների հետ միասին։ Իրանը կասկածում է, որ Աֆղանստանից ամերիկյան զորքերի դուրսբերման արդյունքում թալիբների համար միլիարդավոր դոլարների գերժամանակակից ռազմական զենքեր են թողնվել:

- Հավանակա՞ն համարում եք, որ այդ բախումը պատերազմի վերածվի։ 

- Ոչ, քանի որ հակամարտությունից հետո թալիբների և Իրանի բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարությունները վկայում են այն մասին, որ երկխոսության միջոցով այս տարաձայնությունների լուծման հասնել հնարավոր է։ Այս համատեքստում Թալիբանի արտաքին գործերի նախարարության խոսնակի տեղակալ Հաֆեզ Զիա Ահմադը հայտարարել է. «Մենք չենք ցանկանում, որ մեր հարաբերությունները մեր հարևան երկրների հետ խաթարվեն։ Մեր խնդրանքը բոլոր հարևան երկրներին, այդ թվում՝ Իրանին, հարցերը դիվանագիտական ուղիներով լուծելն է»։

-Եթե հանկարծ պատերազմի վերածվի, ի՞նչ է սպառնում տարածաշրջանին։ 

-Կասկածից վեր է, որ Իրանը նախընտրում է կողմերի միջև պատերազմի բացառումը։ Անգամ Աֆղանստանում թալիբների ներկա իշխանությունը, թեև բռնության և ագրեսիայի հակումներ ունի, բայց իշխանության ղեկին եղած կարճ ժամանակի և պետական կառավարման փորձի պակասի պատճառով, նաև՝ Աֆղանստանում ԴԱԻՇ-ի ստորաբաժանումների առկայության պատճառով, գերադասում է ու նախընտրում խնդիրներ և հակամարտություն չունենալ իր արևմտյան հարևանի՝ Իրանի հետ: Սակայն շատ պատերազմներ տեղի են ունեցել հենց փոքր սխալի պատճառով և տարաձայնությունները վերածվել են լուրջ հակամարտությունների։ Ուստի, եթե 2 կողմերի քաղաքական գործիչները զգոն չլինեն, ապա տարաձայնությունները կարող են խորանալ և վերածվել հակամարտության։