Հայոց լեզվի հետընթացն ու անգլերենի առաջընթացը մեր երկրում

Հայոց լեզվի հետընթացն ու անգլերենի առաջընթացը մեր երկրում

Մինչ անգլերենը գրավում է ողջ աշխարհը՝ նույնիսկ առցանց համակարգում լեզվին չտիրապետողի համար ստեղծելով պարզեցված հնարավորություն անգլերեն սովորելու, Հայաստանում արդեն պետական մակարդակով քայլ կատարվեց նսեմացնելու հայոց լեզուն՝ ԿԳՄՍ նախարարության «Բարձրագույն կրթության եւ գիտության մասին» ՀՀ նոր օրենքի նախագծով, այն բուհերում դարձնելով ոչ պարտադիր ուսուցանվող առարկա:

Մեր երկրում արդեն տարիներ շարունակ բազմաթիվ գործատուներ թափուր հաստիքներում ընտրություն կատարելիս ՀՀ քաղաքացի հայ դիմորդներից պահանջում են հայոց լեզվի իմացությանը հավասար անգլերենի մակարդակ: Անշուշտ, լեզվի իմացությունն անհրաժեշտ է, սակայն մեր երկրում, մասնավորապես՝ աշխատաշուկայում, կարծես անգլերենի իմացության պարտադրանք է ստեղծվել նույնիսկ այն հաստիքներում, որտեղ տարիներ շարունակ աշխատելով՝ գեթ մեկ անգամ չես առնչվում անգլերենին եւ դեռ մի բան էլ անգլերենի ձեռք բերածդ գիտելիքներն ես մոռանում: Սակայն այս փաստը չի խանգարում բազմաթիվ գործատուներին՝ շարունակել գերակա համարել օտար լեզվի պարտադիր իմացությունը եւ աշխատող ընտրելիս նախապատվությունը տալ ոչ թե հայերեն գերազանց իմացողին ու մայրենիով հաղորդակցվողին, այլ օտար լեզու տիրապետողին:

Հայոց լեզուն այն բարդ լեզուների ցանկին է պատկանում, որին տիրապետելու համար, բացի ցանկությունը, նաեւ կարողություն է պետք: Այս առումով ապացույցները բազմաթիվ են, նույնիսկ եթե դիտարկենք ոչ մասնագիտական կարծիքը, այլ այն փաստը, որ ազգությամբ հայ օտարերկրյա քաղաքացին, տասնամյակներ ապրելով Հայաստանում, չի կարողանում խոսել հայերեն: Իսկ նման մարդիկ գրեթե բոլորիս կյանքում հանդիպել են, եւ այս իրողության պարզ օրինակներից է դեռեւս 1988-1992թթ. Ադրբեջանից Հայաստան ներգաղթած հայերի մի մասը:
Բազմաթիվ կայքեր գրավել են համացանցը՝ անգլերենի իմացության տարբեր մակարդակներում ու տարբեր թեմաներով, առաջարկելով անվճար ուսուցում՝ բարելավելու  անգլերենի գիտելիքները, իսկ ի՞նչ ենք մենք առաջարկում հայոց լեզուն բարելավելու, ուսուցանելու համար: Գրեթե ոչինչ։

Նարա ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ