Շաբոյանին կփոխարինի գյուղնախարարի պաշտոնակատարը

Շաբոյանին կփոխարինի գյուղնախարարի պաշտոնակատարը

ՏՄՊՊՀ նախագահ Արտակ Շաբոյանին, ամենայն հավանականությամբ, արդեն այսօր կփոխարինի գյուղատնտեսության փոխնախարար Գեղամ Գեւորգյանը: Վերջինիս Արտակ Շաբոյանի տեղը նշանակելու միջնորդությամբ կառավարությունն արդեն դիմել է ԱԺ-ին: Երեկ վարչապետի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանը հաստատեց «Հրապարակի» լուրը։ Մեր տեղեկություններով, առաջադրումն այս տեղի է ունեցել հապճեպ։ Օրենքի համաձայն՝ ՏՄՊՊՀ նախագահին նշանակում է Ազգային ժողովը՝ ՀՀ վարչապետի առաջարկով։ Այս դեպքում ԱԺ նախագահին ուղղված համապատասխան միջնորդագիրը վարչապետը ստորագրել է ուշ գիշերով, Ստրասբուրգից վերադառնալուն պես, եւ ուղարկել է Ազգային ժողով։ Կառավարության աղբյուրը հավաստում է, որ միջնորդագիրը Փաշինյանի բացակայությամբ նախապատրաստել է փոխվարչապետ Տիգրան Ավինյանը, որը մտերիմ հարաբերություններ ունի Գեղամ Գեւորգյանի հետ։ Վերջինս պայքարում էր հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահի պաշտոնի համար, բայց այդ պաշտոնին Փաշինյանն առաջարկել է ԱԱԾ պետի քենակալ (բաջանաղ) Գարեգին Բաղրամյանին։ Բաղրամյանի ընտրությունը տեղի կունենա խորհրդարանի հաջորդ քառօրյային։

Կառավարությունում հավանաբար որոշել են երկուսը մեկում անել։ Փաշինյանն էլ առանց իրավական հարցերում խորանալու, ստորագրել է։ Մինչդեռ խորանալու անհրաժեշտություն կար։ 
ՏՄՊՊՀ օրենքի 20-րդ հոդվածի համաձայն՝ հանձնաժողովներում անդամ կարող է նշանակվել միայն բարձրագույն կրթությամբ, առնվազն 5 տարի պետական համակարգում ղեկավար պաշտոն զբաղեցրած անձը: Գեղամ Գեւորգյանը նման փորձառություն չունի։ Նա 2 տարի  գյուղնախարարության ԾԻԳ-ի տնօրեն է աշխատել, եւ այդ շրջանում՝ 2016-2017 թթ․, Վերահսկիչ պալատը խախտումներ ու չարաշահումներ է արձանագրել, որոնց նկարագիրը 39 էջ է։ 
Առերեւույթ Փաշինյանը գոհ էր Շաբոյանի աշխատանքից։ Փետրվարի 9-ին նա նույնիսկ իր ՖԲ էջում Դավոսի համաշխարհային տնտեսական ֆորումի գնահատականն էր բերել։ «Շուկայի կենտրոնացվածության աստիճանը բնութագրող ցուցանիշով Հայաստանը ռեկորդային առաջընթաց է գրանցել՝ 9 կետով, եւ հայտնվել է 19-րդ հորիզոնականում։ Սա նշանակում է,- գրում է Փաշինյանը,- որ միջազգային հանրությունը ճանաչում է, որ 2018 թվականին մենք լրջագույն հաջողությունների ենք հասել մենաշնորհների դեմ պայքարում»։ Բայց թիմին չնեղացնելն ամեն ինչից վեր է։ 

ՏՄՊՊՀ-ն անկախ տնտեսական կառույց է, որի հիմնական գործառույթը երկրում մրցակցային հավասար պայմանների ապահովումն է: Արտակ Շաբոյանը պաշտոնավարել է մոտ 10 տարի։ Այդ տարիների ընթացքում Հայաստանում մենաշնորհները ծաղկել են, եւ մամուլը հաճախ էր Շաբոյանին մեղադրում այդ ծաղկունքի համար։ Շատերը նաեւ գիտակցում էին, որ մենաշնորհները հովանավորվում էին վերեւից, եւ ո՛չ ՏՄՊՊՀ-ն, ո՛չ էլ Արտակ Շաբոյանը դրանք վերացնելու «դաբրո» չունեն։ 

Բայց ոլորտի մասնագետները Արտակ Շաբոյանին Գեղամ Գեւորգյանով փոխարինելը, այնուամենայնիվ, համարում են անհասկանալի: Մասնագիտությամբ իրավաբան եւ հանգամանքների բերումով գյուղատնտես դարձած Գեղամ Գեւորգյանի կենսագրությունն ուսումնասիրելով՝ հնարավոր չէ գտնել որեւէ կետ, որը նրան ինչ-որ կերպ կապի տնտեսական մրցակցության ոլորտին: Շաբոյանի եւ Գեւորգյանի անցած ճանապարհները եւս համեմատության ենթակա չեն: Շաբոյանը տնտեսական գիտությունների դոցենտ է, դոկտոր, միջազգային կառույցներում մեր երկրի ներկայացուցիչն է, 4 տարուց ավելի ԱՊՀ հակամենաշնորհային քաղաքականության միջպետական խորհրդի նախագահն է, Արժույթի միջազգային հիմնադրամի տնտեսական խորհրդատուն եւ այլն:  Գեղամ Գեւորգյանի անցած ճանապարհը կարելի է բնութագրել մեկ տողով՝ 2010 թվականից ՀՀ կառավարության իրավաբանական վարչության փորձագետ, ապա «գյուղծիգի» ղեկավար: 

Սպասվող կադրային փոփոխությունը շատ տնտեսվարողների է անհանգստացրել: Բանն այն է, որ այս պահին Ռուսաստանի հակամենաշնորհային ծառայության հետ համատեղ ՏՄՊՊՀ-ն մի քանի կարեւոր վարույթներ է իրականացնում, որոնց հաջող ելքը, ըստ տնտեսվարողների, պայմանավորված է ՏՄՊՊՀ ղեկավարի անձով։ Ասենք, «Գրանդ տոբակո» ընկերությունն այս պահին խնդիր ունի ՌԴ շուկայում, ինչպես նաեւ ավիավառելիք եւ բենզին ներկրող մի քանի խոշոր ընկերություններ, ո՞վ է լուծելու նրանց խնդիրները: 

Մենք մի քանի անգամ զանգահարեցինք Գեղամ Գեւորգյանին՝ նոր նշանակման խնդրահարույց կետերի վերաբերյալ մեկնաբանություն ստանալու նպատակով, նաեւ Արտակ Շաբոյանին՝ հարցնելու, թե ինչպես է վերաբերվում կատարվածին, սակայն երկուսն էլ զանգերին չէին պատասխանում։ 

ՀԳ․ Փոխվարչապետ Ավինյանի գրասենյակի ղեկավար Սիսեռյանը մեզ հետ համաձայն չէ։ Նա ասաց, որ «փոխվարչապետն աշխատանքային բացառիկ հարաբերություններ ունի բոլոր նախարարների հետ, սակայն հովանավորյալներին առաջադրելու նախկինների գործելաոճն իրենց բնորոշ չէ»։