Ես էլ ասում եմ՝ սահմանը պահելու խնդիր չունենք, մեր զինվորները հերիքում են

Ես էլ ասում եմ՝ սահմանը պահելու խնդիր չունենք, մեր զինվորները հերիքում են

Երեկ ԱԺ-ում «Իմ քայլը»-ընդդիմություն փոխհրաձգության ժամանակ իշխանության ծանր հրետանու արձակած հարվածը հասավ անգամ պետության անվտանգության հիմքերին: Մասնավորապես, ԲՀԿ-ի ներկայացրած «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագծի քննարկման ժամանակ Սասուն Միքայելյանը հայտարարեց. «Չեմ ուզում գաղտնի տվյալներ հրապարակել, բայց ընդհանուր մեր զինվորները առաջնագծում հազիվ են հերիքում: Էսօր ակադեմիան 1 տարում են սովորում, ո՞նց կարող է զինվորը 12 ամիս պատրաստվել»: Նախագծով առաջարկվում է, որ զինվորները մարտական հերթապահության անցնեն զորակոչվելուց ոչ թե 6, այլ 12 ամիս անց: Այս հայտարարությունն ուշագրավ է այն համատեքստում, որ իշխանության ներկայացուցիչը գաղտնի ինֆորմացիա է հրապարակում, որն ուղիղ կարող է հարվածել մեր անվտանգությանը, իսկ իշխանությունն իրավապահ մարմինների մակարդակով այսօր պայքարում է ֆեյք լուրերի դեմ, որոնք պետության անվտանգությանն են սպառնում: Այս եւ այլ հարցերի շուրջ զրուցեցինք պաշտպանության հանձնաժողովի անդամ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սիփան Փաշինյանի հետ:

- Փաստորեն, մենք սահմանը պահելու խնդիր ունենք, մեր զինվորները չեն հերիքում, եւ սա հայտարարում է ձեր կուսակցության անդամը:

- Ես կարծում եմ, որ մեր տղաներն ունեն անկոտրում կամք եւ գերազանց կատարում են իրենց առջեւ դրված պարտականությունները: Մեր սահմանները հսկվում են մեր զինված ուժերի կողմից եւ հսկվում են բարձր մակարդակի: Լավ կլինի, որ Սասուն Միքայելյանը՝ ինքը մեկնաբանի, որովհետեւ հնարավոր է իր արտահայտած միտքը ճիշտ չի ընկալվել, գուցե ճիշտ չի ձեւակերպվել, ասելիքն ուրիշ է եղել:

- Սասուն Միքայելյանը շատ պարզ ու հասկանալի ասաց, նույնիսկ նշեց, որ գուցե ինքը գաղտնի տվյալներ է հրապարակում:

- Գուցե ես էլ հիմա պետական գաղտնի ինֆորմացիա եմ հայտնում, բայց ես էլ ասում եմ, որ մեր սահմանները հսկվում են զինվորների կողմից, եւ մենք որեւէ խնդիր չունենք:

- Սասուն Միքայելյանը ճի՞շտ չէր, երբ ասում էր՝ խնդիր ունենք, չեն հերիքում:

- Բնականաբար՝ ոչ, ես դրա համար շեշտում եմ, որ Սասուն Միքայելյանը գուցե ինչ-որ դրվագով ինչ-որ բանի մասին է խոսում:

- Մենք ունե՞նք հիմա խնդիր՝ սահմանը պահելու, թե՞ ոչ:

- Ոչ, բնականաբար:

- Իշխանությունը հատկապես վերջին ժամանակներում մշտապես «ներքին թշնամիներ» է փնտրում, ֆեյք լուրերի դեմ պայքարում, հիմա սա չե՞նք կարող ընդունել նման մի հայտարարություն, որը նաեւ պետության անվտանգությանն է ուղղված, ի վերջո, մեր հակառակորդները կարող են օգտվել դրանից:

- Պաշտպանության ոլորտը լուրջ ոլորտ է, այո, մեզ հետեւում են ոչ միայն երկրի սահմաններում, այլեւ դրանից դուրս: Հիմա, որ դուք ասում եք՝ իշխանության ներկայացուցչի հայտարարությունից հակառակորդը կարող է վտանգավոր եզրակացություն անել, ես էլ ուրիշ հայտարարություն եմ ասում: Ես էլ ասում եմ, որ մեր սահմաններն ամուր պաշտպանված են, եւ ընդհանրապես կարծում եմ՝ մեր հակառակորդները 2016 թվականի ապրիլին ծանոթացել են մեր զինված ուժերի մարտունակությանը ու մեր տղաների փորձառությանը եւ գիտեն, որ սահմանները հսկվում են բարձր, պատշաճ մակարդակով, եւ գայթակղությանը չեն տրվի ու չեն փորձի դա: Ավելին ասեմ, ապրիլյան պատերազմից հետո շատ ավելի բարձր մակարդակի են հսկվում մեր սահմանները, օրեցօր ամրանում են մեր ինժեներական դիրքերը, եւ լավացման պրոցեսներ են տեղի ունենում:

- Ի վերջո, Սասուն Միքայելյանը պատահական մեկը չէ, որ ասում եք՝ միգուցե ուրիշ իմաստով է ասել, այլ բան եք հասկացել։ Դուք՝ որպես պաշտպանության հանձնաժողովի անդամ, խոսե՞լ եք, Ձեզ բացատրե՞լ է, թե ինչ նկատի ուներ, չէ՞ որ այդ հայտարարությունից հետո ակտիվ քննարկումներ կան:

- Անկեղծ ասած՝ չեմ հասցրել խոսել, բայց հայտարարություն է եղել, ու մենք կոնկրետ չգիտենք, թե ինչ է նկատի ունեցել: Ես հստակ ասում եմ, թե ես ինչ նկատի ունեմ: Իսկ գուցե պարոն Միքայելյանը նկատի ուներ, որ եթե վեց ամիսը երկարաձգենք մեկ տարով եւ հետ պահենք հսկա զորք, մենք այդ ժամանակ խնդի՞ր կունենանք:

- Բայց Միքայելյանը շեշտում էր՝ այսօր ունենք այդ խնդիրը:

- Հիմա Դուք ինձնից ի՞նչ եք ուզում լսել:

- Ուզում եմ իմանալ՝ երբ այս հայտարարությունն անում է իշխանության ներկայացուցիչը, դա համապատասխանո՞ւմ է իրականությանը, եթե ոչ՝ ի՞նչ է հետեւելու դրան: Դուք միշտ պետության «թշնամիներին» փնտրում եք լրատվամիջոցների, ֆեյքերի դաշտում, հիմա պարզվում է՝ ձեր միջից են:

- Մենք չենք փնտրում, մենք փաստերն ենք արձանագրում:

- Այս դեպքով էլ կարձանագրեք:

- Ես էլ Ձեզ ասացի՝ պարոն Միքայելյանից հարցրեք, թե ինչ է ուզեցել ասել, հիմա Դուք ինձ կտտանքների եք ենթարկում: