Խաղաղություն Ադրբեջանի հետ. մի՞ֆ, թե՞ ուղեղի մորմոք

Խաղաղություն Ադրբեջանի հետ. մի՞ֆ, թե՞ ուղեղի մորմոք

Տոներն ավարտվեցին, եկավ ՀՀ իշխանությունների եւ հայրենի ընդդիմության լրջանալու պահը: Լրջանալ է պետք եւ մոռանալ, որ երբեւէ հնարավոր է խաղաղության պայմանագիր կնքել Ադրբեջանի հետ: Դա միֆ է, չի լինելու նման բան: Ինչպես Մերձավոր Արեւելքն է խաղաղվել, այնպես էլ Հարավային Կովկասը կխաղաղվի, այսինքն՝ այս տարածաշրջաններում խաղաղություն, որպես այդպիսին, չի լինելու: Կրակի ժամանակավոր դադարներ՝ ահա այն առավելագույնը, որի վրա կարող են հույս դնել այստեղ ապրող ժողովուրդները:

Ակնհայտ բան է, որ եթե միջուկային գերտերությունները գան համաձայնության, աշխարհի ոչ մի անկյունում պատերազմ չի լինի: Հակառակ պարագայում պատերազմներն անխուսափելի են: Առաջին եւ երկրորդ համաշխարհային պատերազմներից բազմաթիվ չլուծված հարցեր են մնացել, որոնց լուծումը կախված էր պատերազմներում հաղթած պետություններից՝ դաշնակիցներից: Այդ հարցերը, սակայն, չեն լուծվել հենց դաշնակից պետությունների անհամաձայնությունների պատճառով: Վերցնենք թեկուզ Հայկական հարցը: Այն պետք է լուծվեր Առաջին համաշխարհային պատերազմից հետո՝ Սեւրի դաշնագիր, Վիլսոնի քարտեզ, հայ-թուրքական սահմանի հստակեցում, հայկական հողերի միավորում եւ այլն, եւ այլն: Դա տեղի չունեցավ բազմաթիվ պատճառներից թերեւս ամենակարեւորի՝ դաշնակիցներ ԱՄՆ-ի, Անգլիայի, Ֆրանսիայի եւ Խորհրդային Ռուսաստանի միջեւ անհամաձայնությունների արդյունքում: Շատերն այսօր դա բացատրում են Թուրքիայի՝ այն ժամանակ վարած ճկուն քաղաքականությամբ, բայց դա այդպես չէ:

Համաձայնության չեկած դաշնակիցներն ընդամենը խաղարկում էին Թուրքիայի ֆակտորը՝ ամեն մեկն իր ազդեցության ոլորտն ու ծավալները մեծացնելու նպատակով: Եվ տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ՝ Հայաստանը բաժանվեց երկու մասի՝ Արեւմտյան եւ Արեւելյան։ Առաջինը՝ արեւմտյան դաշնակիցների տիրապետության տակ, երկրորդը՝ նրանց արեւելյան միակ դաշնակցի՝ Խորհրդային Ռուսաստանի: Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտին կրկին բարձրացավ Հայկական հարցը եւ կլուծվեր հաշված օրերի ընթացքում, բայց կրկին դաշնակիցների միջեւ գլուխ բարձրացրեց սեփական շահերով պայմանավորված անհամաձայնությունը: Եվ դարձյալ պնդումներ կան, թե Թուրքիայի վարած ճիշտ քաղաքականությունն էր պատճառը, որ խորհրդային բանակը չմտավ Արեւմտյան Հայաստան: Թուրքիան, հիշենք, պատերազմ հայտարարեց ֆաշիստական Գերմանիային եւ անցավ դաշնակիցների կողմը: Դա, սակայն, շատ թույլ փաստարկ է: Թուրքիան երբեք ֆաշիստական Գերմանիայի աջակիցը չի եղել: Թուրքիայի թույլ բանակը երբեք եւ ոչ մի ճակատում դաշնակիցների դեմ չի կռվել, Թուրքիան որեւէ ինքնուրույն օպերացիա չի իրականացրել Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ՝ նախընտրելով չեզոքությունը: «Թուրքիան 1941թ. հունիսի 18-ին պայմանագիր էր ստորագրել Գերմանիայի հետ` դրանով իսկ խախտելով խորհրդա-թուրքական պայմանագիրը (վերջին անգամ այն երկարաձգվել է 1935թ., Էդ. Ա.): Թուրք-գերմանական փաստաթղթի ստորագրումից չորս օր անց` 1941թ. հունիսի 22-ին, Գերմանիան հարձակվեց ԽՍՀՄ-ի վրա, որից անմիջապես հետո` հունիսի 25-ին, Մոսկվայում Թուրքիայի դեսպան Հ. Աքթայը ԽՍՀՄ արտգործնախարարությանը պաշտոնապես հայտարարեց իր երկրի չեզոքության մասին»,- սա է պատմական փաստը: «Չեզոք Թուրքիան», սակայն, ձեռքերը ծալած չէր նստել եւ ակտիվ առեւտրի մեջ էր թե՛ Գերմանիայի եւ թե՛ ԽՍՀՄ մյուս «դաշնակիցների»՝ ԱՄՆ-ի եւ Անգլիայի հետ: Թուրքիայի ամբողջ հաշվարկը հենց այն էր, որ հաղթանակից հետո դաշնակիցները չեն կարողանալու համաձայնության գալ իր տարածքի վերաբաժանման, հետեւաբար՝ նաեւ Սեւրի դաշնագրի կյանքի կոչման հարցում:

Այսօր էլ Թուրքիան ինքնուրույն չի տնօրինում իր քաղաքականությունը Հարավային Կովկասում: Այն հաջողությունները, որ ունի թուրք-ադրբեջանական տանդեմը, ժամանակավոր բնույթ են կրում եւ մեծապես պայմանավորված են գերտերությունների ներկա փոխհարաբերություններով եւ աշխարհում ընթացող զարգացումներով՝ նոր խաղացողների ի հայտ գալով, համաշխարհային ընդերքի վերաբաշխման նոր միտումներով եւ այլն: Ոչ ոք չի կարող ասել, թե ծանրության նժարն ի վերջո որ կողմ կթեքվի՝ դեպի Արեւմո՞ւտք, թե՞ դեպի Արեւելք: Իսկ ամենահավանական տարբերակն էլ այն է, որ գերտերություններն ինչ-որ պահի կկանգնեն՝ շունչ քաշելու եւ իրենց նոր ձեռքբերումները կապիտալիզացնելու համար: Իսկ որ նրանք ձեռքբերումներ կունենան այս ամենից հետո, դա միանշանակ է: Մնում միայն հասկանալ, թե ովքեր են լինելու կորցնողները: Հայաստանը, անշուշտ, դրանց շարքում է: Մենք արդեն կորցրել ենք Արցախը, մեր սուվերեն տարածքի մի մասը ու դեռ կանգնած ենք նոր կորուստների շեմին: Մեզ լուրջ փոփոխություններ են անհրաժեշտ, այլապես պարտությունների ու կորուստների շարքն անվերջանալի կլինի: Դա պետք է հասկանան թե՛ ՀՀ իշխանությունները եւ թե՛ ընդդիմությունը: Պետք է լրջանալ: Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագիր ասվածը միֆ է, ուղեղի մորմոք, թե, ահա, Ադրբեջանի հետ պայմանագիր կկնքենք եւ հանգիստ կապրենք: Այդ պայմանագրի ոտքերը շատ կարճ են, ճիշտ այնքան, որքան կարճ են Թուրքիայի եւ Ադրբեջանի ոտքերը՝ մեծ քաղաքականության մեջ: