Արարատ բանկը հրաժարվում է վերադարձնել գումարը

Արարատ բանկը հրաժարվում է վերադարձնել գումարը

Դեկտեմբերին անդրադարձել էինք Արարատ բանկից տուժած միայնակ թոշակառու Անահիտ Եղիազարյանի խնդրին, որի կուտակած 123 հազար դրամն ու մոտ 2 մլն դրամ ավանդը բանկը հափշտակել էր։ Գումարը «Մոբայլ Բանկինգ» բջջային հավելվածով հասել էր «Աջարաբեթ» ու սառեցվել։ Թոշակառուի հաղորդման հիման վրա ՀՀ ՆԳՆ ոստիկանության Վաղարշապատի բաժնում քրեական վարույթ է սկսվել, գործն ուղարկվել ՔԿ կիբերհանցագործությունների բաժին, Եղիազարյանին ճանաչել են տուժող։

Մեր հրապարակումից հետո բանկի Էջմիածնի մասնաճյուղից տիկին Անահիտին կանչել, գործարք են առաջարկել՝ եթե կայքից հեռացնել տաս հոդվածը, մի բան կանենք։ Կինը ճշտելու համար` իրո՞ք հոդվածը հեռացնելուց հետո հարցը կլուծվի, դիմել է մասնաճյուղի ղեկավարությանը, ասել են` ոչնչով օգնել չենք կարող։ Ստիպված դեկտեմբերին դիմել է Արարատ բանկ՝ ֆինանսական օգնության խնդրանքով։

«Առողջական լուրջ խնդիրներ ունեմ, պետք է վիրահատվեմ` փող չունեմ։ Հույս ունեի՝ բանկին պահ տվածով կվճարեմ վիրահատման ծախսերը, ի՞նչ իմանայի, որ կոպեկ-կոպեկ հավաքածս գումարն «Աջարաբեթի» բաժին կդառնա։ Զգացողություն ունեի, որ բանկը, որպես հավատարիմ հաճախորդի, կընդառաջի, չի մերժի խնդրանքս, այստեղ էլ խաբվեցի»,- ասաց տիկին Անահիտը։ Միայնակ թոշակառուի դիմումը մերժել են՝ ֆիզիկական անձանց օգնություն տրամադրելու ծրագիր չունենք։ «Երբ ավանդ եմ դնում, չեն ասում՝ ֆիզիկական անձ է, միայնակ թոշակառու է, հավեսով ընդունում ու անամոթաբար հափշտակում են, երբ օգնություն եմ խնդրում, դառնում եմ ֆիզիկական անձ, մերժվում»։