«Հրապարակ». Իրական պահանջարկն անգամներով շատ է մեր կառուցած անշարժ գույքի քանակից

«Հրապարակ». Իրական պահանջարկն անգամներով շատ է մեր կառուցած անշարժ գույքի քանակից

Հարցազրույց Defanse Housing բնակելի թաղամասի հիմնադիր-տնօրեն Կարեն Կարապետյանի հետ

- Տեւական ժամանակ է՝ մեկնարկել է «Դեֆանս» թաղամասի կառուցապատումը, դրա շուրջ բուռն քննարկումներ եւ լեգենդներ են հյուսվում: Նախ ուզում ենք իմանալ, թե ինչով է պայմանավորված «Դեֆանս» անվանումը, կառուցապատման ի՞նչ խնդիրներ է իր առջեւ դրել Ձեր ընկերությունը:

- «Դեֆանս» անվանումը միտված է՝ արտահայտիչ նկարագրելու ժամանակակից քաղաքի ոճը, գործարար միջավայրի եւ բնակելի թաղամասի համակցումը մեկ վայրում, ինչպիսին Փարիզի «Դեֆանս» թաղամասի մոդելն է` անփոփոխ թողնելով հին քաղաքի ճարտարապետությունը, ստեղծելով ժամանակակից պահանջներին համապատասխան նոր միջավայր: Կարեւոր է նշել, որ Երեւանի ավագանու որոշմամբ 2022 թվականի հոկտեմբերի 18-ին Տիչինայի 320 հասցեում կառուցվող նոր թաղամասն անվանակոչվել է «Դեֆանս Հաուզինգ»՝ ստանալով իրավական կարգավիճակ, ինչը եզակի է իր նշանակությամբ եւ կարգավիճակով: Փոքր կենտրոնից քիչ հեռու ստեղծվում է 21-րդ դարի պահանջներին համապատասխանող, կենսապահովման լավագույն ցուցանիշներով, անվտանգ եւ հարմարավետ նոր միջավայր: Ամբողջ կառուցապատման հիմնական առանձնահատկությունն այն է, որ 140 հա տարածքով թաղամասում պրեմիում դասի բնակելի շենքերի կառուցապատման մակերեսն ընդամենը 25 տոկոս է, ինչն  աննախադեպ ցուցանիշ է: Շինարարության առաջին իսկ օրվանից թաղամասում հիմնվում են շուրջ 24 հա մակերեսով կենտրոնական անտառ-պուրակ, թվով 5 շատրվանային կոմպլեքսներ: Բացի այդ, շենքերին հարակից տարածքներում եւ միջբակային հատվածներում եւս կլինեն մոտ 25 հա մակերեսով կանաչապատ գոտիներ՝ ապահովելով որակյալ էկոհամակարգ: Ստեղծվում են լավագույն որակի կոմունիկացիոն ենթակառուցվածքներ. թաղամասն ապահովված է լինելու գազով, Ապարանի մաքուր ջրով, հզոր էներգետիկ համակարգով՝ իր բազմաթիվ ենթակայաններով, առանձին կոյուղատար համակարգով: Թաղամասում կառուցվում են ներքին ճանապարհային ցանց եւ արտաքին ճանապարհային ցանցին միացող 5 հանգույցներ՝ առնվազն 15 մետր լայնությամբ: Ընկերության համար կարեւոր է շենքերի սեյսմակայունությունը։ Թաղամասը գտնվում է 200 մետր խորությամբ բազալտե շերտի վրա, իսկ շենքերը կառուցվում են 1.4 մետրանոց երկաթբետոնյա հիմնային սալերի վրա: Գրագետ կոնստրուկտորական լուծումների շնորհիվ սեյսմակայունությունը 9 բալ եւ ավելի է:

- Եկեք ընթերցողին ներկայացնենք, թե ինչ ճարտարապետական լուծումներ են տրված թաղամասին:

- Թաղամասի կառուցապատման փիլիսոփայությունն աննախադեպ է: Կառուցապատման գործընթացում հնարավոր սխալները բացառելու համար, կառուցապատմանը նախորդած՝ ճարտարապետական նախագծման շրջանում ընկերությունը գոտիավորման նախագիծը պատվիրել է «Հայնախագիծ» ընկերության 6 ճարտարապետական արվեստանոցներին, որտեղ ստեղծվել է գոտիավորման նախագիծը: Միաժամանակ ձեւավորվել է ճարտարապետա-կոնստրուկտորական խորհուրդ՝ Հայաստանի 10 անվանի ճարտարապետների մասնակցությամբ՝ Հրաչյա Պողոսյան, Նարեկ Սարգսյան, Արթուր Մեսչյան, Ռազմիկ Մինասյան, Ալիկ Զուրաբյան եւ այլք: Հայաստանի ճարտարապետության զարգացման գործում մեծ ավանդ ունեցող ճարտարապետների տեսակետների համատեղմամբ ստեղծվել է «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի գոտիավորման նախագիծը՝ ուղղված քաղաքաշինական միջավայրի համաչափության պահպանությանն ու կատարելագործմանը, ինչպես նաեւ ճարտարապետական եւ լանդշաֆտային ձեւավորմանը: Փորձ է արվել հաշվի առնել աշխարհում նմանատիպ կառուցապատման օրինակները՝ Փարիզ, Միլան, Մյունխեն եւ այլն: 6 ամիս շարունակ ծավալված նախագծային քննարկումների արդյունքում, մեր համոզմամբ, ստեղծվել է Երեւանի կարիքներին, պահանջներին համապատասխանող գոտիավորման նախագիծ: Հետագայում ճարտարապետական նախագծի իրականացումը հանձնարարվեց «Ֆուլ Արտ» եւ «Չափ» ընկերությունների ճարտարապետներին՝ Արբակ Վարդանյանի գլխավորությամբ, ովքեր մշտապես պահպանում են խորհրդատվական կապը ճարտարապետա-կոնստրուկտորական խորհրդի մեծանուն ճարտարապետների հետ:

- Թաղամասը նախատեսված է շուրջ 45 հազար բնակչի համար: Արդյոք կա՞ նման պահանջարկ, ինչպե՞ս եք գնահատում անշարժ գույքի շուկայի ակտիվությունն այս պահին:

- «Դեֆանս Հաուզինգ Ինվեստ» ընկերության նախաձեռնությամբ, մինչ կառուցապատումը, «Ամերիա» խորհրդատվական ընկերությունն իրականացրեց անշարժ գույքի շուկայի պահանջարկի, այդ ոլորտի զարգացման վրա ազդող մակրոտնտեսական եւ սոցիալ-ժողովրդագրական նախադրյալների, շինարարության վերաբերյալ ուսումնասիրություն: Այն տեւեց շուրջ 6 ամիս եւ, բացի Երեւանից, ընդգրկել էր նաեւ Հայաստանի մարզերի՝ անշարժ գույքի շուկայի զարգացման վերլուծությունը: Կազմվել էր պահանջարկի քանակային ցուցանիշի որոշակի պատկեր, որից պարզ էր դարձել, որ իրական պահանջարկն անգամներով շատ է մեր նախագծով նախատեսված անշարժ գույքի քանակից:

- Դուք աննախադեպ չափերի ինվեստիցիոն ծրագիր եք իրականացնում, մեր տարածաշրջանում աշխարհաքաղաքական զարգացումները մարտահրավերներ չե՞ն առաջացնում ընկերության համար:

- Աշխարհաքաղաքական տարատեսակ զարգացումները թողնում են ազդեցություն ինչպես անշարժ գույքի, այնպես էլ երկրի տնտեսության այլ ճյուղերի վրա: Ունենք մեծ համոզմունք, որ իրավիճակը մոտ շրջանում կկայունանա, եւ մեր երկրի տնտեսական աճի տեմպն էլ ավելի կարագանա: Ընկերությունը, դեռեւս նախագծի քննարկման փուլում, իրականացրել է հատուկ կանխարգելիչ միջոցառումներ՝ ուղղված նախագծի ֆինանսական անվտանգային համակարգերի ստեղծմանը եւ նրա հուսալի պաշտպանությանը:

- Այժմ «Դեֆանս Հաուզինգում» 1 քմ-ի վաճառքն իրականացվում է՝ սկսած 470 հազար դրամից. ինչո՞վ է գնագոյացումը պայմանավորված, եւ ինչպիսի՞ փոփոխություններ կարող են լինել առաջիկայում:

- Խորհրդատվական ընկերության հետ մշակված կառուցապատման ֆինանսական մոդելը կազմված է շինարարական ընթացքի մեթոդաբանությամբ՝ գների դինամիկ փոփոխություններով, որի հաշվարկի հիմքում դրված է միջին կշռված արժեքը: «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի անշարժ գույքի գնագոյացման մասին խոսելիս պետք է ընդգծել, որ կառուցվում են ոչ միայն բուն բնակելի շենքերը, այլեւ՝ թաղամասի բոլոր ինժեներական եւ կոմունիկացիոն ենթակառուցվածքները: Թաղամասում կառուցվում են ներքին ճանապարհային ցանցեր: Բացի այդ, կենտրոնական անտառ-պուրակը, շատրվանային կոմպլեքսները եւ բնակելի շենքերին հարակից կանաչապատ գոտիները ստեղծելու են որակյալ էկոհամակարգ թաղամասի բնակիչների համար: Այս ամենն արժենալու է մոտ 200 միլիոն դոլար, որն իր մասնաբաժինն ունի թաղամասի անշարժ գույքի գնագոյացման մեջ:  

- Մենք տեղեկացանք, որ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասի կառուցումն իրականացվում է 140 հեկտարի վրա, բայց բնակելի շենքերի կառուցապատումը ընդամենը 25 տոկոս է, մնացածը լինելու են ներքին ճանապարհներ, անտառ-պուրակ, կանաչապատ գոտիներ, ինժեներական ենթակառուցվածքներ․ մի քիչ մանրամասնեք, խնդրեմ:

- Նախագծի առաջին փուլով 43 հեկտար տարածքի վրա կառուցապատվում են 66 բնակելի շենքեր, ինչպես նաեւ դպրոցներ, մանկապարտեզներ։ Շենքերի բլոկային հատվածում միջբակային տարածքները կազմելու են ոչ պակաս, քան 10 հազար քառակուսի մետր, իսկ շենքերի հեռավորությունը միմյանցից՝ մոտ 100 մետր։ Միջթաղամասային եւ արտաքին ճանապարհային ցանցին միացող երթեւեկելի ճանապարհները 100 հազար քառակուսի մետրից ավելի  մակերեսով են, իսկ Երեւանի կենտրոնին կապող 5 միացման հանգույցներով երթեւեկելի ճանապարհները ոչ պակաս, քան 15 մետր լայնության են: «Գազպրոմ-Արմենիա», «Վեոլիա ջուր», «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ընկերությունների հետ համագործակցության շրջանակում կառուցապատողի կողմից իրականացվելու են տասնյակ միլիոն դոլարների ինվեստիցիաներ, որի շնորհիվ «Դեֆանս Հաուզինգ» թաղամասն ապահովվելու է գազով, Ապարանի մաքուր ջրով, կառուցվելու է 220 կիլովոլտի հզոր ենթակայան, որի դեպքում տեխնիկապես անհնար են լինելու էլեկտրաէներգիայի ընդհատումները։    

- Նախագծի մեկնարկին նախատեսվում էր, որ թաղամասի առաջին փուլի շինարարությունը կավարտվի 2025-ի վերջին. ի՞նչ կանխատեսումներ ունեք այժմ, ի՞նչ ծավալի աշխատանքներ են կատարվել:

- Այո, հիմա էլ վերահաստատում ենք, որ թաղամասի շինարարության առաջին փուլի ավարտը նախատեսվում է 2025 թվականի վերջին: Կառուցապատումն իրականացվում է համաձայն շինարարական գրաֆիկի: Ելնելով եղանակային պայմաններից՝ հնարավոր են շինարարության ուղղությունների փոփոխություններ: Մեզ համար կարեւոր է նախատեսված ժամկետներում իրականացնել կառուցապատումը՝ գերակա համարելով որակի պահպանումը:

- Ինչպե՞ս է ընկերությունը համագործակցում պետական կառույցների հետ:

- Ընկերությունը, հանդիսանալով Հայաստանում ամենախոշոր կառուցապատող կազմակերպությունը, մշտապես գտնվում է պետության ուշադրության կենտրոնում: Համագործակցությունը պետական մարմինների հետ իրականացվում է փոխադարձ վստահության մթնոլորտում:

Արեգ Մարգարյան