Մինչև փտած կոռուպցիոներները դուրս չգան բուհերից, որևէ բան չի փոխվելու

Մինչև փտած կոռուպցիոներները դուրս չգան բուհերից, որևէ բան չի փոխվելու

Երեկ ԱԺ-ում տեղի ունեցան «Բարձրագույն կրթության եւ գիտության ոլորտի օրենսդրական բարեփոխումներն ու հիմնախնդիրները» թեմայով լսումներ, որին մասնակցում էին օրենսդիրներ, կրթության ոլորտի մասնագետներ, ինչպես նաեւ թեմայով հետաքրքրված քաղաքացիներ։

ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, սպորտի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Հովհաննես Հովհաննիսյանի կարծիքով, փաստաթուղթը հեղափոխական բնույթի նախագիծ է, եւ ինքը ցավում է, որ մի շարք դրական փոփոխություններ անտեսվել են, ու հիմնական շեշտադրումը կատարվել է հայագիտական առարկաների դասավանդման վրա։ Այդուհանդերձ, որեւէ մեկը չի հանդգնի ասել, որ օրենքի նախագիծը փայլուն է, եւ աշխատելու տեղ չկա։ Այդ առումով մի քանի առաջարկ էլ նա ունի, օրինակ՝ քննությունների առավել ճկուն համակարգի ներդրումը: Հովհաննիսյանը կարծում է նաեւ, որ մենք այնքան էլ պատրաստ չենք ԲՈԿ-ի լուծարմանը․ «Այս անցումային փուլում ԲՈԿ-ը գոնե պետք է պահպանվի, կարողանա իր գործառույթներն իրականացնել, որից հետո, երբ համալսարանները պատրաստ կլինեն, կհասնենք նաեւ դրան»։ Ինչ վերաբերում է բարձրագույն կրթական համակարգի կառավարման մոդելին, ապա Հովհաննիսյանը մեջբերում է վարչապետի գնահատականը, ըստ որի՝ ճիշտ որոշում է բուհերի ղեկավարներին մեկ ժամկետով կամ մի քանի տարի ժամանակով նշանակելը։

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն էլ իր ելույթում նշեց, որ այս ընթացքում արված առաջարկների մեծ մասը քննարկվել է, մի մասն էլ՝ ընդունվել․ «Օրենքի հիմնական նպատակը բուհի եւ գիտության ու հետազոտության ինտեգրումն է։ Ինչու են այսքան խմբեր մտահոգություններ հայտնում, իսկ քննարկումները բուռն անցնում, որովհետեւ մենք ունեցել ենք տասնամյակներով կարծրացած համակարգ, եւ հիմա այս օրենքը դիպչում է յուրաքանչյուր խմբի շահերին»։ Հարությունյանի կարծիքով՝ հիմա իրենք ունեն բավարար կամք եւ հրաժարվում են բուհական համակարգում կոսմետիկ փոփոխություններ անելուց։

«Օրենքում այն հատվածը, որ վերաբերում է գիտությանը, բավականին հակիրճ է, համեստ, բայց հիմնական խնդիրներն արծարծված են»,- ասում է ԳԱԱ նախագահ Ռադիկ Մարտիրոսյանն ու նկատում, որ նախարարի եւ նախարարության հետ 2 անգամ քննարկել է օրենքի դրույթները եւ կարող է ասել, որ քայլ առ քայլ առաջ են գնում։ Ըստ նրա՝ օրենքի թե՛ աշխատանքային տարբերակը, թե՛ նախագիծը լայն քննարկման է դրվել, բայց եթե փոփոխություններն այնպիսին են, որ հասցնում են դժվարությունների եւ լրացուցիչ ջանքերի, նշանակում է, որ այդ փոփոխություններն արվել են զուտ փոփոխությունների համար։

ԳԱԱ պատմության ինստիտուտի տնօրեն Աշոտ Մելքոնյանն առանձնապես մեծ տարբերություն չի տեսել օրենքի աշխատանքային եւ նախագծային տարբերակի միջեւ, եւ այն դիտողությունները, որ գիտական շրջանակներում արվել էին, կարելի է ասել՝ հաշվի չեն առնվել․ «Ինձ համար ե՛ւ ելույթներից, ե՛ւ փաստաթղթից պարզ չէ Գիտությունների ակադեմիայի կարգավիճակի հարցը։ Տարիներ առաջ Վրաստանի ԳԱԱ-ում փոփոխություններ եղան, եւ վերակազմավորվեց ակադեմիան, ինստիտուտները տարվեցին բուհեր։ Վրաստանից ակադեմիկոս Միխայիլ Քուրդիանին այդ ժամանակ ինձ զանգահարեց եւ ասաց՝ մեր գիտությունը մեռավ, որովհետեւ մենք այլեւս Գիտությունների ակադեմիա չունենք։ Հիմա խոսվում է այն մասին, որ գիտահետազոտական ինստիտուտների ինքնավարությունը պետք է ավելացնել, ես էլ դրան 2 ձեռքով կողմ եմ, բայց եթե բուհերի կառավարման խորհուրդներում 6/6 տարեբերակ կա, ապա գիտահետազոտական ինստիտուտի ղեկավարը նշանակվում է կառավարման խորհրդի կողմից, որի 5 անդամները կառավարության կողմից են նշանակվում, 4-ին էլ առաջադրում է գիտական խորհուրդը, իսկ նման պայմաններում խոսել ինքնավարության մասին՝ անհնարին է։ Եթե ակադեմիական ինստիտուտներն իրարից կտրենք ու տանենք միացնենք բուհերին, կհայտնվենք նույն Ղազախստանի ու Վրաստանի վիճակում։ Նույնը՝ նաեւ գիտական աստիճանների վերաբերյալ․ այսքան քննադատվեց, որ մեզ մոտ գիտության դոկտորներն ու հատկապես թեկնածուները շատ են, հիմա այս օրենքով ինձ համար պարզ չէ, եթե PHD-ն դառնում է միանգամից նույն գիտության դոկտորը, սա նշանակում է, որ գիտաշխատողի մոտ մոտիվացիան պակասում է, որը թեկնածու դառնալուց հետո դառնում է դոկտոր, եւ դոկտորների թիվն էլ մեզ մոտ միանգամից կավելանա։ Պարզ չէ նաեւ՝ բոլոր թեկնածուներն ավտոմատ դառնում են դոկտո՞ր, թե՞ ոչ»։  

Ակադեմիկոս Յուրի Սարգսյանն էլ ամբիոնից բարձրաձայնեց․ ի՞նչ սպասելիքներ ունենք այդ օրենքից․ «Օրենքն անհրաժեշտ հիմքեր է ստեղծում բարձրագույն կրթության համակարգում կատարված կառուցվածքային փոփոխությունների վերհանման եւ ճշգրտող ռեստարտի համար։ Գաղտնիք չէ, որ տարիներ շարունակ, այսպես կոչված, Բոլոնիայի ռեֆորմները մեզ մոտ ձեւական բնույթ են կրել եւ չեն ունեցել որեւէ էական ազդեցություն բարձրագույն կրթության ռեալ իրավիճակի, ուսուցման որակի վրա։ Այս առումով կառուցվածքային ռեֆորմների համակարգային ռեստարտն անհրաժեշտություն է։ Նախագիծը զերծ չէ նաեւ թերություններից, լավ կլիներ՝ օրենքի քննարկման շրջանակներում դիտարկվեր բարձրագույն կրթության եւ գիտության ազգային խորհրդի ստեղծման հնարավորությունը։ Նման կառույցներ կան գրեթե բոլոր եվրոպական երկրներում։ Իմ եւ պոլիտեխնիկի եզրակացությունն այս նախագծի վերաբերյալ դրական է»,- հավելեց նա։

«Ռեստարտ Գյումրի» նախաձեռնության համակարգող Գեւորգ Ղուկասյանն առաջարկեց գալ Շիրակի պետական համալսարան եւ տեսնել, թե ինչ վիճակ է, ովքեր են մնացել բուհում ու ինչով են զբաղված․ «Քանի՞ տարի է պետք մեզ՝ հասկանալու համար, որ բուհերը զավթված են, եւ առանց դրանք ազատագրելու հնարավոր չէ բարեփոխումներ իրականացնել։ Ինչ օրենքի նախագիծ էլ ուզում է քննարկենք, մինչեւ բուհերը չազատագրվեն, մինչեւ այդ փտած կոռուպցիոներները դուրս չգան բուհերից, որեւէ բան չի փոխվելու։ Ինչպես շատ բուհերում, այնպես էլ մեր բուհում կառավարման կրիզիս է։ Սա խոսում է նրա մասին, որ բուհերը պատրաստ չեն ինքնակառավարման։ Շիրակի պետական համալսարանում կրթական մենեջմենթը զրո է։ Բոլորս գիտենք, որ ՈւԽ-ները զավթված են, եւ առանց կոշտ միջամտության որեւէ բան հնարավոր չէ փոխել կրթական համակարգում»։   

ԱԺ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը բարձրաձայնեց բուհերում հայագիտական առարկաների պարտադիր դասավանդման հարցը։ «Ձեր քայլը կլիներ ընդունելի, եթե մենք դպրոցներում ունենայինք հայոց լեզվի, հայոց պատմության եւ հայ գրականության դասավանդման այն որակը, որ բուհերում անհրաժեշտ չլիներ ապահովել դրանց պարտադիր ուսուցումը։ Եկեք նախ հանրակրթական ավագ դպրոցներում ապահովենք հայոց լեզվի այն մակարդակը, որ քննության ժամանակ չասեն՝ Նապոլեոնը տորթ է, Սասունցի Դավիթն էլ՝ արձան, «մեղանչել» բառն էլ չասոցացվի «ապաշխարել» բառի հետ, այսինքն՝ ապահովենք կրթական անհրաժեշտ մակարդակը հանրակրթական դպրոցներում, նոր մտածենք այս քայլի մասին»,- ասաց նա ու հավելեց, որ ինքն անձամբ կողմ կլիներ, եթե բուհերում դասավանդվեր լեզվամտածողություն։