Եթե մենք միավորված չենք մեկ գաղափարի շուրջ, աշխարհը մեզ չի հավատա

Եթե մենք միավորված չենք մեկ գաղափարի շուրջ, աշխարհը մեզ չի հավատա

Երեկ ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց արցախցիները կրկին բողոքի ակցիա էին իրականացնում: Ակցիային մասնակցում էր նաեւ Ամարասի վանահայր Տեր Սեպուհ քահանա Հակոբյանը: Մենք մի քանի հարց ուղղեցինք նրան:

- Տեր հայր, Դուք եւս այսօր Ձեր բողոքի ձայնն եք բարձրացնում ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց: Իրավիճակից դուրս գալու ելքը ո՞րն է` Ձեր կարծիքով:

- Մեր հայրենակիցների համախմբումն առաջնային, կարեւորագույն խնդիր է: Պետք է բոլորս մեկ մարդու պես Աստծո զորակցությամբ համախմբվենք, ապա մեր ձայնը լսելի դարձնենք: ՄԱԿ-ի գրասենյակի դիմաց հավաքվելու նպատակն աշխարհի ուշադրությունը գրավելն է: Պետք է աշխարհին լսելի դարձնենք մեր խնդիրները, որպեսզի աշխարհն իր աչքերը բացի եւ տեսնի, թե ինչ տեսակ խնդիրների առաջ են կանգնել մեր հայրենակիցներն Արցախ աշխարհում:

- Ինչո՞ւ է պետությունն այս աստիճան անտարբեր: Ինչո՞ւ պետական այրերը եւս չեն նպաստում աշխարհի ուշադրությունը գրավելու գործին:

- Չեմ կարող այդ մասին կոնկրետ բան ասել: Գուցե մենք չենք տեսնում կամ չենք լսում, թե ինչքանով են աշխատում: Չեմ կարող այլ բան ասել:

- Արցախում առաջին սովամահության դեպքն է արձանագրվել: Ինչո՞ւ է աշխարհն անտարբեր դարձել:

- Որովհետեւ աշխարհը պետք է նախ տեսնի մարդկանց միավորումը: Այսինքն` եթե մենք միավորված չենք մեկ գաղափարի շուրջ, աշխարհը մեզ չի հավատա: Միակ աղբյուրը, որից կարող է աշխարհը տեղեկություն ստանալ, լրատվամիջոցներն են, սակայն բոլորս սպասում ենք մեկ բանի` համախմբում, միավորում: Եթե բոլորս մեկ գաղափարի շուրջ համախմբվենք, աշխարհն անպայման մեզ կլսի, սակայն մենք չենք համախմբվում, ուստի աշխարհին հետաքրքիր չէ, թե ինչ է կատարվում ՀՀ-ում եւ Արցախում:

- Այդ պարագայում ո՞րն է եկեղեցու դերը: Ունի՞ եկեղեցին անելիք:

- Արցախյան շարժման ժամանակվանից եկեղեցին կանգնած է ժողովրդի կողքին, այսօր էլ Վեհափառ հայրապետի գլխավորությամբ եւ օրհնությամբ փորձում ենք մարդկանց համախմբել: Արցախում գտնվող հայրենակիցներին խնդրում եմ համախմբված լինել, որպեսզի տիրոջ օրհնությամբ մեր գործերն ավելի օգտակար եւ բարի լինեն: