Արցունքներ, ափսոսանք, զեղումներ. սիրելի Վիկտորինը հեռանում է

Արցունքներ, ափսոսանք, զեղումներ. սիրելի Վիկտորինը հեռանում է

2019 թվականի սեպտեմբերի 17-ին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար նշանակված դեսպան Անդրեա Վիկտորինը հեռանում է: Դժվար է առանց հուզվելու հետեւել, թե ինչպես է նրան հրաժեշտ տալիս ՀՀ գործող իշխանությունը: Հրաժեշտի՝ արդեն շաբաթներ ձգվող այս արարողությունը գալիս է հաստատելու այն լուրերը, որ տիկին Վիկտորինը խիստ մեծ դերակատարում ուներ մեր երկրում, եւ ՀՀ տարբեր պաշտոնյաներ նրա հետ էին համաձայնեցնում իրենք քայլերը, ուղղորդվում նրա կողմից, հրահանգավորվում եւ կառավարվում: Մենք ընդամենը փորձեցինք ի մի բերել վերջին օրերի հրաժեշտի արարողությունների խրոնոլոգիան եւ հասկացանք, որ արտերկրից ժամանած որեւէ այլ  պաշտոնյա նման բուռն հրաժեշտի, նման զեղումների չի արժանացել: Եւ առհասարակ, քաղաքակիրթ երկրների դիվանագիտական հարաբերություններում ընդունված չեն որեւէ դեսպանի հետ նման բուռն հրաժեշտի արարողությունները եւ սա լավատեղյակ անձինք անվանեցին աննախադեպ։

Ահա՝ խնդրեմ. ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն օգոստոսի 15-ին ընդունել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Անդրեա Վիկտորինին` «երախտագիտություն է հայտնել Եվրոպական Միության հետ հարաբերությունների ամրապնդման ու խորացման, Հայաստանի կայուն զարգացման գործում դեսպանի ունեցած մեծ ներդրման համար»: Նրա աշխատանքը մեր երկրում անվանել է «սրտացավ»` ուղղված «ժողովրդավարական ինստիտուտների կայացմանը», եւ հատկապես ընդգծել է «դեսպանի անմիջական մասնակցությունն այն ծրագրերին, որոնք ուղղված են՝ աջակցելու Հայաստանի հարավային շրջանների զարգացմանը եւ դիմակայունության ամրապնդմանը»:

Հավանաբար, նկատի է ունեցել Մեղրիի միջանցքը տալուն ուղղված ջանքերին, որը ԵՄ-ն ուղեկցում է Սյունիքում ինչ-որ դրամաշնորհներ տալու հետ, որ մեղմվեն միջանցք տալու վնասները: Եվ վերջում Ալեն Սիմոնյանը «միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման եւ ժողովրդավարության զարգացման գործում ներդրած նշանակալի ավանդի համար» Անդրեա Վիկտորինին պարգեւատրել է ՀՀ ԱԺ Պատվո մեդալով:

Դրանից մի քանի օր առաջ` օգոստոսի 10-ին, Վիկտորինին ընդունել է նաեւ հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը: «Նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպանին Հայաստանի եւ Եվրոպական Միության միջեւ համագործակցության հետագա խորացման ու ընդլայնման, ինչպես նաեւ Հայաստանի, հատկապես՝ հարավային շրջանների զարգացմանն ուղղված ծրագրերի կյանքի կոչման, իրականացվող բարեփոխումների նպաստման գործում ներդրած ջանքերի համար»:

«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել այն մեծ աշխատանքի համար, որ կատարել եք Ձեր պաշտոնավարման 4 տարիների ընթացքում: Իրականում հսկայական աշխատանք եք կատարել, եւ այստեղ Ձեր անձնական ներդրումը մեծ է: Շատ ծրագրեր, որոնք սկսվել են կամ արդեն իրականություն են դարձել, Ձեր նախաձեռնությունների շնորհիվ են: Վստահ եմ, որ Ձեր սկսած գործերը շարունակական կլինեն, որովհետեւ դրանք, իրականում, Հայաստանի զարգացման համար մեծ դեր ու նշանակություն ունեն»,- նշել է Խաչատուրյանը:

Իրար հերթ չտալով` ԵՄ դեսպանին ընդունել են նաեւ ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը, շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը,  տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը, ՄԻՊ Անահիտ Մանասյանը, գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը: Բոլորը սգի մեջ են, հուզված, երախտագիտության խոսքեր են ասում, շեշտում Անդրեա Վիկտորինի դերակատարումը: Մեզ` շարքային քաղաքացիներիս, միանգամայն անհասկանալի է, գուցե` նաեւ հասկանալի, թե որոնք են տիկին Վիկտորինի ներդրումն ու վաստակը, այդ ինչ աշխարհացունց ծրագրեր է նա իրականացրել Հայաստանում, որի մասին մենք չգիտենք: Կարելի է կարծել` Արցախի հանձնումն է կանխել, պատերազմը կանգնեցրել, Լաչինի միջանցքը բացել, Ադրբեջանի ոտնձգությունները կասեցրել, մեր տնտեսության աճին է նպաստել կամ գոնե շենգեն վիզաների ռեժիմն է հեշտացրել: Ոչ, միայն որոշ եվրոպամետ պարազիտ ՀԿ-ների ֆինանսավորումն են ապահովել, պետական կառավարմանը միջամտել եւ պարտադրել, որ Նիկոլ Փաշինյանը համաձայնի կատարել Ալիեւի բոլոր պահանջները` հանձնելով Արցախը:

Բայց նորից հետեւենք, թե մեր բարձրաստիճան պաշտոնյաներն ինչ խոսքերով են հրաժեշտ տվել տիկին դեսպանին: ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, օրինակ, շնորհակալություն է հայտնել դեսպանին իր պաշտոնավարման ընթացքում Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման ու համագործակցության արդյունավետության բարձրացման ուղղությամբ ներդրած ջանքերի համար: «Եվրոպական Միության գործընկերների հետ մենք միշտ հավակնոտ ծրագրեր ենք նախաձեռնել, քանի որ հիմքում փոխվստահության եւ գործընկերային հարաբերություններ են: Եվ այն բոլոր ձեռքբերումները, որ կան այսօր կրթական համակարգում, գիտության ոլորտում, մշակութային եւ երիտասարդական ծրագրերի իրականացմամբ, համատեղ աշխատանքների արդյունք են»,- ասել է նա:

Էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը «բարձր է գնահատել դեսպանի ներդրումը Հայաստանի եւ Եվրամիության միջեւ տնտեսական հարաբերությունների զարգացման եւ Հայաստանում տնտեսության ոլորտի կայունության ապահովման գործում»։ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «շնորհակալություն է հայտնել դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ընթացքում Հայաստան-ԵՄ փոխգործակցությունն առավել զարգացնելու եւ ընդլայնելու ուղղությամբ ներդրած ջանքերի համար»: Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը փաստել է, որ «տիկին դեսպանի հետ աշխատանքային համագործակցության արդյունքում փոխգործակցությունը շրջակա միջավայրի ոլորտում եղել է բավականին սերտ եւ արդյունավետ»։ «ՀՀ-ԵՄ հարաբերությունները շրջակա միջավայրի ոլորտում նշանակալի օրակարգ ունեն. ԵՄ-ն հուսալի եւ կարեւոր գործընկեր է Հայաստանի համար... Կյանքի են կոչվել մի շարք ծավալուն ծրագրեր, մասնավորապես՝ շրջակա միջավայրի պահպանության եւ կլիմայի փոփոխության դեմ պայքարի շրջանակում։ ԵՄ աջակցությամբ ոլորտում իրականացվել են ինստիտուցիոնալ եւ օրենսդրական բարեփոխումներ, տարբեր հարթակների շնորհիվ տեղի է ունեցել ահռելի ծավալի փորձի փոխանակում։ Այս ամենի մեջ, անկասկած, մեծ են Ձեր անձնական ներդրումն ու ջանքը, ինչի համար ընդունեք իմ խորին երախտագիտությունը։ Ձեր նվիրումի եւ կատարած աշխատանքի շնորհիվ ոլորտում համագործակցությունն այնպիսի ամուր հիմքերի վրա է դրվել, որ շարունակությունը եւ հետագա ընթացքը դատապարտված են հաջողության»,- նշել է նա։

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ասել է. «Ձեր դիվանագիտական առաքելությունը մեր երկրում համընկավ ծանր շրջանի հետ` քովիդ, պատերազմ, անվտանգային մարտահրավերներ: Յուրաքանչյուր իրավիճակում բարձր եւ արդյունավետ եմ գնահատում Ձեզ հետ համագործակցությունը»: Գնել Սանոսյանը «բարձր է գնահատել Հայաստանում դեսպանի կատարած աշխատանքը... բազմաթիվ ծրագրերում զգացել ենք Ձեր անմիջական ազդեցությունը», եւ հատկապես շնորհակալություն է հայտնել «2022 թ. սեպտեմբերյան ագրեսիայի ժամանակ դեսպանի ցուցաբերած ակտիվության, հակառակորդի թիրախավորած բնակավայրերում ֆիզիկապես գտնվելու եւ հետագայում այդ հետեւանքները վերացնելու ուղղությամբ ցուցաբերած ջանքերի համար»։ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն էլ է շնորհակալություն հայտնել Անդրեա Վիկտորինին` «Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացման հարցում բացառիկ ներդրման, ակտիվ գործունեության ու սրտացավ մոտեցման համար, եւ հույս հայտնել, որ դեսպանի աշխատանքային հարուստ փորձը նշանակալի ազդեցություն կունենա ԵՄ գրասենյակի հայաստանյան թիմի hետագա աշխատանքում»: Ամենազուսպն Սուրեն Պապիկյանն է եղել` նա շնորհակալություն է հայտնել դեսպանին համագործակցության համար եւ մաղթել հաջողություններ հետագա գործունեության ընթացքում:

ՄԻՊ Անահիտ Մանասյան. «Մեծարգո տիկին Վիկտորին, բարձր եմ գնահատում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում մեր հաստատությունների միջեւ ձեւավորված ամուր համագործակցությունը: Իրականացված աշխատանքներում չափազանց մեծ են Ձեր անձնական ներդրումն ու նվիրվածությունը: Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել հաստատության զարգացմանն ուղղված ԵՄ ջանքերի եւ ծրագրային աջակցության, մարդու իրավունքների տարբեր ոլորտների պաշտպանության, հատկապես ատելության խոսքի, խտրականության դեմ պայքարի, կանանց իրավունքների խթանման ուղղությամբ»:

Այս ամենից հետո զարմանալի չէ, որ իր վերջին հարցազրույցներից մեկում տիկին Վիկտորինն ասել է. «Որոշակի ժամանակ անց միանշանակ կվերադառնամ Հայաստան»։

Արեգ Մարգարյան