«Հրապարակ». «Ուսումնավարժական հավաք» են ասում եւ պահեստազորայիններին առաջնագիծ տանում

«Հրապարակ». «Ուսումնավարժական հավաք» են ասում եւ պահեստազորայիններին առաջնագիծ տանում

Երեկ հայտնի դարձավ, որ վարժական հավաքների մասնակից է գերեվարվել ադրբեջանցիների կողմից։ Նախ ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, թե վարժական հավաքի մասնակիցն ինքնակամ թողել է դիրքը, նա որոնվում է։ Հետո ադրբեջանական կողմը տեղեկություն հրապարակեց հայկական կողմի սադրանքի մասին, ապա ՀՀ ՊՆ-ն հրապարակեց տեսանյութ, որտեղ երեւում է, թե ինչպես են ադրբեջանցիները ձերբակալում ու տանում նրան։ Մեզ հետ զրույցում ռազմական փորձագետ Մհեր Հակոբյանն ասաց, որ բազմիցս է ասել, թե վարժական հավաքների մասնակիցներին առաջնագիծ տանելն ապօրինի է։

«Ես միշտ էլ ասել եմ, որ չի կարելի վարժական հավաքի կանչվող մարդուն տանել մարտական ծառայության։ Ես ասել եմ, որ այստեղ շատ լուրջ իրավական խնդիր կա․ օրինակ՝ մարդն այդ պահին կարող է հրաժարվել ապօրինի հրաման կատարել, եւ շատ հետաքրքիր է, թե ինչպես են իրեն քրեական պատասխանատվության ենթարկելու։ Մարդը կարող է ասել, որ մարտական դիրք չի բարձրանում, որովհետեւ իրեն վարժական հավաքի են կանչել, ինչո՞ւ են մարտական ծառայության տանում։ Կառավարության մեջ ստանդարտ մի ձեւակերպում են գրել, որ «անհրաժեշտության դեպքում կարող է ներառվել մարտական ծառայությանը»: Դա սխալ է, իրավական առումով դա մեծ խնդիր է։ Երկրորդը․ դա նաեւ հոգեբանական առումով է սխալ, որովհետեւ եթե դու առավոտը գնում ես համալսարան՝ ուսում ստանալու, երեկոյան վերադառնում ես տուն, ապա դու ուրիշ հոգեբանություն ունես, իսկ եթե առավոտյան գնում ես առաջնագիծ, երեկոյան էլ կարող է տուն գաս, կարող է չգաս, այդ դեպքում էլ ուրիշ հոգեբանություն ունես։ Եթե մարդուն տանում ես վարժական հավաքների, ապա եթե ճանապարհին ինչ-որ դժբախտ դեպք չպատահի, նա հետ կվերադառնա, իսկ երբ տանում ես մարտական հերթապահության, գուցեեւ չվերադառնա։ Այսինքն՝ լուրջ խնդիրներ կան թե՛ իրավական, թե՛ սոցիալական եւ թե՛ իրավական ասպեկտներով։ Որքանով ես դատում եմ հավաքների մասնակցած մարդկանց խոսակցությունից, ապա նրանց առանց որեւէ լուրջ պատրաստության տանում են մարտական դիրքեր։ Հիմա երբ թշնամին որեւէ հարված է հասցնում, ապա հասցնում է իր ամենաէլիտար ուժով, օրինակ՝ «Կոմանդո» ջոկատով եւ այլն, հիմա այդ չպատրաստված մարդուն ինչպե՞ս կարելի է կանգնեցնել այդ ստորաբաժանման դիմաց։ Մարդն ինչքան էլ իր երկրին նվիրված լինի, եթե քո դեմ գրոսմայստեր է խաղում, ապա ինչքան էլ Հայաստանին նվիրված լինեմ, չեմ կարող շախմատով իրեն հաղթել։ Այդ նվիրվածությունը, ոգին եւ մնացած ամեն ինչը քեզ տալիս է, ասենք, 10 աստիճանին +3, բայց եթե դիմացինդ 50 կամ 60 է, քո 10-ը կամ 13-ը բան չի փոխի»,- ասաց փորձագետը։

Ռազմական փորձագետ Կարեն Վրթանեսյանն էլ նշեց, որ հայտարարված «ուսումնավարժական հավաքներն» ամենեւին էլ ուսումնավարժական չեն։ «Նախ՝ նշեմ, որ ադրբեջանցիները պաշտոնապես հայտնել են հայ զինծառայող գերեվարելու մասին։ Հնարավոր է, որ խոսքը նույն դեպքի մասին է։ Այսինքն՝ պահեստազորայինը կա՛մ մոլորվել է ու հայտնվել թշնամու կողմից վերահսկվող տարածքում, կա՛մ էլ առեւանգվել։ Քիչ առաջ էլ ՀՀ ՊՆ-ն հաղորդագրություն է տվել, թե «քննվում է պահեստազորայինի՝ ադրբեջանական կողմում հայտնվելու հնարավոր վարկածը»։ Ինչ վերաբերում է, այսպես կոչված, «վարժական հավաքներին», ապա սա համարում եմ փաշինյանական թիմի հերթական այն նախաձեռնություններից, որոնք սկզբում հայտարարվում են որպես ինչ-որ դրական բան, բայց շատ արագ պարզվում է, որ ահավոր վնաս են պատճառում։ Ուսումնավարժական հավաքներն ինքնին շատ կարեւոր եւ անհրաժեշտ բան են այնպիսի երկրում, ինչպիսին Հայաստանն է, որի երկու հարեւանները, ըստ էության, արդեն բացահայտ խոսում են մեր պետությունը ոչնչացնելու իրենց պլանների մասին։ Այնուամենայնիվ, այսպես կոչված, «25-օրյա ուսումնավարժական հավաքները» բնավ ուսումնավարժական չեն։ Ըստ էության, անպատրաստ պահեստազորայիններին (որոնցից ոմանք տասնամյակներ առաջ են ծառայել կամ ծառայության ժամանակ դիրքապահ չեն եղել, կամ էլ ընդհանրապես չեն ծառայել) ընդամենը 7-օրյա թեթեւ պատրաստությունից հետո տանում են առաջնագիծ։ Այն դեպքում, որ թշնամու հավանական հարձակման դեպքում այդ մարդիկ պետք է ծանր մարտ վարեն, հնարավոր է՝ շրջապատման մեջ։ Ինչը 7 օրում սովորելն անհնարին է։ Նույնիսկ եթե ստորաբաժանման մեջ լինեն մարդիկ, որոնք ունենան այդպիսի փորձ, իրար անծանոթ մարդկանցից բաղկացած ստորաբաժանումը պետք է լրացուցիչ ներդաշնակեցում անցնի որոշ ժամանակ։ Փաստացի մենք գործ ունենք ոչ թե ուսումնավարժական հավաքների հետ, այլ ուսումնավարժական հավաքների պատրվակով մարդկանց լրացուցիչ պարտադիր զինծառայության մեջ ներգրավելու։ Այսինքն, պահեստազորայինների համար լրացուցիչ պարտադիր զինծառայություն են մտցրել, ընդ որում՝ կամայական ընտրանքով»,- ասաց Վրթանեսյանը։