Նախ ծանուցումն են ուղարկել, հետո որոշել են չափորոշիչներ սահմանել

Նախ ծանուցումն են ուղարկել, հետո որոշել են չափորոշիչներ սահմանել

Երևան համայնքին պատկանող Բուզանդի 1/3 շենքից խմբագրություններին դուրս հրավիրելու նախաձեռնությանը հետևած բողոքի ալիքից հետո Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամները վերջապես տեղներից շարժվեցին և որոշեցին փետրվարի 27-ի ուշ երեկոյան նիստ հրավիրել այլ հարցերի թվում՝ քննարկելու նաև այս հարցը։ Մանավանդ, որ քաղաքապետարանից տեղեկություն էինք ստացել, որ նախաձեռնությունը ոչ թե քաղաքապետ Մարությանինն է, այլ «Իմ քայլը» դաշինքի ավագանու անդամներինը։ Ինչը, նրա քարտուղար Հակոբ Կարապետյանն, իհարկե, հերքեց, քանի որ մինչ այդ խմբակցությունից Իզաբելլա Աբգարյանն ու Հասմիկ Խաչունցը հայտնել էին, որ նման առաջարկ իրենք չեն արել։

Ամեն դեպքում, տարածքն առաջիկայում ազատելու մասին ծանուցումից հետո, որը «Հրապարակը» ստացել է փետրվարի 26-ին, քաղաքապետարանի ավագանու և աշխատակազմի տոնայնությունը մի փոքր փոխվել էր։ Հայկ Մարությանի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանն, օրինակ, ասում էր, որ քաղաքապետարանը ոչ մեկին  իր տարածքից վտարելու խնդիր չի դրել։ Չնայած՝ ծանուցագրերը կասկածների կամ թյուրըմբռնման տեղ չեն թողնում եւ պաշտոնական փաստաթղթեր են՝ քաղաքապետարանի բլանկի վրա գրված, գույքի կառավարման վարչության պետի կողմից ստորագրված։ «Մասնավորապես, Բուզանդի 1/3 հասցեում և առհասարակ, եթե այսպես ձևակերպենք՝ ուզում ենք վերագույքագրում իրականացնել՝ հասկանալու համար, թե այդ տարածքներն ինչպես են տնօրինվում։ Կան տարածքներ, որոնք անհատույց են, որոնք՝վարձակալությամբ են։ Եթե անհատույց են, ինչո՞ւ են անհատույց և արդյոք նպատակահարմա՞ր է շարունակել նույն ձևով»,- մեզ հետ զրույցում ասաց Հակոբ Կարապետյանը։

Ինչ վերաբերում է գրությանը՝ տարածքն ազատելու մասին, ապա Երեւանի ավագանու անդամ Իզաբելլա Աբգարյանն ասում է, որ տիպային ծանուցումներ են՝ 27 -ից ավելի իրավաբանական ու ֆիզիկական անձանց հղվել են։ Իսկ թե ինչու են հղվել այն կազմակերպություններին, որոնք մինչեւ 2020 թիվը պայմանագրեր ունեն եւ Ավագանու որոշումներ, պարզ չէ։ «Իմ քայլը» ավագանու անդամների և նաև քաղաքապետարանի դիրքորոշումը, գոնե ինչպես իրենք են բարձրաձայնում, այն է, որ հստակ չափորոշիչներ պետք է սահմանվեն, թե տարածքները զբաղեցրած կազմակերպությունները ինչ չափանիշների պետք է համապատասխանեն, ըստ որի՝ որոշվի, թե ովքեր՝ անհատույց, ովքեր՝ վարձակալությամբ կարող են զբաղեցնել տարածքները, որտեղ գործում են։

«Քննարկվում է ընդամենը տարածքների կարգավիճակի հարցը, և, բնականաբար, այս նույն մարդկանց, ում տրվել է, պետք է լինի համատեղ քննարկում և սահմանվեն չափորոշիչները, որովհետև, ինքներդ գիտեք՝ այսօր օրական 2 լրատվամիջոց է բացվում, վիճակը դուրս է եկել վերահսկողությունից, և եթե մենք չենք սահմանել, թե ինչ չափանիշներ պետք է ունենա լրատվամիջոցը, որ նրան Երևան համայնքը տրամադրի տարածք, ապա չենք կարող մերժել մյուսներին, որովհետև ստացվում է, որ ժամանակին կայացվել է նախադեպային որոշումը»,-ասում է Իզաբելլա Աբգարյանն։ Մինչդեռ խոսքը ոչ թե նոր բացվող լրատվամիջոցների մասին է, այլ այս շենքում մոտ 10 տարի տեղակայված, կայացած, հայտնի ԶԼՄ-ների, որոնց հետ կապված ժամանակին քաղաքապետարանն ու Ավագանին բոլոր ուսումնասիրություններն արել են, չափորոշիչները սահմանել եւ տարածքները տրամադրել։ Ուրիշ բան, որ Երեւանի նոր քաղաքապետին եւ Ավագանու նորընտիր անդամներին թվում է, թե իրենք անապատում են հայտնվել եւ զրոյից հեծանիվ պետք է հորինեն։ 

Զրուցեցինք նաև «Իմ քայլը» ավագանու անդամ Հասմիկ Խաչունցի հետ, ով ժամանակին աշխատել է «Հրապարակի» խմբագրությունում։ Նա ասաց, որ 2 տարի առաջ «Հրապարակին» անհատույց  տարածք տրամադրելը եղել է ավագանու որոշմամբ և «Ելք» խմբակցությունն էլ դրան կողմ է քվեարկել, ուստի այս հարցը հիմա էլ պետք է կարգավորվի ավագանու որոշմամբ։ «Այստեղ հարցն այն է, որ հավասար պայմաններ լինեն։ Այսինքն՝ եթե խմբագրություն է, ընդհանուր չափորոշիչ լինի խմբագրությունների համար, եթե  խմբագրությանը անվարձահատույց ենք տալիս, բոլորին տանք անվարձահատույց, ես, օրինակ, այդ լուծումը կառաջարկեի»,-խմբակցության նիստից առաջ ասաց Հասմիկը։ Նաև հավելեց․«Մենք՝ որպես ավագանի, այն որոշմանը, որը մեր նախորդ ավագանին կայացրել է, և նաև «Ելք դաշինքի անդամներն են կողմ քվեարկել, մենք, բնականաբար, հետամուտ ենք լինելու։ Այսինքն, որ մեր նախորդ ավագանու որոշումները հարգվեն»,-խելամիտ պատասխան տվեց Հասմիկը։ Եւ որպես ամփոփում նշեց, որ նախկինում որպես լրատվության հետ առնչություն ունեցող անձ, շատ լավ հասկանում է մամուլի ազատության կարևորությունը և խմբագրություններին որոշակի արտոնություններ տրամադրելու անհրաժեշտությունը։ «Եվ մամուլին արտոնություններ տրամադրելն էլ ողջ աշխարհում տարածված պրակտիկա է» ,-ասաց Հասմիկ Խաչունցը։

Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն էլ քաղաքապետարանի ծանուցումը որակեց անհեթեթ։ «Ավագանին կայացրել է որոշում՝ անհատույց՝ 2 տարով և վերջ՝ ժամկետը չի լրացել։ Իրենք փաստորեն, ուզում են միակողմանի լուծել այն պայմանագիրը, որի համար հիմք է հանդիսացել ավագանու որոշումը»,-արձանագրեց Դավիթ Խաժակյանը։

Հ․Գ Ի դեպ, եթե կարծում են, որ կկարողանան Բուզանդի 1/3 շենքում մեկ քառակուսի մետրի համար 2500-3000 դրամ գումար գանձել, ակնհայտորեն գերագնահատում են այս շենքի ֆիզիկական ու բարոյական վիճակը։  Ինչպես «Անդին» ամսագրի գլխավոր խմբագիր Մերուժան Տեր- Գուլանյանը երեկ «պոետաբար»  նշեց՝ «այս շենքը դրսից՝ գեղեցիկ, ներսից քստմնելի է, ուղղակի տարաշխարհիկ է, ես չգիտեմ՝ ով է ճարտարապետը, և, ինչպես Չարենցը կասեր, ով է երազել այսքան դաժան»։ Եվ այնպես չէ, որ  ամենավատ սցենարի դեպքում, եթե լրատվամիջոցները  որոշեն հեռանալ, շենքում տարածքներ զբաղեցնելու համար հերթեր են գոյանալու։ Մանավանդ, ինչպես նշել էին քաղաքապետարանից, իրենք ոչ մի նախնական մարքեթինգ չեն արել, առկա պահանջարկն էլ չեն ուսումնասիրել։