Նիկոլ Փաշինյանը գնում է վա բանկ

Նիկոլ Փաշինյանը գնում է վա բանկ

Որ Նիկոլ Փաշինյանը գնում է վա բանկ արդեն պարզ գծագրվում է։ Նման բան տեղի է ունենում, երբ բանկում եղած ամբողջ գումարն են խաղում։ Տանուլ տվեց Արցախը, Հայաստանից շատ տարածքներ, հիմա էլ խաղում է ողջ գումարի՝ Հայաստանի հետ։ Նման բան մեկ էլ Հիտլերն է արել։ Նա Հերման Գյորինգին խոստովանել է, որ ամբողջ կյանքում վա բանկ է խաղացել։ Փաշինյանի վերջին հայտարարությունը վա բանկ գնացողի ճիչ է՝ «Մենք ուզում ենք ստորագրել մի թուղթ, որի արդյունքում մեզ լիքը մարդ կքննադատի, լիքը մարդ կհայհոյի, լիքը մարդ դավաճան կասի, նույնիսկ կարող ա ժողովուրդը որոշի մեզ իշխանությունից հեռացնել, էլի գոհ ու շնորհակալ կլինենք, որ դրա արդյունքում ՀՀ-ն 29,800 քմ/կմ տարածքով ստանա տևական խաղաղություն և անվտանգություն։

Ես շատ հստակ ասում եմ՝ էն որոշումը, որ սա ապահովելու ա, ես այդ որոշումը, շատ հստակ ասում եմ, ստորագրելու եմ։ Ու ինձ չի հետաքրքրում՝ ինչ կլինի հետո ինձ հետ, ինձ հետաքրքրում է՝ ինչ կլինի հետո Հայաստանի հետ»։

Մարդը որ տանուլ է տվել գումարը՝ Արցախն ու Հայաստանի մի մասը, խաղադրույքի մեջ է դնում մնացած գումարը՝ հաղթելու կամ ինչպես ինքն է ասում՝ իբր թե խաղաղության համար։ 

Պետք է հասկանալ՝ ի՞նքն է գնում վա բանկ, թե իրեն դրել են այն վիճակի մեջ, որ իր սկսած խաղից հետքաշվել չի կարող։ Մի բան չեմ հասկանում․ Փաշինյանը չգիտի՞, որ իր նշած բառերով «լի՜քը, լի՜քը մարդ իրեն հայհոյում և դավաճան վաղուց է անվանում»։ Եթե այդ բառերի համար է վա բանկ գնում, դրանք արդեն կան ու շատ- շատ։ Եթե այլ ելք չունի, հիշեցնում եմ՝ գումարը քոնը չի, Հայաստանը քոնը չի, սթափվիր։ Եթե այսօր խաղացողն է պատասխան պահանջում, վաղը մի ողջ ժողովուրդ է պատասխան պահանջելու։