Էլ խղճուկ փորձեր չանեք, արդեն ձախողել եք
Երկու օր առաջ, երբ դեռ Ադրբեջանը չէր հարձակվել, հակառուսական տրամադրություններն, ըստ որոշ հարցումների, 15-20 տոկոս էին:
Ռուսաստանը հնացած մեթոդներով խղճուկ փորձեր էր անում՝ երբեմնի իր ամենահավատարիմ դաշնակցին հետ բերել իր ուղեծիր, օրինակ՝ Մոսկվայի տան կազմակերպած անհետաքրքիր միջոցառումներով կամ Սյունիքում ռուսական գրականությանը նվիրված օրերով: Երեկ երեկոյան տեղի ունեցավ ՀԱՊԿ անվտանգության խորհրդի արտահերթ նիստը Հայաստանին աջակցելու հարցով և որոշում կայացվեց ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասին ուղարկել Հայաստան՝ իրավիճակը գնահատելու համար։
Այսօր լուրեր տարածվեցին, որ Ադրբեջանը հրետանային հարվածներ է հասցրել Գեղարքունիքում ՌԴ ԱԴԾ սահմանապահ ուժերի տեղակայման կետին։ Ու պարզ դարձավ, որ ռազմական օգնություն մեր դաշնակիցը չի ուղարկելու:
Նոր հարցումներ դեռ չկան և հակառուսական տրամադրությունները դժվար է գնահատել, բայց, թերևս, սխալված չենք լինի, եթե ենթադրենք որ դրանք կրկնապատկվել են:
Սիրելի դաշնակից, մենք որպես Հայաստանում զանգվածային լրատվությամբ զբաղվող թիմ, ուզում ենք մի փոքրիկ խորհուրդ տալ: Այս պատերազմից հետո անիմաստ փողեր մի ծախսեք հակառուսական տրամադրությունները փոխելու վրա, ձեր կարծրացած և հին կառույցներով մի փորձեք փիառ անել, չի օգնելու: Այս անգամ մեզ մենակ թողնելը և մեր տարածքների հաշվին Ալիևի «խաթրը առնելը» չի մոռացվելու: Եթե 2020-ից հետո դեռ շանս կար այս երկիրը ձեր ազդեցության տակ պահել, երեկ դուք այդ շանսը վերջնական կորցրեցիք, էլ ոչ մի մոսկվայաբնակ մեծահարուստ հայ այս ազգին չի կարողանա համոզել, որ դուք մեր անվտանգության միակ երաշխիքն եք: Անգամ եթե գազի գինը 100 դրամով իջեցնեք, անգամ եթե յոթ օր, յոթ գիշեր ռուսական իկրայի փառատոն կազմակերպեք: Չգիտեմ ոնց եք հաջողացնում այդքան արագ կրճատել ձեր ընկերների ցանկը, բայց աննախադեպ արդյունավետ եք այդ գործում:
Կարծիքներ