Պոլսահայ լրագրող Դինքի սպանության գործով փախստականների գույքն առգրավվելու է

Պոլսահայ լրագրող Դինքի սպանության գործով փախստականների գույքն առգրավվելու է

Թուրքական դատարանը հինգշաբթի օրը որոշում է կայացրել բռնագանձել փախուստական 12 կասկածյալների, այդ թվում՝ «Ֆեթուլլահ» կազմակերպության (Fethullahçı Terör Örgütü / FETÖ, Թուրքիայում ճանաչված է որպես ահաբեկչական) պարագլուխների ունեցվածքը, եթե նրանք չվերադառնան Թուրքիա։ Սա կապված է «Ակօս» թերթի նախկին գլխավոր խմբագիր, պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության գործի հետ։

Գրել է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը՝ հղում անելով դատական աղբյուրին։

«Հրանտ Դինքի սպանության գործի վերաբերյալ իր միջնորդական որոշման մեջ Ստամբուլի Ծանր քրեական դատարանը հրամայել է փախստականների համար պատրաստել թերթերի գովազդներ, իսկ դրանց առկայության դեպքում փակցնել նրանց հասցեներին», - լրատվամիջոցի փոխանցմամբ՝ ասել է աղբյուրը, որն անանուն է մնացել։

Հայտարարություններն ամբաստանյալներին կտեղեկացնեն իրենց ունեցվածքի բռնագրավման մասին, քանի որ նրանք փախստականներ կհամարվեն, եթե 15 օրվա ընթացքում չվերադառնան:

Քննարկվող փախստականների թվում են FETÖ-ի պարագլուխ Ֆեթուլլահ Գյուլենը, նախկին դատախազ Զեքերիյա Օզը, Ադեմ Յավուզ Արսլանը, Ջոշգուն Չաքարը, Հալիլ Իբրահիմ Քոջան, Մեհմեթ Աքիֆ Յըլմազը, Ֆարուք Մերջանը, Մեթին Ջանբայ, Օմեր Ֆարուք Քարթինը, Սերկան Սահանը, Յըլմազ Անգինը և Յունուս Յազարը:

Աղբյուրը նշել նաև է, որ «նրանց բոլորի նկատմամբ հետախուզում են հայտարարում կարմիր ծանուցմամբ»:

Որոշմամբ բացառվել է «մեկ այլ փախստական Էքրեմ Դումանլիի նկատմամբ, քանի որ նրա փաստաբանը ցանկանում էր դուրս գալ գործից: Դատարանը որոշում կայացրեց Դումանլիի համար նշանակել նոր փաստաբան»:

Պոլսահայ լրագող Հրանտ Դինքը սպանվել է Ստամբուլում 2007 թվականի հունվարի 19-ին։ Նրան սպանել է 17-ամյա թուրք ազգայնական Օգյուն Սամասթը քաղաքի Շիշլի շրջանում տեղակայված «Ակօս»-ի խմբագրատան մոտ: Սամասթը Դինքի վրա կրակել է երեք անգամ․ լրագրողն անմիջապես մահացել է: Մարդասպանը թուրքական դատարանի կողմից 22 տարվա ազատազրկման է դատապարտվել։

«Ստամբուլի դատարանը գործի վերաբերյալ իր դատավճիռը հրապարակել է մարտի 26-ին, որի մեղադրյալների թվում էին նախկին դատախազ Օզը, լրագրողներ, ժանդարմերիա և անվտանգության նախկին աշխատակիցներ, ինչպես նաև FETÖ-ի ղեկավար Գյուլենը, որը կանգնած էր 2016-ին Թուրքիայում ձախողված հեղաշրջման մեջ», - գրել է «Անադոլուն»

Գործի շրջանակներում դատապարտվել է ընդհանուր առմամբ 76 մեղադրյալ, այդ թվում՝ 6 բանտարկված են, իսկ 13-ը՝ փախստական:

Նախկին ոստիկանապետներ Ռամազան Աքյուրեքին և Ալի Ֆուաթ Յըլմազերին ցմահ ազատազրկման են դատապարտվել կանխամտածված սպանության համար, իսկ նախկին ռազմական սպա Մուհարրեմ Դեմիրքալեին երկու անգամ ցմահ ազատազրկման են դատապարտել` Սահմանադրությունը խախտելու ու կանխամտածված սպանությանը օժանդակելու համար:

Բանտարկված ամբաստանյալներ Օքան Շիմշեքը և Վեյսալ Շահինը ավելի քան 28 տարի ազատազրկում են ստացել դիտավորյալ սպանության և պաշտոնական փաստաթուղթ կեղծելու մեղադրանքների համար: Դատարանը 10 տարվա ազատազրկման է դատապարտել Էրջան Գյունին`զինված ահաբեկչական կազմակերպության, մասնավորապես FETÖ-ի անդամ լինելու համար, սակայն անմեղ է ճանաչվել Սահմանադրությունը խախտելու մեղադրանքի համար: Դատարանը նաև 3 տարի 4 ամիս և ցմահ ազատազրկման է դատապարտել 26 այլ ամբաստանյալների։