Մամա՜, Վահրամը չկա... մամա՜, մի բան արա՛

Մամա՜, Վահրամը չկա... մամա՜, մի բան արա՛

Հարցազրույցի ձայնագրությունը երկու ամիս համբերատար սպասում էր իր հերթին՝ բառ ու տեքստ դառնալու համար, սակայն ես փախչում էի այն տեքստ դարձնելու, պատերազմի դառնությունն ու կիսատ մնացած ճակատագրերը կինոժապավենի պես կրկին տեսնելու գործընթացից: 
Դեռ երեսունը չբոլորած Ալմարան մի ձեռքով օրորում է փոքրիկին, մյուսով զբաղեցնում ավագ բալիկին, մտքում կռիվ տալիս կյանքի անարդարության հետ եւ եթե ճար ունենա՝ բոլոր գրքերից, տեքստերից ու իրականությունից կջնջի «պատերազմ» բառը, որի պատճառով այսօր ինքն առանց Վահրամի է, բալիկները՝ առանց հոր: Ալմարան պատմում է իրենց եռամյա ընտանիքի պատմությունը, իսկ ինձ կրծում է միտքը. Ալմարան երկրորդ բալիկին լույս աշխարհ է բերել ամուսնու զոհվելուց 4 ամիս հետո:

Վահրամի մասին՝ ներկա ժամանակով

Հինգ ամսական հղի էի, երբ Վահրամը զոհվեց… Սեպտեմբերի 27-ին ծանուցագիր բերեցին։
- Վահրամը քնած է, ծրարը մենք կփոխանցենք իրեն,- ասացի գյուղապետարանի աշխատակցին:
- Ի՜նչ քնել, արթնացրե՛ք, պատերա՛զմ է:
Իմ մտքով ոչ մի վայրկյան չանցավ իրեն հետ կանգնեցնել, ասել՝ մի՛ գնա, բա որ հետ չգաս, ես ի՜նչ պիտի անեմ: Թեեւ ես չէի էլ կարողանա իրեն համոզել. ինքը շատ հաստատակամ, ճիշտ տղամարդ է, էր… չէ՝ է, չեմ կարողանում իր մասին անցյալով խոսել…:
Ալմարան լռում է, ձայնի դողն ու արցունքախեղդ կոկորդն արգելում են, որ խոսի: 
Թվացյալ լռության այս վայրկյաններն ամենաաղմկոտն են. դրանցում հոգու ճիչ է, հույզերի տեղատարափ, երեսնամյա զույգի չապրած տարիներն են:

Միայն թե հե՛տ արի…

- Ես անընդհատ լացում էի, հղիության ընթացքում շատ լացկան էի դարձել… Գնալու պահին հարցրեց.
- Էլի՞ լացում ես:
- Վահրա՛մ, կներե՛ս, ես չեմ հասկանում՝ ինչի եմ լացում… քեզ չեմ կարող ասել՝ մի՛ գնա, ուղղակի խնդրում եմ՝ հետ կգաս… Ես երկու երեխայի հետ, մենակ… Վահրա՛մ, ես չեմ կարող…
Նայեց ինձ, ամուր գրկեց ու ոչինչ չասաց:
Ավելի վաղ ինձ ասել էր.
- Պատկերացնո՞ւմ ես՝ ես չգնամ, թուրքը գա, հասնի մեր տուն, ինձ էլ, քեզ էլ, էրեխեքին էլ մեր աչքի առաջ մորթի: 
Գիտե՞ք այդ ժամանակ ինձ համար ավելի կարեւոր էր էրեխեքի ողջ մնալը, քան իմ կամ Վահրամի կյանքը: Ես չգիտեմ՝ երեւի դա ծնողական բնազդն է: Երբ հիմա էլ լսում եմ, որ կրակոց է եղել, սարսափում եմ՝ Աստվա՛ծ իմ, ես մենակ եմ ու երկու երեխա ունեմ:
Ինքն այնքան շրջահայաց էր, ես չէի հավատում, որ ինքը կզոհվի: Ասում էի՝ անհնա՛ր է, ինքը շատ ուշադիր է, անհնա՛ր է, որ վտանգը չնկատի, չզգա: 

Ապրեցնող զանգերը

Սեպտեմբերի 27-ին գնաց: Միայն ինձ էր զանգում՝ սաղին կասես, որ լավ եմ: Երբ զանգում էր, աշխարհն ինձ էին նվիրում՝ ժողովո՜ւրդ, Վահրա՜մն ա զանգել: 
Երբ 29-ին զանգեց, ասացի.
- Վահրա՛մ, գիտե՞ս, էրեխեն նոր բառեր ա ասում, կզանգե՞ս ձայնդ լսի:
- Չեմ կարա խոսամ, րոպե չունեմ:
- Ո՞նց, հենց հիմա կլիցքավորեմ:
- Պե՛տք չի, չէ՛, նորմալ ա:
Հիմա մտածում եմ, որ ուղղակի խառն էր, ուժ չուներ խոսելու, մտածում էր՝ ավելի լավ ա չխոսեմ:
Իսկ ես ում կարող էի, ասացի՝ Վահրամը րոպե չունի, ու բոլորը վազում էին Վահրամի հեռախոսահամարը լիցքավորելու: Այդ օրը՝ իրիկունը, գրեց.
- Քնում եմ, դու էլ քնի:
- Ո՞նց, դու էս ժամին քնո՞ւմ ես:
- Ձեզ շա՜տ եմ սիրում, ձեզ շա՜տ եմ կարոտել…:
Նորից լռություն… փոթորկված հույզերն ամենաշատը լռություն են սիրում… խաղաղվելուց հետո Ալմարան շարունակում է. «Բայց այդ սիրո խոստովանությունն ինձ համար շատ սովորական էր, ես չէի մտածում, որ ինքը հրաժեշտ է տալիս: Մենք միշտ էինք իրար սեր խոստովանում: Բայց, փաստորեն, դա իր վերջին հաղորդագրությունն էր:

Վահրամը չկա…

Մինչեւ հոկտեմբերի 7-ը լուր չունեցա, իսկ այդ օրը… այդ օրն անմարդկային օր էր… կյանքիս վատագույն օրն էր: Տա՛ Աստված, որ նման բան ոչ մեկը չապրի, առավել եւս՝ ես…
Ես դուրս եկա բակ, հորեղբոր տղան ու կինը գալիս էին ինձ ընդառաջ։ Կինն ասաց.
- Ա՛լ, չվազես, Ա՛լ, հանգի՛ստ պահի քեզ:
Ու հորեղբոր տղան սկսեց լացել:
- Վահրամը ո՞ր հիվանդանոցում ա:
- Ա՛լ, Վահրամը չկա…
Պատկերացնո՞ւմ եք՝ ես մի կաթիլ արցունք չունեի, որ լացեի. շոկ էր երեւի, հողը ոտքերիս տակից փախել էր: Վազեցի տուն, սկեսուրիս խնդրում էի.
- Մամա՜, Վահրամը չկա… մամա՜, մի բան արա՛…
Վահրամը պապա չունի…
Ես անընդհատ հարցնում էի՝ Վահրամը ե՞րբ է գալու… մի վայրկյանում մեր տունը դարձավ չգիտես ինչ… լիքը մարդիկ…իսկ ինձ ասում էին՝ Վահրամն էլ չի գալու, Ալմարա՛, Վահրամին բերում են… բայց ես, մեկ է, չէի հավատում…
Ու ես էդպես էլ Վահրամին չտեսա… ոնց որ չհավատաս, որ այդ ամենը քեզ հետ է կատարվում…
Գիտե՞ք՝ ինձ ասում էին՝ դու չես պատկերացնի այս մեկի, այն մեկի կինն իրեն ոնց է պահում, դու ո՞նց ես քեզ էսպես պահում…ես չգիտեմ, թե ինչ գերբնական ուժ էր, որ հղի վիճակում ես կարողանում էի ինձ հավաքել… ես կորցրել էի տարածության ու ժամանակի զգացողությունը… երբ ուզում էին գիշերը մոտս մնալ, ասում էի ՝ կլինի՞ գնաք, ես լա՛վ եմ: Մարդկանց թվում էր՝ գժվել եմ, ո՞նց թե՝ լավ ես:

Նշանն ու Արմինեն՝ հավերժ սպասումով

2,4 տարեկան Նշանս (առաջնեկը) հարցնում է.
- Մա՛մ, բա պապան ո՞ւր ա:
- Բալե՛ս, պապան մի օր անպայման գալու ա:
Այդ հարցից անզորություն եմ զգում: Հերիք չէ, որ ես ինձ եմ խաբում, մի հատ էլ էրեխուն եմ խաբում: 
Ես տեսակով ուժեղ մարդ եմ, իսկ հիմա առավել ուժեղ պիտի լինեմ. ես երկու երեխա ունեմ մեծացնելու: Վահրամը հանգիստ էր, գիտեր իմ ուժը, գիտեր, որ էրեխեքին կհասցնեմ իրենց նպատակին:
Արմինեին ունենալիս ես լացելով մտա ծննդատուն: Բուժաշխատողն ասաց. «Ուրախ բանի համար ես եկել, լացելով ես մտնում ծննդատուն»: Ու ես ավելի ուժեղ սկսեցի լացել: Ու ես ստիպված էի բացատրել, որ ինձ հետ այլեւս էդպես չխոսեն. «Գիտե՞ք՝ իմ ամուսինը զոհվել է, ես այդ պատճառով եմ այդ վիճակի մեջ, ինձ հասկացե՛ք»: Ինքը սկսեց լացել ու ներողություն խնդրել:
Դուրս գրվելու օրը բոլոր բարեկամները բակում էին, բայց ինձ իրենք պետք չէին, ինձ Վահրա՛մն էր պետք…

Միշտ միասին

Արմինեի ծնվելուց հետո պատասխանատվությունն ավելի մեծ է: Մինչեւ ծնվելը ես ասում էի՝ Վահրամը գալու է, անհնար է՝ չգա, բայց հետո իրականությունն ավելի ուժգին զգացի: Հասկացա, որ դրանք ուղղակի հույսեր են, որ ներշնչել եմ ինքս ինձ:
Գիտե՞ք՝ ես իր մարմինը չեմ տեսել, երեւի դա է պատճառը, որ իրեն երբեմն սպասում եմ, թեեւ ինքը ճանաչելի է եղել, ուղղակի ես չեմ տեսել:

Ես 7 օր եմ սպասել լուրի՝ Վահրամից, իսկ այսօր մարդիկ կան, որ դեռ սպասում են։ Խելագարվելու բան է: Երեւի Աստված խղճաց մեզ… դա էլ է սփոփում, որ մենք իրեն ամբողջական ենք բերել: 
Ինձ Վահրամն օգնում է, ես իրեն երազիս տեսնում եմ: Եթե ես մի հարցի շուրջ մի երկու օր տանջվում եմ, ինքը երազիս գալիս է: Ինքն անընդհատ ինձ հետ է: Ես ամեն վայրկյան զգում եմ իրեն…իր նման մարդիկ շատ քիչ են: Ես խղճում եմ մեզ, որ չունենք իրեն ու իրնմաններին: Երբ ինձ հարցնում են, թե ոնց եմ, ես պատասխանում եմ՝ ես լավ եմ, քանի որ ողջ եմ: Աստված ինձ շատ ուժ է տվել, որ իմ էրեխեքը ոչնչի կարիք չունենան, գուցե շատ ավելին ունենան, քան մյուս կատարյալ ընտանիք ունեցողների, չակերտավոր ընտանիք ունեցողների երեխաները: Ես շատ-շատերից Վահրամին էի ընտրել եւ հիմա էլ եթե նորից հնարավորություն ունենայի, էլի իրեն էի ընտրելու, իսկ մեր երկու էրեխեքն Աստծո պարգեւ են: Իրենք շատ նման են իրենց պապային: Իրենք լավ մարդիկ են դառնալու, ես ամեն ինչ անելու եմ, որ մեր էրեխեքը չչարանան: Ո՛չ մեկը մեղավոր չէ, որ մեր ընտանիքի հետ էսպես պատահեց, որ մենք էլ մեր չարությունը թափենք շրջապատի վրա: Որեւէ մեկը չէր ուզի, որ էսպես լինի: 

Մեր գյուղից՝ Մրգաշենից, 10 զոհ ունենք, գերի ունենք, մի կին էլ կա, որն ինձ նման ծննդաբերել է ամուսնու զոհվելուց հետո… Եղբորս բոլոր ընկերները զոհվել են…:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ