Հոպ-հոպ Ջիվանի․․․ 

Հոպ-հոպ Ջիվանի․․․ 

Կոմունիստների ժամանակ վեր էինք թռնում, պարծենում, երբ «‎իմպրտնի շոր» էինք գտնում։ Չկար, որովհետև եվրոպաների, ամերիկաների հետ կապ չունեինք։  Սերնդակիցներս կհիշեն, օժիտի համար մայրերը ինչ գնով ասես  «‎իմպրտնի կամբենացիա» էին գտնում ու տարիներով պահում, մինչև իրենց երեք կամ հինգ տարեկան աղջիկը ամուսնանա։ Բա իմպրտնի հա՞վը։ Տեղական, թոթոլ, էկոլոգիապես մաքուր մեր հավերը թողած՝ իմպրտնի հավի համար մեզ կոտորում էինք։ Այդ ժամանակները հիշեցի, որովհետև իշխանության սպասավորների վոյաժները, եվրոպաներում, ամերիկաներում համարյա թե նմանվում է «‎այն ծյոծկաների փութաջանությանը», որոնք Եվրոպա էին գնում՝ «‎իմպրտնի կամբենացիա բերելու»,  որ թանկ գնով վերավաճառեն ժողովրդի վրա։ Ամեն անգամ այս իշխանության  խմբակային «‎գրոհների ժամանակ» մտածում եմ՝ տեսնես հիմա ի՞նչ են բերելու ու մեր գլխին կապելու։ Այս անգամ «‎տնով- ցեղով» Բրյուսել էին գնացել, ինչպես իրենք են ասում, տնտեսական, ասել է թե՝ բան- ման բերելու նպատակով։

Նորից եմ կրկնում, սա հիշեցնում է, թե ինչպես էին «‎առևտրի մեջ հմտացած ծյոծկաները» եվրոպաներ գնում՝ շատից- քչից բան- ման բերելու։ Բրյուսել  գնացել էին՝ ասելու որ «տեղներս շատ նեղ ա, և խարջը սաստիկ ուզում են, և փող չենք ճարում, և նանն ու Զանին տկլոր են։ Իմացած ըլեք, որ Արցախը չկա, հանձնել ենք,  այաստանն էլ մի բան նման չէ։ Մեզ քյոմագ արեք»։ Դուռ ծեծող ու բան ուզող մարդու հանդիպե՞լ եք։ Երբ մի քանի կոպեկ ստանալու համար ամբողջ մի սցենար է պատմում․  հացի փող չունեմ, ջեբերս դատարկ են, երեխեքս սոված կոտորվում են․․․Նման դեպքում, թեև չես հավատում, բայց ձեռքդ գրպանդ ես տանում, մի քանի կոպեկ տալիս նրան, հետն էլ թոնթորում՝ ոտդ տեղը, ձեռդ տեղը, ինձանից առողջ ես, գնա աշխատիր, տունդ պահիր։ Թոնթորում, բայց նրանից պրծնելու համար մի քանի կոպեկ ես տալիս։ 

Արցախը հանձնված, հայաթափված է, Հայաստանի տարածքները թշնամին օկուպացրել  և նորանոր տարածքներ է պահանջում, Հայաստանից 21 հոգանոց պատվիրակություն է գնում և Բրյուսելում թատրոն խաղում։ Տեսեք- տեսեք, քաղաքական ոչ մի հարց չի քննարկվել, բրյուսելյան մեծամեծներն էլ տեղյակ չեն, թե Հայաստանում անվտանգային ինչ իրավիճակ է ու քննարկման միակ թեման թողնում են Եվրոպայի ու ԱՄՆ- ի  կողմից հատկացված խղճուկ գումարը։ Ուղղակի թատերական ողբ։ Հայաստանի ժողովուրդ, զբաղվեք այդ գումարի քննարկմամբ և մոռացեք ամենակարևոր կուլիսային հարցը, որը երբևէ չի բարձրաձայնվելու, բայց որը օրերի ընթացքում լուծում կստանա։ Եվրոպան ու ԱՄՆ-ն շատ լավ գիտեն Փաշինյանի 8 տոկոսանոց վարկանիշի մասին և ըստ այդմ պատվիրել են նրան, որ  կատարի «‎Հոպ- հոպ Ջիվանի, Եվրոպան ձեր ցավը տանի» կատակերգը, որպեսզի նրա աշխույժ հնչյունների տակ Ադրբեջանը մտնի ու վերցնի այն գյուղերը, որը համաձայնվել է նվիրել Նիկոլ Փաշինյանը։