ԱՄՆ-ն առաջինն էր, որ ընտրական աջակցություն առաջարկեց Հայաստանին

ԱՄՆ-ն առաջինն էր, որ ընտրական աջակցություն առաջարկեց Հայաստանին

ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Լին Թրեյսին այսօր «Արմենիա-Մարիոթ» հյուրանոցում իր գործունեության եւ ծրագրերի մասին ունեցած ելույթում, անդրադառնալով մեկ տարի առաջ Հայաստանում տեղի ունեցած թավշյա հեղափոխությանը,   ուշագրավ հայտարարություն արեց։

«Ի՞նչն է փոխվել․ փոխվել է հենց Հայաստանը։ Կարիք չկա նշել, որ ժողովրդավարությունը հիմա առավել քան երբեւէ ամուր է Հայաստանում։ Անցած գարնան զարգացումներն էլ մեզ ցույց տվեցին, որ փոփոխությունները սկսվում եւ առաջ են մղվում երկրի քաղաքացիների կողմից։ Անցած տարվա ապրիլին երկրի քաղաքացիներն էին հեղեղել փողոցները։ Երկրի տարբեր մասերում ապրող քաղաքացիներն էին, որ ոտքի էին կանգնել եւ պահանջում էին իրացնել իրենց իրավունքը՝ ապրելու ազատ եւ ժողովրդավար երկրում, մի երկրում, որտեղ կառավարությունը, քաղաքացիական հասարակությունը եւ գործարար դաշտն ազատ, արդարացի եւ թափանցիկ կերպով աշխատում են միմյանց հետ՝ ապահովելու առավել բարեկեցիկ ապագա բոլորի համար։ Թեպետ ես հպարտ եմ, որ Միացյալ Նահանգներն առաջին օտարերկրյա պետությունն էր, որ անցած գարնան դեպքերից հետո ընտրական աջակցություն առաջարկեց Հայաստանին, սակայն Հայաստանի քաղաքացիներն էին, որ անցած տարվա դեկտեմբերին իրացրեցին իրենց ընտրական իրավունքն ազատ եւ ժողովրդավարական ընտրություններում։ Ես նախատեսում եմ այսուհետ եւս աջակցել Հայաստանի ժողովրդին՝ ժողովրդավարության զարգացման ու ամրապնդման իրենց ընտրած ճանապարհին, որը զարկ կտա իրավունքի գերակայությանը եւ կպաշտպանի մարդկային արժանապատվությունը»,- նշեց դեսպանը։

Լին Թրեյսին նշել է նաեւ, որ իրեն հատկապես ոգեւորում են կառավարության ջանքերն՝ ուղղված կոռուպցիան արմատախիլ անելուն եւ թափանցիկությանը։ Ըստ նրա՝ դա թույլ կտա խաղի հավասար պայմաններ ապահովել եւ ազդակ դառնալ միջազգային հանրության համար, որ Հայաստանը մի երկիր է, որտեղ հարգվում է իրավունքի գերակայությունը, եւ որը բաց է բիզնեսի համար։