Նախագահը ցանկանում է արգելել պատգամավորներին խմբակցություն փոխելը

Նախագահը ցանկանում է արգելել պատգամավորներին խմբակցություն փոխելը

Մոլդովայի նախագահ Իգոր Դոդոնը հայտարարել է, որ մտադիր է հանդես գալ օրենսդրական նախաձեռնությամբ, որով կարգելվի Մոլդովայի պառլամենտի պատգամավորներին փոխել խմբակցությունը։ Այս մասին հայտնում է «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։

«Ցանկանում եմ երաշխավորել բոլոր կուսակցությունների ներկայացուցիչներին, որոնք ներկայացված են մեր երկրի պառլամենտում, որ մենք թույլ չենք տա քաղաքական տուրիզմը եւ պատգամավորների անցումը մեկ խմբակցությունից մյուսը։ Ամեն պատգամավոր պետք է պատկանի այն խմբակցությանը, հանուն որի քվեարկել է ընտրողը` նրան տալով պատգամավորական մանդատ։ Մենք կհասնենք այն բանին, որ այս նորմը ամրագրվի օրենքով»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է նախագահ Դոդոնը։

Նա հավելել է, որ ներկայումս կարեւոր է, որպեսզի արմատական փոփոխություններ իրականացվեն բոլոր ոլորտներում՝ արդարադատությունից մինչեւ տնտեսություն եւ սոցիալական ոլորտ։ Նա վստահ է, որ պետական ծառայողները իրենց աշխատանքի ընթացքում այլեւս չեն կարող ապավինել իրենց ազգականների հովանավորչությանը, այլապես ստիպված կլինեն հեռանալ զբաղեցրած պաշտոնից։