Մահացած ծննդկանի բժիշկը հրաժարվել է ցուցմունք տալուց

Մահացած ծննդկանի բժիշկը հրաժարվել է ցուցմունք տալուց

Երևանի Մարգարյան ծննդատանը 24-ամյա ծննդկան Լուիզա Ավետիսյանի մահվան դեպքի առթիվ հարուցված քրեական գործով հարցաքննվել են նրա ամուսինը եւ սկեսուրը։ Այս մասին «Հրապարակ»-ին փոխանցեց Լուիզայի քույրը՝ Էլենը։

Նա նշեց, որ այս պահին գործով այլ նորություններ չկան, նախաքննությունը  շարունակվում է։

Քննչական կոմիտեից էլ մեզ փոխանցեցին, որ այս գործով մեղադրյալներ չկան։ Բժիշկը կանչվել է հարցաքննության, ներկայացել է, սակայն հրաժարվել է ցուցմունք տալուց։

Մենք փորձեցինք զրուցել նաեւ Մոր և մանկան առողջության պահպանման գիտահետազոտական կենտրոնի տնօրեն Գեորգի Օկոեւի հետ՝ ճշտելու, թե արդյոք բժիշկը շարունակո՞ւմ է աշխատել, սակայն նա նշեց, որ հեռախոսազանգի միջոցով հարցերին չի պատասխանում։

Նշենք, որ ծննդականի մահվան մեջ հարազատները մեղադրում են նրա բժշկին՝ Արմեն Խաչատրյանին եւ անզգայացումը կատարած անձին։

Հիշեցնենք, որ հաղորդման հիման վրա նախապատրաստված նյութերում առերևույթ առկա են ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված հանցագործության հատկանիշներ՝ Ոստիկանությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 130-րդ հոդվածի 2-րդ մասով, որը նախաքննություն կատարելու համար ուղարկվել է ՔԿ ԵՔՔՎ Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժին և ընդունվել վարույթ։