Գոտիե Կապյուսոնը Երեւանում կնվագի 1701 թ․ Մատեո Գոֆրիլեր թավջութակով
«Երեւանյան հեռանկարներ» 20-րդ միջազգային երաժշտական փառատոնն իր համերգաշրջանի ընթացքում կներկայացնի ֆրանսիացի մեգա-աստղ՝ թավջութակահար Գոտիե Կապյուսոնին: Նա առաջին անգամ կներկայանա հայ հանդիսատեսին դասական երկացանկի երկու ստեղծագործությունների կատարումով. Չայկովսկու «Ռոկոկո» վարիացիաները եւ Սեն Սանսի թիվ 1 կոնցերտը կհնչեն Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի հետ` դիրիժոր Էդուարդ Թոփչյանի ղեկավարությամբ: Գոտիե Կապյուսոնի համերգը տեղի կունենա հոկտեմբերի 24-ին, «Արամ Խաչատրյան» համերգասրահում:
Գոտիե Կապյուսոնին համարում են 21-րդ դարի թավջութակի իրական դեսպան: Նա Բեռլինի, Վիեննայի, Նյու Յորքի, Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ, Չիկագոյի, NHK Ճապոնիայի, Սիդնեյի, Լոնդոնի, Մյունխենի, Փարիզի սիմֆոնիկ նվագախմբերի մենակատարն է: Գոտիե Կապյուսոնը կամերային համերգներ է տալիս Լիզա Բատիաշվիլու, Ժան-Իվ Տիբոդեի, Յուջա Վանգի, Մարթա Արգերիխի, Լեոնիդաս Կավակոսի հետ այնպիսի հանրահայտ համերգային դահլիճներում, ինչպիսիք են «Քարնեգի», «Ուոլթ Դիզնեյ» համերգասրահները, Էքս ան Պրովանսը եւ Վիեննայի Մուզիքֆերայնը։ Նա մշտապես համագործակցում է աշխարհահռչակ դիրիժորներ Լիոնել Բրենգյեի, Սեմյոն Բիչկովի, Գուստավո Դուդամելի, Շառլ Դյուտուայի, Քրիստոֆ Էշենբախի, Անդրես Օրոսկո-Էստրադայի, Վալերի Գերգիեւի, Անդրիս Նելսոնսի եւ Յաննիք Նեզե-Սեգենի հետ։
Գոտիե Կապյուսոնը նվագում է 1701 թվականի Մատեո Գոֆրիլեր թավջութակով, որն աշխարհում հայտնի է իր բացառիկ հնչեղությամբ: Կապյուսոնը Վալենսիայի նվագախմբի այս համերգաշրջանի մշտական հրավիրյալ մենակատարն է։
Կարծիքներ