Դավիթ և Սայեն 

Դավիթ և Սայեն 

Մասիսի համայնքապետ Դավիթ Համբարձումյանը ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել էր, որ առաջիկա ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է  «Դավիթ Համբարձումյան» դաշինքով՝ որպես Մասիս խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածու։ 

«Հրապարակը» Դավիթ Համբարձումյանից հետաքրքվեց, թե ինչու, լինելով հանրապետական, որոշեց առաջադրվել ոչ թե ՀՀԿ-ով, այլ որպես «Դավիթ Համբարձումյան» դաշինքի թեկնածու։

Վերջինս ասաց, որ որոշումն ընդունվել է ընկերների, նաև Մասիսի բնակիչների քննարկման արդյունքում։ «Իմ միանձնյա որոշումը չէ»,-ասաց Դավիթ Համբարձումյանը և ավելացրեց․ «Մեր շրջանն է, համայնքը խոշորացվում է, որոշել ենք չքաղաքականացնել ընտրությունները, որ մեր շրջանի քաղաքացիներն ազատ լինեն, հանգիստ իրենց քվեարկությունը կատարեն։ Դրա տակ որևէ հատուկ բան չկա» ։

Մասիսի գործող քաղաքապետը համայնքի բնակիչներին հաղորդել էր, որ «Դավիթ Համբարձումյան» դաշինքում ընդգրկված են մեծամասամբ երիտասարդ, իրենց գործում հաջողություններ գրանցած, բանիմաց անհատներ, ովքեր պատրաստակամ են իրենց ամբողջ կարողությունները ներդնել Մասիսում։ Մեր այն հարցին, թե, այնուամենայնիվ, ովքե՞ր են, ասաց, որ ընտրական փաստաթղթերը շուտով կներկայացվեն, կտեսնենք։

Այս ընտրություններում նկատվում է թրենդ, որ բազմաթիվ նոր ու հին, անգամ՝ անծանոթ անուններով կուսակցություններ են մասնակցում և որոշ համայնքներում մինչև 10 քաղաքական ուժ է մասնակցում։ Օրինակ՝ Վանաձորում։ Բազմակուսակցական թեժ մրցակցություն է սպասվում նաև Թալինում, Ստեփանավանում, Արթիկում, սակայն Մասիսում «անխառն» ընտրություններ են լինելու ՔՊ-ի և «Դավիթ Համբարձումյան» դաշինքի միջև։

Տեղեկացրել էինք, որ Մասիսի շրջանում ՔՊ-ն թեկնածուի փնտրտուքի մեջ է։ Նախնական ընտրությունը կանգ է առել Մասիսում հայտնի Սայադի՝ Սայեն Հայրապետյանի վրա, որը ԵԿՄ տարածքայինի ղեկավարն է, 2000-ականներին ՀՀԿ-ի համակիրն էր, իսկ 2012 և 2017 թթ․ աշխատել է ԲՀԿ-ի համար, 17-ին ԲՀԿ ռեյտինգային ցուցակում էր:
Նրա թեկնածությունն առաջ է քաշել մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, սակայն կուսակցությունում դեմ են եղել։