Վանաձորում աննախադեպ մասնակցություն է. ով ով է

Վանաձորում աննախադեպ մասնակցություն է. ով ով է

Դեկտեմբերի 5-ին Վանաձորում կայանալիք ՏԻՄ համամասնական ընտրությունների մասնակիցների ցուցակն արդեն հայտնի է։ Վանաձորում այս անգամ միմյանց հետ կմրցեն մեկ տասնյակ քաղաքական ուժեր, ասել է թե՝ պայքարը թեժ է լինելու՝ հաշվի առնելով նաև այն հանգամանքը, որ արդեն իսկ լուրեր են պտտվում ընտրական գործընթացին թաղային հեղինակությունների ներգրավվածության մասին: Գյումրիում և Գորիսում կրած պարտությունից հետո ՔՊ-ն ամեն ինչ անելու է, բոլոր հնարավոր և անհնար ջանքերն է ներդնելու Հանրապետության մեծությամբ 3-րդ քաղաքում հաղթանակ տանելու համար, սակայն հետաքրքիրը նաև այն է, որ ֆավորիտները մեկ կամ երկուսը չեն, մի քանի թեկնածուներ ունեն հաղթելու ռեալ հնարավորություն և կարող են ՔՊ-ին արժանի դիմադրություն ցույց տալ։ 

Ներկայացնենք թեկնածուներին և քաղաքական ուժերին, որոնք մասնակցում են Վանաձորի ընտրություններին։ Իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը Վանաձորի ընտրություններին մասնակցելու է գործող մարզպետ Արամ Խաչատրյանի թեկնածությամբ, ՔՊ ցուցակի երկրորդ համարը Վանաձորի քաղաքապետի ներկայիս ԺՊ Վանիկ Օհանյանն է, որը նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի պաշտոնավարումից հետո Նիկոլ Փաշինյանի ոչ իրավաչափ հրամանով նշանակվեց համայնքապետի պաշտոնակատար։

«Ապրելու երկիր» կուսակցությունը, որը հովանավորում է ռուսաստանաբնակ հայ գործարար Ռուբեն Վարդանյանը, և որը Հանրապետության մի շարք համայնքներում արդեն հաջողություններ է գրանցել` հաղթելով ՏԻՄ ընտրություններում, Վանաձորում քաղաքապետի թեկնածու է առաջադրել կաթնամթերքի արտադրությամբ զբաղվող «Դիետ» ընկերության սեփականատեր Արտավազդ Ալավերդյանը, ցուցակի երկրորդ համարը միասնական սոցիալական ծառայության Վանաձորի տարածքային մարմնի ղեկավար Արմեն Այվազյանն է, 3-րդ համարը Քրիստինե Ալաբերքյանն է, որը Վանաձորում հասարակական կազմակերպություն է ղեկավարում։ 

Նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը ընտրություններին գլխավորում է «Ասլանյան» դաշինքի ցուցակը, որի կազմում են «Իմ հզոր համայնք» կուսակցությունը և Խաչատուր Քոքոբելյանի «Ազատ դեմոկրատները»։ Ընտրություններին մասնակցում է նաեւ Արթուր Վանեցյանի «Հայրենիք» կուսակցությունը` այս անգամ առանց ՀՀԿ-ի հետ դաշինքի: Ցուցակը գլխավորում է Վահե Դոխոյանը`«Հայրենիք» կուսակցության Լոռու մարզային կառույցի ղեկավարը։

Վանաձորի փոխքաղաքապետ Արկադի Փելեշյանը ընտրություններին մասնակցում է Մովսես Շահվերդյանի «Հայաստանի աշխատավորական սոցիալիստական» կուսակցության ցուցակով, կուսակցության երկրորդ համարը նախկին քաղաքապետ Մամիկոն Ասլանյանի մյուս տեղակալն է՝ Արման Բեռնեցյանը։ Արկադի Փելեշյանը քաղաքապետի թեկնածու էր նաև 2016 թվականի ՏԻՄ ընտրությունների ժամանակ, առաջադրվել էր Արթուր Բաղդասարյանի «Հայկական վերածնունդ» կուսակցության կողմից։ 

Արամ Զավենի Սարգսյանի «Հանրապետություն» կուսակցության թեկնածուն ոստիկանության Վանաձորի Բազումի բաժնի նախկին պետ, ոստիկանության փոխգնդապետ Վազգեն Թորոսյանն է, որը ոստիկանությունում իր ծառայությունը դադարեցրել է այս տարի՝ 2021 թվականին։ 

Ընտրություններին պետք է մասնակցեր նաև համայնքապետի գլխավոր խորհրդական Արտյոմ Գրիգորյանը, վերջինս ընտրություններին մասնակցելու համար հիմնել էր «Նոր Վանաձոր» կուսակցությունը եւ մեզ հետ զրույցում հաստատել էր լուրը՝ նշելով, որ ինքը կուսակցության առաջին համարն է՝ քաղաքապետի թեկնածուն, սակայն տեղեկացանք, որ կուսակցությունը չի հասցրել գրանցվել, հետևաբար չի մասնակցելու ընտրություններին։ 

Տեղեկություններ էին պտտվում նաև, որ դեկտեմբերի 5-ին Վանաձորի ՏԻՄ ընտրություններին մասնակցելու է նաեւ «Հայաստան» դաշինքը, եւ ցուցակը, ըստ լուրերի, գլխավորելու է Վանաձորի քաղաքապետարանի մշակույթի, կրթության եւ զբոսաշրջության բաժնի պետ Գոռ Բադյանը, մեզ հետ զրույցում Բադյանն ասել էր, որ դեռևս նման որոշում չկա կայացված` քննարկում են։ Սակայն պարզվեց, որ «Հայաստան» դաշինքը չի մասնակցում ընտրություններին։ 

Էդմոն Մարուքյանն իր հայրենի Վանաձորում «Լուսավոր Հայաստան» կուսակցության համայնքապետի թեկնածու է առաջադրել Հրանտ Այվազյանին` նախկին պատգամավոր: Վանաձորի նախորդ ընտրություններում, հիշեցնենք, ԼՀԿ թեկնածուն Էդմոն Մարուքյանի եղբայրն էր` Քրիստ Մարուքյանը, որն այս անգամ ԼՀԿ ցուցակում ընդգրկված չէ և ընտրություններին չի մասնակցում։ 

Տիգրան Ուրիխանյանի և Տիգրան Արզաքանցյանի «Ալյանս» կուսակցության քաղաքապետի թեկնածուն Կարեն Էդարյանն է՝ Գոջո մականունով, նա Վանաձորի նախկին քաղաքապետ Սամվել Դարբինյանի թիկնազորի պետն է եղել, ։

Կոմունիստական կուսակցությունը ևս մասնակցում է Վանաձորի ընտրություններին, Կոմկուսի քաղաքապետի թեկնածուն Անդրանիկ Ղուկասյանն է` ՀԿԿ Վանաձորի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղարը։ 

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը ընտրություններին մասնակցում է էդգար Բոջուկյանի գլխավորությամբ, Բոջուկյանը «Բարձրավոլտ էլեկտրական ցանցեր» ընկերության հյուսիսային մասնաճյուղի տնօրենն է։ 

Հիշեցնենք, որ Վանաձոր համայնքը խոշորացումից հետո ներառում է Գուգարք, Շահումյան և Դարպաս համայնքները։