Ինչու են ապամոնտաժել հայկական գյուղի խաչը

Ինչու են ապամոնտաժել հայկական գյուղի խաչը

Ախալցխայի Օրալ գյուղում ապամոնտաժել են գյուղացիների տեղադրած խաչը։ Այս մասին «Հրապարակի» հետ զրույցում տեղեկացրեց «Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» ՀԿ-ի ղեկավար, քաղաքագետ Էդուարդ Այվազյանը։ Նա նշեց, որ այդ մասին տեղեկությունները տարածվել են մի քանի օր առաջ՝ ընդ որում այդ լուրը տարածել են նաև տեղի վրացական լրատվամիջոցները։

«Մարդիկ իրենց նախաձեռնությամբ, գյուղի բարձունքներից մեկում խաչ են տեղադրել՝ հավանաբար երկաթի խաչ։ Նման սովորույթը տարածված է Վրաստանում, գրեթե բոլոր գյուղերում՝ ցանկացած բարձունքում մարդիկ խաչ են տեղադրում և դա որևէ խնդիր չի առաջացրել։ Հիմա Ախալցխայի շրջանի Օրալ գյուղում խաչի տեղադրումը, չգիտես ինչու, խնդիր առաջացրեց և այդ խաչը հանել են։ Որքանով տեղյակ եմ գյուղապետի հրահանգով, տվյալ խաչը հանվել է և պատճառաբանությունը հետևյալն է, որ քաղաքապետարանից թույլտվություն չի եղել։ Սակայն, խոսակցություն է շրջանառվում, որ դրա հետևում կանգնած է տեղի Ազգային Անվտանգությունը»,-ասաց Այվազյանը։

Նա նշեց, որ հիմա Օրալ գյուղի բնակիչները սպասում են քաղաքապետարանից թույլտվության, որպեսզի նորից խաչը հետ դնեն իր տեղում։ Այս պահին խաչը դրվել է եկեղեցու բակում։ Էդուարդ Այվազյանը նշեց, որ իր կարծիքով անհատների կամքն է եղել, որ այդ խաչը հանվի ու սխալ է կարծել, որ դրա համար հատուկ թույլտվություն է պետք։

«Վրացական գրեթե բոլոր գյուղերում, գրեթե բոլոր բարձունքների վրա խաչ է տեղադրված և ոչ ոքի մտքով չի անցել, որ խաչ տեղադրելու համար հատուկ թույլտվություն ստանան, իսկ հայկական գյուղի այդ նախաձեռնությունը, չգիտես ինչու, որոշ անհատների կողմից շատ սուր է ընկալվել և որոշել են հանել տալ։ Ուղղակի իրենց դուրը չի գալիս, երբ հայկական գյուղերում, հայկական համայնքներում ինչ-որ սպոնտան բաներ են որոշվում, սակայն, եթե դա լիներ վրացական գյուղւոմ, ես գրեթե հարյուր տոկոսով համոզված եմ, որ նման բան տեղի չէր ունենա»»,- շեշտեց Այվազյանը։
Վերջինս նկատում է` մինարեթ չէր տեղադրվել, ոչ էլ մոլլաներ էին հրավիրվել, որպեսզի խաչն ապամոնտաժվեր և սա ընդամենը խտրական վերաբերմունքի արդյունք է։

«Սամցխե-Ջավախքի Մեդիա Վերլուծական Կենտրոն» ՀԿ-ի ղեկավարը հավելեց, որ նույնիսկ տեղի վրաց բնակչության կողմից խաչն ապամոնտաժելը որակվել է որպես սրբապղծություն։