Բոշեն փաշա չի դառնա
Խելքն ու խորամանկությունն ինչ է, որ ՔՊ-ականները չունեն: Նախկինների հանցավոր սխալները շահարկելով եկան իշխանության ու ոնց եկել էին՝ անդեմ, անանուն ու չտես, այդպես էլ մնացին: Չտեսությունն այնքան խորն է արմատակալված մեջները, որ նույնիսկ պալատական կյանքն աչքերը չբացեց: Քիչ է, որ ոչինչ չանելով բարձր աշխատավարձ ու պարգեւավճարներ են ստանում, թանկարժեք գույք ու տեխնիկա ձեռք բերում, դեռ մանրն էլ, որ կարող էր ուրիշինը լինել, իրենց գրպանն են դնում:
Չտեսության մաստեր կլաս ցույց տվեց Սահմանադրական դատարանի դատավոր Սեդա Սաֆարյանը՝ ամուսնուն անձնական վարորդը դարձնելով: «Փող ա, էլի, ուրիշը պիտի առնի, թող մեր գրպանը մտնի» տրամաբանությամբ ծառայողական մեքենայի ղեկը տվեց ամուսնու ձեռքն ու ասաց՝ քեզ լավ զգա:
ՔՊ-ական երկրորդ կարկառուն չտեսը պատգամավոր, անմեկնելի մտքերի գիգանտ Հովիկ Աղազարյանն է: Վերջինս էլ յուր կնոջն է աշխատանքի տեղավորել, ոչ ավել, ոչ պակաս՝ ԱԺ նամակների բաժնում: Դարձյալ նույն տրամաբանությամբ՝ «ուրիշը պետք ա ստանա՝ թող մեզ լինի»:
«Խեղճ կինն ամբողջ օրը նամակները տեղից տեղ ա վազացնում, մարդու մեղք էլ ա գալիս: Տարիքով կին ա՝ իրեն չի սազում: Դա ջահելի աշխատանք ա»,- ասաց ԱԺ աշխատակիցը:
Լավ, Հովիկ Աղազարյան, տեղավորել՝ տեղավորել էր, մի սոլիդ գործ չկա՞ր, որ կինդ ե՛ւ ԱԺ շենքից դուրս աշխատեր, ե՛ւ բարձր աշխատավարձ ստանար: Թե՞ այնքան ճանաչում ու հեղինակություն չունես, որ ԱԺ-ից դուրս խոսքդ կշիռ ունենա, կարողանաս կնոջդ աշխատանքի տեղավորել:
Նախկիններին անուն եք դնում, բայց նման հարցերում նրանք ավելի զգույշ էին. նրանց կանայք բիզնես վումըններ էին, դպրոցների, մանկապարտեզների, գրադարաների տնօրեններ, վարչության պետեր…
Նրանք իրենց կանանց հարգել ու գնահատել գիտեին, թույլ չէին տա, որ սրա-նրա համար վազվզեր, դռներ թակեր, ընդունարաններում սպասեր, սուրճ պատրաստեր, բաժակ լվանար։
Լավ, դուք խելք չունենք, պատիվ ու արժանապատվությո՞ւն էլ չունենք, որ ձեր կողակցին չնսեմացնեք, չդարձնեք մատով ցույց տալու առարկա: Քավ լիցի, նվաստացուցիչ աշխատանք չկա, մանավանդ՝ եթե մի կերպ ես կոպեկը կոպեկին հասցնում: Սակայն չեմ կարծում՝ ձեզ մոտ այդ դեպքն է, բայց եթե այդպես էլ է՝ մի քիչ թասիբը չէր խանգարի:
Կարծիքներ