Աստծո ժամանակը չէ
Այն, ինչ այսօր կատարվում է Հայաստանում, գուցե երբեւէ չի եղել մեր պատմության մեջ՝ հնչում են սպանության կոչեր, մարդասպանին խոստացվում են փող ու Ազգային հերոսի կոչում, ժողովրդի մի հատվածին մարդու իրավունքների պաշտպանության պատասխանատու պատգամավորը համարում է ժեխ, ու քաղաքակրթական այս աղետի հետ համաքայլ է եկեղեցին։
Եկեղեցին այս ամբողջ անմարդկային, ինչ-որ իմաստով՝ անասնական արնախմության կողքին է։ Եկեղեցին դարձել է հայ մարդու անկման փայատեր։
Ընդդիմության առաջնորդը զարմանում է, որ հայ ժողովուրդը բարի է, քանի որ երկիրը պարտության տանողին դեռ չի սպանել։ Իսկ ի՞նչ է տեղի ունեցել։ Պարզենք քաղաքակրթական, մշակութային եւ կրոնական ասպեկտներով։
Քաղաքակրթական առումով մենք տեսանք մի անդունդ, որն ընկած է մեր ցանկությունների ու հնարավորությունների միջեւ, մենք տեսանք, որ մեր ցանկություններն արգելափակում են ապագայի լեզուն։ Մենք՝ պետության առաջնորդից մինչեւ ամենաշարքային հայաստանցի, այսօր չենք տեսնում վաղը։ Քաղաքակրթական առումով մենք նույնիսկ պարտությունը չենք կարողանում օգտագործել որպես հնարավորություն, որովհետեւ պարտություններն ինստիտուցիոնալ վերլուծության չեն ենթարկվել, մենք երբեք չենք դիտարկել, թե ով է պարտված հայը, ինչպես նա պետք է պատրաստ լինի արտաքին մարտահրավերներին, որոնք, հնարավոր է, կարող են զրոյացնել նրա արժանապատվությունը։
Մշակութային առումով մենք, փաստորեն, իր նախնական փուլում գտնվող ազգային միավոր ենք, որը դեռ պետք է ապացուցի իր տեղն այս արեւի տակ։ Մենք ուժեղ ենք բնազդների մակարդակով, որոնցից դեռ պետական ոչինչ չի ծնվել։ Մենք ընդամենը առաջին անհրաժեշտության հույսերի, զգացումների ազգ ենք, որոնք դեռ չեն ձեւակերպել մեր քաղաքակրթական հավասարությունը մյուս ազգերի հետ։ Մենք չգիտենք ինչից կառչել, որպեսզի մնանք ոտքի վրա։
Մեր ներսում մշակութային ապաստարաններ չկան։ Թվում էր, թե պետության զգացման պակասը մեզ կնետի եկեղեցու գիրկը, որտեղ որոշ իմաստով շունչ կքաշենք։ Բայց այստեղ տապալվեցինք վերջնականապես։ Պարզվեց՝ եկեղեցին իր անդաստանից ցատկ է կատարել դեպի քաղաքական պարտավորություններ, եւ Աստծո ժամանակը չէ։
Կրոնական ասպեկտն ամենահետաքրքիրն է։ Մենք կարող էինք լինել ցանկացած կրոնի ներկայացուցիչ։ Բայց խնդիրը հայ լինելն է, ոչ թե՝ քրիստոնյա։ Քրիստոնյա ուրիշ ոչ մի երկիր մեր օրին չէ։ Կրոնը միայն պահեստավորել է մեր պարզ, գրեթե ոչնչի հետ չմիախառնված մեր դաժանությունը։ Կրոնը մեզ ավելի լավը չի դարձրել, որովհետեւ այստեղ մեծ երաժիշտ լինելն ավելի դժվար է ապահովում գոյությունը, որքան՝ պարզապես հոգեւորական լինելը։ Պարզապես պետք է դուրս պրծնել երկրից՝ սեփական արժանիքներիդ տեր լինելու ու այն բաշխելու համար։
Եվ այս ամենում ամենասարսափելին այն է, որ միշտ է այսպես եղել։ Ինքնին հայ լինելը սարսափելի բան չէ, սարսափելին Հայաստանում հայ լինելն է, որովհետեւ միտքը Հայաստանում վազել է դեպի կոմֆորմիզմը, որն ինչ-որ ժամանակ եղել է եկեղեցու եւ իշխանաց զբաղմունքը։
Այս օրերին այդ կոմֆորմիզմն ատամներով է դուրս եկել փողոց։ Հայաստանը տարօրինակ ջրբաժանի առաջ է ու դա՝ ամբողջ աշխարհի առաջ։ Սարսափելին այն է, որ կոմֆորմիզմն իր ատամներն առավել տեսանելի է ցույց տալիս մշակույթի գործիչների դեպքում։ Կոմֆորմիզմը միշտ ունի թշնամի։ Եվ առաջին անգամ անկախ Հայաստանի պատմության մեջ այդ թշնամին ոչ թե պետության առաջնորդն է, այլ․․․ ժողովուրդը։ Նույնիսկ «հայի վերջին խելքի» մասին չիրացված լեգենդը մնացել է անցյալում։ Ահա 5 հազարամյա Հայաստանի ամբողջ էվոլյուցիան։ Մենք Աստծուն դրել ենք մի կողմ, որպեսզի մեր վերջին կռիվը տանք այն բնազդների հետ, որոնց մեջ մարդու ծիլն է։ Քաղաքակիրթ աշխարհը դեռ անուն չունի այդ վերջին կռվի համար։ Որովհետեւ անհետացած ոչ մի ժողովուրդ այդ կռիվը չի ունեցել։ Դա կլինի մաքուր հայկական կռիվ, եւ արդեն Աստված էլ չգիտի, թե այդ կռվում ով ում առաջնորդն է։
Մհեր Արշակյան
«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ
Կարծիքներ