Մենք Իսրայելի նման պետք է սովորենք ապրել պատերազմի պայմաններում

Մենք Իսրայելի նման պետք է սովորենք ապրել պատերազմի պայմաններում

«Հրապարակի» զրուցակիցն է Ուկրաինայի ԶՈՒ սպա, Կիեւի քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Վասիլչուկը։

Սկիզբը՝ այստեղ

- Մարդիկ չե՞ն հոգնել պատերազմից։

- Իհարկե, հոգնածություն կա։ Պատերազմական 2 տարին քիչ չէ, եւ այն էլ մի պատերազմ, որը մեծ ինտենսիվություն ունի, շատ ծանր եւ ուժեղ զինտեխնիկա է կիրառվում։ Այս պատերազմի ժամանակ պարզվեց, որ աշխարհն այս պատերազմին պատրաստ չէր ո՛չ այս, ո՛չ էլ այն կողմից, այսինքն` ոչ միայն Ռուսաստանի դաշնակիցները, որոնք աջակցեցին նրան այդ արյունալի գործողություններում, ո՛չ նրանք, որոնք աջակցեցին դեմոկրատական Ուկրաինային։ Պարզվեց, որ ոչ ոք այդքան զինտեխնիկա չունի մատակարարելու համար։ Տեսնում եք, որ ռուսներն իրենց պահեստներից հանում են հնարավոր ցանկացած բան, որ կարելի է կիրառել՝ շատ հին զինտեխնիկա են գործածում։ Այո, նրանք արտադրում են նաեւ նորը, բայց շատ քիչ քանակությամբ։ Պարզվեց՝ արեւմտյան երկրները նույնպես չէին հաշվարկել այդպիսի ռազմական գործողությունների հավանականությունը, այդ պատճառով բավականաչափ պատրաստված չէին։ Դրա համար էլ հիմա սկսել են ֆինանսավորել, որ զինտեխնիկայի արտադրությունը մեծացնեն։ Կոնֆլիկտի երկու կողմերը պատերազմում են, պատրաստվում են, եւ մեր դաշնակիցները պետք է հասկանան, որ շատ բաներ, որոնք կատարվեցին մարտադաշտում, իրենց պատասխանատվության մի մասն է, որովհետեւ մենք ժամանակին չստացանք ռազմամթերքի բավարար չափաբաժինը, որը մեզ խոստացել էին մեր դաշնակիցները։ Բավարար քանակով չէր հարձակողական տեխնիկան, որը, ինչպես պարզվեց, արեւմտյան դաշնակիցների պահեստներում եւս ոչ այնքան լավ վիճակում է։ Ես լռում եմ ավիացիայի ու հեռահար հրթիռների մասին, որովհետեւ դա հնչում է կոմիքսի նման՝ մեզ անընդհատ խոստանում են դա տրամադրել, բայց այն մեզ հասնելու ճանապարհին անընդհատ կորում է։ Սակայն կարեւորն այն է, որ կա ծրագրում, որ դա առաջիկայում լինի։ Հիմա մեր օդաչուները սովորում են, եւ մենք զուգահեռաբար ե՛ւ ապրում ենք, ե՛ւ պայքարում ենք, ե՛ւ պատրաստում ենք մեր բնակիչներին ու բանակին շարունակական պատերազմին։ Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը հստակ ազդանշան է տվել, որ այս պատերազմը երկար է ձգվելու, դրա համար էլ գալիս ենք այն գիտակցմանը, որ, ինչպեսեւ Իսրայելը, մենք պետք է սովորենք ապրել պատերազմի ժամանակ։ Ստեղծում ենք պաշտպանողական ցանց, որը մեզ պետք է պաշտպանի այդ հարձակումներից։ Հատուկ դասընթացներ ենք անցկացնում մեր աշակերտների համար, որպեսզի մեր հասարակությունը շարունակի աշխատել, գործել, ու մեր բանակն էլ շարունակի ուժեղ մնալ։

- Նույն արեւմտյան հարթակներում շրջանառում են այն միտքը, որ պետք է ամեն ինչ անել, որ պատերազմն ավարտվի մինչեւ Նոր տարի։ Արդեն դեկտեմբերն է, բայց դրա հավանականությունը կա՞։

- Կարծում եմ՝ ցանկացած նորմալ մարդ ուզում է, որ պատերազմ չլինի, որպեսզի խաղաղ լինի կյանքը, բայց պատերազմի ավարտն ակնարկող որեւէ ազդակ, ցավոք, չկա։ ՌԴ-ն հիմա իր տնտեսությունը ձեւափոխում է այնպես, որ հնարավորինս ավելի շատ զենք արտադրի։ Ուկրաինան նույնպես ստեղծում է նոր զինատեսակներ, որովհետեւ մենք պետք է պաշտպանվենք։ Արեւմտյան դաշնակիցները նույնպես փոխում են արտադրությունը` ռազմականի ուղղությամբ: Ցավոք, Ռուսաստանին սկսեցին օգնել, ինչն արդեն բացահայտ է․ Հյուսիսային Կորեան, մասամբ՝ Չինաստանը եւ Իրանը, այդ իսկ պատճառով շատ դժվար է խոսել ինչ-որ նման ազդակների մասին։ Երկու կողմն էլ մաքսիմալ զինվում են։ Շատ դժվար է դեռ խոսել հնարավոր դադարների մասին։ Կարող էր նման դադար լինել երեւի, եթե լիներ մեր դաշնակիցների կողմից խոստացված սպառազինությունը, եւ եթե հաջողությամբ պսակվեին մեր հարձակողական օպերացիաները։ Բայց դրա համար մեզ հնարավորինս շատ հեռահար հրթիռներ, հրետանու համար նախատեսված հրթիռներ, հարձակողական գործողությունների համար նախատեսված ցամաքային տեխնիկա՝ տանկեր, ԲՏՌ-ներ, ԲՄՊ-ներ եւ, իհարկե, ավիացիա է անհրաժեշտ։ Մենք, չունենալով օդում բացարձակ հեգեմոնիա կամ առավելություն, կարողացանք մեծ ջանքերով հարավում ազատագրել մեր տարածքների մի մասը։ Պետք է հասկանալ, որ սուպերզենք չունենք, տարբեր տեսակի զենքերը պետք է համադրել, օգտագործել, դրա վառ օրինակն էր ուկրաինական ԶՈՒ-ի օպերացիան Ղրիմում։ Մենք սկզբում կարողացանք ոչնչացնել ռուսական ՀՕՊ-ը, հետո՝ նրանց ռադիո-էլեկտրոնային ուժերը, հետո մեր ինքնաթիռներով կարողացանք ոչնչացնել ռուսական նավատորմը հենց իրենց նավահանգիստներում, նույնիսկ հարված հասցնել Սեւաստոպոլի ռազմածովային ուժերի շտաբին։ Դա խոսում է այն մասին, որ այս պահին տարբեր բնույթի ռազմական օպերացիաներ են իրագործվում։ Այս օպերացիաներում մասնակցել են թե՛ ռազմաօդային, թե՛ ռազմածովային, թե՛ ցամաքային ռազմական ուժերը՝ պատկերացնո՞ւմ եք, թե ինչ ռեսուրսներ են կիրառվել։ Դրա համար մեզ անհրաժեշտ են այդ զենքերը, որոնք դեռ չենք ստացել։ Այնպես որ, դեկտեմբերին պատերազմի ավարտ դժվար թե լինի, դրա համար ինչ-որ սեւ կարապ պետք է լինի, եթե, օրինակ, վերջապես Պուտինը մեռնի։

- Զինտեխնիկայի մատակարարման հետ կապված խնդիրներ կա՞ն։

- Մատակարարումները շարունակվում են։ Մենք ունենք որոշ անհասկանալի իրավիճակներ մեր որոշ դաշնակիցների հետ՝ իրենց երկրի ներսում որոշ գործողությունների հետ կապված, բայց դա դեռ չի ազդել ռազմական մատակարարումների վրա։ Բայց այստեղ մի պահ կա, որ ռազմական մատակարարումները դեռ ոչ բավարար չափով են, ու դրա մասին ասում են հենց ամերիկացիներն ու եվրոպացիները։ Դրանք բավարար չեն ու ամբողջովին չեն ապահովում մեր զորքի պահանջարկը։ Կարծում եմ, որ իսրայելական կոնֆլիկտն էլ որոշակիորեն ազդեց։ Մեզ համար կարեւոր է, որ ռազմական մատակարարումներն ամբողջությամբ իրականացվեն, որպեսզի մեր զորքերը ո՛չ հրետանային քաղց ունենան, ո՛չ այլ տիպի։ Կարծում եմ, որ մեր գործընկերները դա հասկանում են եւ մեր ղեկավարության` ԳՇ պետի ու գերագույն գլխավոր հրամանատարի հետ ծրագրում են բավարարել մաքսիմալ առումով թե՛ մեր պահանջները, թե՛ լոգիստիկայի ապահովումը։

- Որոշ սոցհարցումներ վկայում են, որ Զելենսկու վարկանիշը կտրուկ ընկել է, ու նա ունի բնակչության 20-30 տոկոսի աջակցությունը։ Դա կազդի՞ առաջիկա ընտրությունների արդյունքների վրա։

- Այս պահի դրությամբ ոչ մի քաղաքական ուժ հնարավոր չի համարում Ուկրաինայում ընտրությունների անցկացումը։ Ուկրաինան կենտրոնացել է ռազմական գործողությունների վրա։ Ես չգիտեմ, թե այդ ինչ 20 տոկոսի մասին է խոսքը, հիմա 100 տոկոսանոց աջակցություն է վայելում այս պահին գերագույն գլխավոր հրամանատարը, որովհետեւ մենք պայքարում ենք մեր կյանքի համար, պատերազմում ենք ռուսական ցեղասպանական գործունեության դեմ, մեր՝ որպես ուկրաինացի ազգի ոչնչացման դեմ։ Այդ պատճառով հիմա չենք կարող ունենալ այլ մտքեր։ Երբ ընտրություններ անցկացվեն, այն ժամանակ էլ կարող ենք խոսել քաղաքական գործիչների ռեյտինգների մասին, այս պահին ոչ ոք չի դիտարկում ընտրությունների հավանականությունը։ Կոնսենսուս կա, որ ընտրությունների ժամանակը չէ։ Երբ պետությունն իր գոյության համար պայքար է մղում, երբ ժողովուրդը պայքարում է, որ չցեղասպանվի, ոչ մի ընտրության մասին խոսք չի կարող գնալ։ Հետեւաբար, ինչ-որ թեկնածուների մասին խոսելը եւս ավելորդ եմ համարում։

- Այնուամենայնիվ, Զելենսկուց բացի այլ առաջնորդներ կա՞ն։

- Իհարկե կան։ Նման առաջնորդներ կան նաեւ զինվորականների շարքերում։ Կարող եմ բերել Զալուժնու օրինակը՝ մեր գլխավոր հրամանատարը։ Իհարկե, քաղաքական ցանկացած ուժ կունենա իր թեկնածուն, եւ տեղական ինքնակառավարման մարմիններում կան առաջնորդներ, ուժեղ քաղաքապետեր ունենք՝ Կլիչկոն, Սադավոյը, Դնեպրի քաղաքապետ Ֆիլատովը։ Կարծում եմ, որ այս լիդերները հետագայում կմտածեն` իրենց պե՞տք է արդյոք երկրի առաջնորդի դերը ստանձնել, թե՞ ոչ։ Բայց այդ մասին կարելի է խոսել, երբ նման օրակարգ լինի։ Այս պահին եւ մոտակա ապագայում նման օրակարգ չկա` ո՛չ նախագահական, ո՛չ խորհրդարանական ընտրությունների, եւ դա հասկանում են բոլոր քաղաքական ուժերը։