Ո՞ր հարցում կանգնենք` մենք պաշտպանում ենք մեզ, մենք ուզում ենք ապրել

Ո՞ր հարցում կանգնենք` մենք պաշտպանում ենք մեզ, մենք ուզում ենք ապրել

«Հրապարակի» զրուցակիցն է Ուկրաինայի ԶՈՒ սպա, Կիեւի քաղաքային խորհրդի պատգամավոր Վադիմ Վասիլչուկը։ 

- Լուրեր տարածվեցին, թե ամերիկացի պաշտոնյաները ռուսների հետ քննարկում են ուկրաինացիներին համոզելու հարցը՝ բանակցությունների սեղանի շուրջ նստելու համար։ 

- Կուզեի ճիշտ դնել շեշտերը, եթե մենք խոսում ենք Ուկրաինայի պատերազմի մասին, ապա պատերազմը կարող է կանգնեցնել ոչ թե Ուկրաինան, այլ՝ Ռուսաստանը, երբ դուրս բերի իր զորքերն Ուկրաինայի տարածքից։ Ուկրաինական զորքերը չեն ներխուժել ՌԴ տարածք, այլ ռուսական զորքերն են այս պահին գտնվում անկախ պե-տություն Ուկրաինայի  տարածքում, եւ երբ խոսք է գնում նման լուրերի կամ հանդիպումների մասին, ապա դրանք մաքսիմում կարող էին ուղղված լինել նրան, որ ռուսները դուրս հանեն իրենց զորքերն Ուկրաինայի տարածքից, եւ այդ դեպքում միայն կարելի է խոսել ինչ-որ խաղաղ բանակցությունների կամ էլ հնարավոր հետագա գործողությունների մասին։ Մեկ անգամ չէ, որ միջազգային հանրությունը տեսել է, թե ռուսական զորքերն ինչ սոսկալի բաներ են անում խաղաղ բնակչության հետ։ Երեկ տեսանյութ էր հրապարակվել այն մասին, որ ռուսական զորքերը միջազգային իրավունքի խախտումներով են պատերազմ վարում, թե ինչպես են նրանք գնդակահարում ուկրաինացի զինվորականներին, ովքեր ձեռքերը վերեւ բարձրացրած՝ գերեվարվել են: Ստացվում է` ռուսները սպանել են գերիներին։ Նման հանցագործությունները պատժվում են միջազգային իրավունքով եւ վաղեմության ժամկետ չունեն, եւ եւս մեկ անգամ կուզեի ճիշտ դնել ակցենտը՝ ռուսական զորքերն ուկրաինացի ազգի ցեղասպանություն են իրագործում՝ հենց Ուկրաինայի տարածքում։ Ռուսական զորքերին այստեղ ոչ ոք չի հրավիրել, ռուս զինվորականներն իրենց պահում են բանդիտների, ահաբեկիչների նման: Նրանք պետք է հեռանան Ուկրաինայից։ 

- Ի՞նչ իրավիճակ է այժմ Ուկրաինայում, ի՞նչ է կատարվում ռազմաճակատում։ 

- Պատերազմ է, ու այն տարբեր դրսեւորումներ ունի, ինչպես հարձակողական գործողություններ են ձեռնարկվում, այնպես էլ պաշտպանական։ Մեր ֆրոնտը շատ մեծ է, եւ ֆրոնտի տարբեր կողմերում տարբեր իրավիճակ է։ Որոշ վայրերում հարձակողական մարտեր ենք վարում, որոշ հատվածներում ստիպված ենք լինում պաշտպանվել։ Հարավում հիմա Խերսոնի մարզի դեսանտի տեղակայման օպերացիան է ընթանում, Ղրիմում մենք հարձակվում ենք ռուսական ֆլոտի վրա. նրանք թաքնվել են իրենց նավահանգիստներում, ու սա՝ այն պարագայում, երբ Ուկրաինան փաստացի կորցրել էր իր նավատորմը գրեթե ամբողջությամբ, բայց մենք կարողացանք գտնել ռուսական նավերը ոչնչացնելու այլ տարբերակներ։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ռուսական նավատորմն այդպիսի կորուստներ չի ունեցել, ինչպես հիմա։ Ես կարծում եմ, որ դա Ուկրաինայի շատ մեծ հաղթանակն է։ Հիմա ծանր պաշտպանողական մարտեր ենք վարում Ավդեեւկայի ուղղությամբ, բայց դա նույնպես նախատեսված էր, որովհետեւ ռուս թշնամիները կենտրոնացրել են բավականաչափ մեծ ուժեր, եւ այնտեղ հիմա ստիպված ենք պաշտպանվել։ Նույնիսկ նախագահն ուշադրություն դարձրեց այս հարցին՝ ասելով, որ անհրաժեշտ է ուժեղացնել պաշտպանական գիծը։ 

- Արեստովիչը, օրինակ, առաջարկում է հենց այս պահին դադարեցնել պատերազմը, սպասել, մինչեւ Պուտինը հեռանա, ու փորձել վերադարձնել ամեն ինչ այնպիսի ռուս առաջնորդի հետ, ում հետ հնարավոր կլինի բանակցել։ 

- Պարոն Արեստովիչը, այսպես ասեմ, բավականին տարբեր հեղինակություն ունի։ Նա կարող է տարբեր բաներ ասել, ու քանի որ նա հիմա պաշտոնատար անձ չէ, իրավունք ունի իր մտքերը բարձրաձայնել, բայց թե որքանով են դրանք ակտուալ՝ դժվար է ասել, որովհետեւ թեզիսը, որ մենք պետք է կանգնենք… մենք մեր տարածքների վրա պաշտպանվում ենք, ռուսները ցեղասպանում են ուկրաինացի ազգին, ուզում են ոչնչացնել Ուկրաինա պետությունը՝ այդ մասին ուղիղ խոսում է ՌԴ-ի քաղաքական իշխող խումբը, դա հնչում է նրանց բոլոր քարոզչական ալիքներով, որտե՞ղ եւ ո՞ր հարցում մենք պետք է կանգնենք։ Մենք պաշտպանում ենք մեզ, մենք ուզում ենք ապրել։ Երեւի թե լսել եք Իսրայելի կին վարչապետի խոսքն այն մասին, որ ինքը հասկանում է, որ Իսրայելի բոլոր հարեւաններն ուզում են իրենց մահը, բայց մենք ուզում ենք ապրել, դրա համար մենք պաշտպանվելու ենք։ Ռուսաստանի Դաշնությունն ուզում է մեր մահը, նրանք կարծում են, որ Ուկրաինան չպետք է գոյություն ունենա` ո՛չ որպես ազգ, ո՛չ որպես պետություն։ Այդ իսկ պատճառով չեմ կարողանում հասկանալ այդ խոսակցությունները` կանգնելու մասին։ Մենք շարունակելու ենք ոչնչացնել թշնամուն մեր տարածքի վրա, քանի դեռ չենք ազատագրել մեր տարածքը։ Դուք պետք է հասկանաք, ես զինվորական եմ, իսկ զինվորականը չի կարող մտածել այլ կերպ։ Սահմանադրության մեջ հստակ ասվում է՝ Ուկրաինայի զինված ուժերի պարտականությունն է՝ ազատագրել եւ պաշտպանել Ուկրաինայի տարածքային ամբողջականությունը՝ ամբողջ տարածքը։ Այդ պատճառով մենք՝ զինվորականներս, պայքարելու ենք, պաշտպանելու ենք ու ազատագրելու ենք մեր հայրենիքը։ 

- Նա նաեւ ռազմական հեղաշրջման կոչ է արել։ Ի՞նչ վտանգներով են հղի նման կոչն ու դրա իրագործումը։ 

- Ես շատ վատ եմ վերաբերվում հեղաշրջումների մասին հայտարարություններին, նույնիսկ Ուկրաինայում հեղափոխությունը ռուսական լրատվամիջոցները հեղաշրջում էին անվանում։ Ես կարծում եմ, որ դրանք սխալ ընկալված բառեր են, ու ոչ մի ռազմական հեղաշրջում չի լինի Ուկրաինայում՝ գոնե այս պահին։ Այն, որ զորքերում կան առաջնորդներ, դա լավ է եւ ճիշտ, քանի որ մարդիկ անցել են պատերազմով եւ, ինչպես ասում են, երկաթի նման կոփվել են, ավելի լավ են հասկանում անվտանգությունը, հասկանում են` ինչ է պատերազմը, ու հասկանում են մարդկանց կյանքի ու անվտանգության իրական արժեքը։ Եվ երբ մենք խոսում ենք այն մասին, որ զինվորական լիդերները պետք է լինեն քաղաքական էսթաբլիշմենթում, դրան ես աջակցում եմ, ինչ վերաբերում է հեղաշրջմանը, կարծում եմ՝ դա սխալ է հասկացվել։ 

- Կլիչկոն էլ հայտարարեց, որ Ուկրաինան վերածվում է ավտորիտար պետության։ 

- Ավտորիտարիզմի մասով արված հայտարարությունը, կարծում եմ, տեղական ինքնակառավարման մարմինների ու կենտրոնական իշխանության հակադրության շարքից է։ Կարծում եմ, որ դա ավելի շատ զգացմունքային հայտարարություն է եղել, որովհետեւ մի որոշմամբ փաստացի իշխանությունը տեղական մարմիններից ֆինանսավորումը վերցրեց ոչ միայն Կիեւում, այլեւ Ուկրաինայի շատ քաղաքներում, որովհետեւ դա լուրջ խնդիր է դառնալու, թե ինչպես պետք է տեղական ինքնակառավարման մարմինները պահեն թիկունքը։ Այս թեմայի շուրջ է այս լարվածությունը, ու այդ որոշումն ընդունելուց առաջ պետք էր քննարկման հրավիրել նաեւ տեղական ինքնակառավարման մարմիններին ու նրանց հետ փորձել գտնել հարցի լուծումը։ Հասարակությունը տեսնում է, որ այդ որոշումը բյուջեն լցնելու հեշտ միջոց էր, դրա համար էլ ավտորիտարիզմ է որակվել, կամ էլ իսկապես այդ գումարները կօգտագործվեն բանակի ծախսերի համար։ Ենթադրում եմ՝ երեք-չորս ամիսների ընթացքում պարզ կդառնա, թե որքանով են այդ գումարներն արդյունավետ օգտագործվել բանակի կարիքները հոգալու համար։ Բոլորն էլ զինվորականների հետ կապ ունեն, եւ դժվար չի լինի հասկանալ, թե դա որքանով է ծառայել բանակի օգտին։ 

- Եթե Զալուժնին հեռանա, ինչպես ոմանք ենթադրում են, ի՞նչ տեղի կունենա։ 

- Դա բարդ հարց է։ Ես զինվորական եմ, եւ իմ գլխավոր հրամանատարը՝ վերին ղեկավարությունն ինքն է, ու պետք է հասկանալ, որ իր ղեկավարությամբ մենք անցել ենք շատ ծանր էջեր մեր պայքարում, եւ շատ զինվորականների համար, ինչպես նաեւ շատ քաղաքացիականների համար Զալուժնին մեր դիմակայման սիմվոլն է, այսինքն՝ Զալուժնին ուկրաինական բանակի սիմվոլն է, որը կարող է կռվել, կարող է պաշտպանել իր երկիրը, կարող է պաշտպանվել եւ ազատագրել օկուպացված տարածքները, թշնամու ատամներին հասցնել, ինչպես դա արվեց Կիեւի շրջակայքում, երբ երկրի հյուսիսից վռնդեցինք թշնամուն, ինչպես դա արվեց Խարկովի մարզում։ Ես եղել եմ Կիեւում եւ Խարկովում, նաեւ հարավում է նույնը եղել, նույն օպերացիաները ծովում են անցկացվել՝ կոմպլեքսային, ու հաջողվել են: Երբ ռուսական նավատորմը հսկայական կորուստներ ունեցավ, իրենք վստահ էին, որ Ուկրաինային հաղթել են, այնինչ այնպիսի հարված ստացան, որ գուցե ցամաքում չեն ստացել։ Այդ իսկ պատճառով ես նրա հեռացումը պատերազմի ժամանակ հավանական չեմ համարում։ Բայց եթե դա տեղի ունենա, շատ մեծ սխալ կլինի։

Շարունակելի