112 օր հացադուլի մեջ

112 օր հացադուլի մեջ

ԱԺ Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ  Նաիրա Զոհրաբյանը հանձնաժողովի անդամների հետ այսօր այցել ել  է «Դատապարտյալների հիվանդանոց»՝ ստանալով դատապարտյալներից ահազանգեր իրենց հիվանդությունների և կալանքը կրելու անհամատեղելիության հետ կապված։ Նաիրա Զոհրաբյանն ասաց․«Ծանրագույն խնդիրներ կան, ուղղակի աղաղակող խնդիրներ կան, որոնց վերաբերյալ ես և հանձնաժողովի մյուս անդամները վաղը պաշտոնապես կդիմենք արդարադատության նախարարին։ Մասնավորապես, կան դատապարտյալներ, որոնք քայլող ուրվականներ էին։ Եվ կային դատապարտյալներ, առնվազն երկուսը, մեկը ազգությամբ վրացի Ավթանդիլը․ որի շաքարը երբ չափում էին, արյան մեջ շաքարի պարունակությունը չափող ապարատը այլևս ցույց չէր տալիս՝ 33-ից հետո։ Եվ զարմանալիորեն, երբ նույն քրեակատարողական ծառայության «Դատապարտյաների հիվանդանոցի» բժիշկները տալիս են եզրակացություն նրանց ծանր առողջական վիճակի մասին, նույն այդ դատավորները այդտեղ որևէ խնդիր չեն տեսնում և մարդկանց հետ են վերադարձնում կալանավայր կամ Դատապարտյալների հիվանդանոց»։

Զոհրաբյանն այսօր Գիտության, կրթության հանձնաժողովի նիստից հետո հայտարարել էր, որ շտապում է «Դատապարտյալների հիվանդանոց», որտեղ կա  87 օր հացադուլի մեջ գտնվող մի կալանավոր՝ Վահե Մելոյանը։ Պարզվում է, որ նա հացադուլի մեջձ գտնվում է ոչ թե 87, այլ 112 օր՝ այս տարվա սեպտեմբերի 2-ից։ Հարցին, թե ինչ վիճակում էր նա ասաց,․ «Իհարկե իմ, բոլորիս համար մի քիչ դժվար պատկերացնելի է 112 օր հացադուլի մեջ լինելը։ Բնականաբար, մենք փորձեցինք զրուցել Վահեի հետ, ինքը սարսափելի թույլ էր և շատ դժվարութամբ էր արձագանքում մեր հարցերին»։

Նշենք, որ Մելոյանի վերաբերյալ դատավճիռ չկա, ընթանում է քննություն և Վահեն միայն մեկ բան է ասում, որ ինքն անմեղ է։ 
Նա կտրականապես մերժել է է Զոհրաբյանի և մյուս պատգամավորների հորդորները՝ դուրս գալ հացադուլից։ ԱԺ մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահը դիմում է Վահեի կնոջը, որպեսզի նա հորդորի իր ամուսնուն՝ դուրս գալ հացադուլից։
«Եվ եթե ինքը ունի փաստարկներ, արգումենտներ իր արդարացիությունն ապացուցելու համար, դա ներկայացվի դատարանում։ Մենք որքան էլ նրան համոզեցինք, որ հացադուլը հարցի լուծման տարբերակ չէ, նա կատեգորիկ հրաժարվում էր»,-հավելեց Նաիրա Զոհրաբյանը։

Շաբաթ օրն էլ նա այցելել էր «Արմավիր» ՔԿՀ։ Այնտեղ ևս, ըստ Զոհրաբյանի, կան դատապարտյալներ, որոնք ևս  անհապաղ բժշկական միջամտության կարիք ունեն։