Այ, էդպես իմ երեխային «ալուկուլ» արեցին ու տարան
«Ես հավատում եմ, որ իմ երեխան ողջ է, և ես գտնելու եմ իմ երեխային»,- «Հրապարակի» հետ զրույցում ասաց քաղաքացի Հռիփսիմե Սարգսյանը, որը 2006 թվականին ծննդաբերել է հանրապետական ծննդատանը, բայց այդպես էլ չի տեսել իր երեխային, միայն ձայնն է լսել։ Մենք շարունակում ենք հեռախոսազանգեր ստանալ քաղաքացիներից, որոնք պատմում են հանրապետական ծննդատանը իրենց երեխաների մահվան ու անհետացման դեպքերի մասին։ Հիշեցենք, որ «ծնողներից երեխային ապօրինի բաժանելու կասկածանքով մեղադրանք է առաջադրվել «Վերարտադրողական առողջության, պերինատոլոգիայի, մանկաբարձության և գինեկոլոգիայի հանրապետական ինստիտուտ» ՓԲ ընկերության տնօրեն Ռազմիկ Աբրահամյանին, փոխտնօրեն Արշակ Ջերջերյանին, «Երևանի մանկան տուն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լիանա Կարապետյանին ․
« 2006 թվականի օգոստոսին 13-ին է եղել։ Ես խնդիր ունեի, գնացի բժշկի։ Խնդիր ասելով՝ քնած տեղից արթնացա, մի քիչ ցավեր ունեի, մինչև դա ամեն ինչ շատ նորմալ էր։ Այդ ժամանակ դոպլերը նոր էր դուրս եկել, ստուգումը 10 հազար դրամ արժեր։ Ինձնից բացարձակ գումար չէին վերցնում, կարծես նախապես պլանավորված բան լիներ, որ աչքերս փակեին։ Մարդիկ, որոնք գյուղերից կելե, հերթերի տակ էին, բոլորից գումար էր վերցնում, բացի ինձնից։ Բժիշկը Դավիթ Լևոնովիչն էր։ Ինձ ամեն ինչը համարյա անվճար էին անում, միայն արյան անալիզի համար էին գումար վերցնում։ Իմ հղիության կեսն էր անցել, 5-րդ ամիսն էր, ասացին՝ ինչ-որ «Ռուբելա» վիրուս կա, հղիությունը պետք է ընդհատեն։ Ասացի՝ ես հղիությունը չեմ ընդհատի, ինչ ուզում է լինի, թող իմ երեխան ծնվի։ Ասացին՝ լավ, խնդիր չկա, մենք դեղերը կտանք, ամեն ինչ նորմալ կլինի։ Այդ դեղերը խմելուց հետո ինձ մոտ ցավեր առաջացան, գնացի բժշկի, ասացին՝ քեզ մոտ բացվածք կա, քեզ պետք է «սիստեմա» նշանակենք, մի քիչ կդզվես, կգնաս տուն։ Ինձ պառկացրին հղիների սենյակում, «սիստեման» դրեցին, ես զգացի, որ այդ սիստեմայից ես ավելի եմ վատանում։ Քանի որ դա իմ առաջին հղիությունն էր, ես շատ բան չէի հասկանում, կողքս մի կին կար, իր հարսի մոտ էր եկել, ասաց՝ էս երեխու մոտ ծննդաբերության ցավեր են, էս ի՞նչ եք անում, ինչի՞ համար եք «սիստեմա» միացնում։ Էս քույրը իր բերանը անընդհատ փակում էր՝ չի կարելի, նման հայտարարություններ մի արեք և այլն։ Գնալով ցավերը ավելի ուժեղանում էր, ինձ փաստորեն իրենք արհեստական ցավեր տվեցին։ Մի քիչ ցավ տարա, ինձ տարան ծնարան»,- մեզ հետ զրույցում ասաց Հռիփսիմե Սարգսյանը։
Ըստ Սարգսյանի՝ ինքը 4-րդ օրն է իմացել, որ երեխան մահացել է, մինչդեռ նախկինում հետազոտությունների ժամանակ ասել են, որ առողջ երեխա է։ Երեխայի մահվան հանքամանքների ու պատճառների վերաբերյալ որևէ փաստաթուղթ Սարգսյանը չի ստացել․
«Երեխան ծնվեց ձայնով, լացով, ամեն ինչով, բայց ինձ ցույց չտվեցին, շորով փաթաթեցին ու տարան։ Ինչ վճարում որ ցանկանում էինք մինչ այդ անել, անընդհատ ասում էին, որ պետք չէ։ Ամուսինս իմ գլխին այդ րոպեին կանգնած էր, երբ երեխաս պիտի ծնվեր, բժիշկը արագ ասաց, որ գնա շուտ անկետա հանի , կարծես ամուսնուս ուզում էին այդտեղից ցրել։ Ինձ 4-րդ օրն են ասել, որ երեխան մահացել է, ինձ չէին ասել, որովհետև շատ ծանր կտանեի, իսկ ամուսնուս ու մորս հենց նույն օրն են ասել, որ մահացել է, բայց երեխային ցույց չեն տվել։ Ինձ ոչ մի փաստաթուղթ չեն ցույց տվել, ոչ անալիզները, թե ինչից է մահացել։ Ասում են՝ վիրուսից է մահացել, ասում եմ՝ մի հատ թուղթ ցույց տվեք, որ ես հավատամ, որ իմ երեխան վիրուսից է մահացել։ Ինձ ասացին՝ հանդարտվիր, դու հիմա սխալ բաներ ես խոսում։ Գլուխս շոյելով համոզելով․․․ ես էլ մի քիչ ջահել էի այն ժամանակ, ամուսինս էլ՝ պետք չէ, խայտառակ չլինենք և այլն , բոլորը բերանս փակեցին։ Իմ երեխային հաստատ տարել են, որովհետև երբ ինձ դոպլեր էին անում, ասում էին, որ շատ առողջ երեխա է, դյուցազն է ծնվելու։ Եթե նման վիրուս իմ մեջ կար, ես հետո ինչպե՞ս երեխաներ ունեցա։ Այ այդպես ծածկադմփոց արեցին, ինձ ուղարկեցին տուն»։
Հռիսփսիմե Սարգսյանը պատմեց, որ դրանից հետո ևս 2 ծննդաբերություն է ունեցել Հանրապետական ծննդատանը, որից մեկը կեսարյան հատմամբ, սակայն դրա համար էլ իրենից ոչ մի գումար չեն վերցրել, ինչը և կասկածի տեղիք է տվել․
« Ես դրանից հետո 2 ծննդաբերություն եմ իրենց մոտ ունեցել, էլի լրիվ անվճար են արել, լյուքս պալատում, ամենաիդելական ձևերով։ Կարծես ամեն ինչով իմ աչքերը փակում էին։ Դուք պատկերացնո՞ւմ եք կեսարյան վիրահատություն անեն և դրա համար ոչ մի կոպեկ գումար չվերցնեն, նույնն էլ 2-րդի ժամանակ։ Ինձ չէին թողնում ես իմ երեխային տեսնեի, ասում էին՝ թույլ է, մի սանտիմետր մոտիկ չեն թողել, միայն ձայնն եմ լսել, որ առողջ ճիչ էր, առողջ լաց էր։ Այ էդպես իմ երեխային «ալուկուլ» արեցին ու տարան։ Ես հավատում եմ, որ իմ երեխան ողջ է և ես գտնելու եմ իմ երեխային»։
Կարծիքներ