Մանրամասներ՝ Ախալքալաքում տեղի ունեցած բախումներից

Մանրամասներ՝ Ախալքալաքում տեղի ունեցած բախումներից

 

Երեկ երեկոյան Ջավախքում՝ Ախալքալաք քաղաքում բախումներ են տեղի ունեցել տեղի հայերի միջև: Ախալքալաքին հարակից Կուլիկամ գյուղի բնակիչները ծեծուջարդ են կազմակերպել Ախալքալաքում՝ այրելով քաղաքի կենտրոնում գտնվող «Արտսեկ» հյուրանոցը, դրա տիրոջ հետ կապ ունեցող չորս առանձնատուն: Սկսվել են անկարգություններ, կրակոց, դանակահարություն, ինչի հետևանքով կա նաև զոհ: Մեզ ասացին, որ կուլիկամցիները վրեժխնդրության հողի վրա են հարձակվել նշյալ հյուրանոցի տիրոջը պատկանող օբյեկտների վրա: Հյուրանոցի տերն էլ, թեպետ բնակվում է Ախալքալաում, բայց արմատներով Ախալքալաքի շրջանի Դիլիսկա գյուղից է: Դրանից ժամեր առաջ, ըստ տարածված տեղեկության, թեժ վիճաբանություն է եղել հյուրանոցի տիրոջ և Կուլիկամի բնակիչների միջև, հնչել է կրակոց, ինչի հետևանքով մահացել է կուլիկամցի մի երիտասարդ:

Նշենք, որ ջավախքցիներն առանց այդ էլ տաքարյուն ու պատվախնդիր ժողովուրդ են, իսկ Դիլիսկան ու Կուլիկամը այդ հարցում առավել աչքի ընկնող, նույնիսկ «կռվարար» գյուղեր են համարվում, և զարմանալի չէ, որ նրանց բնակիչների միջև բախումը նման ծանր հետևանքներով է ավարտվել:

Փոխարենը զարմանք է առաջացնում տեղի ոստիկանության առերևույթ պասիվությունը կամ գուցե ուշ արձագանքելը, երբ քաղաքի կենտրոնում մոտ քսանհոգանոց խումբը հաջողեցրել է չորս տուն և մեկ հուրանոց այրել, ու ոստիկանությունը դրա դեմը չի կարողացել առնել, ժամանակին չի կանխել, որ անդառնալի հետևանքներ տեղի չունենան: 


Ջավախքում գործող տեղական հայալեզու Atv 12 հեռուստատեսության լրագրող Սոնա Տոնականյանը Hraparak.am-ի հետ զրույցում որոշ մանրամասներ հայտնեց միջադեպից:

«Երեկ երեկոյան Ախալքալաքի կենտրոնում սկսվել է միջադեպը։ Կուլիկամցի երիտասարդի եւ «ArtSeg» հյուրանոցի սեփականատերերի միջեւ, որոնք արմատներով Դիլիսկա գյուղից են, բայց բնակվում են Ախալքալաքում։ Պատճառը, թե ինչի հանար է սկսվել բախումը, հստակ չէ, վիճաբանության ընթացքում եղել է դանակահարության դեպք, տուժողն անմիջապես տեղափոխվել է հիվանդանոց, միեւնույն ժամանակ հրազենային կրակոցի հետեւանքով մահացել է Կուլիկամ գյուղի 27 ամյա մի բնակիը։  Այնուհետեւ վրեժխմդրության հողի վրա Կուլիկամի երիտասարդները այրել են քաղաքի կենտրոնում գտնվող «ArtSeg» հյուրանոցը, 4 բնակելի տներ, որոնք բոլորն էլ կապված են հյուրանոցի սեփականատիրոջ հետ (ընկերների եւ բարեկամների են պատկանում), քաղաքում շարունակվել են անկարգություններ, միաժամանակ տարբեր փողոցներում կոտրել են մեքենաներ»,-ասաց Սոնա Տոնականյանը:
Ինչ վերաբերում է ոստիկանության աշխատանքին, ապա ջավախքցի մեր գործընկերուհին ասաց, որ Վրաստանի ՆԳՆ աշխատակիցները, ինչպես նաև հատուկ ծառայությունների աշխատակիցները աշխատել են դեպքի վայրերում, ոչ միայն Ախալքալաքի այլ նաև այլ մունիցիպալիտետներից են ժամանաել հսկողությունն ամրացնելու համար։ 
«Ախալքալաք է եկել նաև Սամցխե Ջավախքի նահանգապետ Բեսիկ Ամիրանաշվիլին։  Ուշ երեկոյան ոստիկանությունը փակել էր նաև դիլիսկա գյուղ տանող ճանապարհը, քանի որ վտանգ կար, որ ամբոխը տեղափոխվեր նաև այդ գյուղ, Դիլիսկայում եւս  աշխատել են համապատասխան կառույցների ներկայացուցիչները։  Եթե հսկողությունը ճիշտ ժամանակին չլիներ, հավանաբար հետևանքներն ավելի ծանր կլինեին, պարզապես անկարգությունները տեղի են ուենցել տարբեր փողոցներում։ Վնասի չափերի եւ տուժածների մասին պաշտոնական այլ տեղեկություն չկա»,-ասաց Ս. տոնականյանը: 
Նա նաև տեղեկացրեց, որ արդեն հարուցվել է քրեական գործ, կա ձերբակալված։