Համավարակի քաղաքական աստառը

Համավարակի  քաղաքական աստառը

Անընդհատ Հայաստանը համեմատում եք հարևան երկրների հետ և տարակուսում՝ ինչու՞ են համավարակի դեմ պայքարում նրանք ավելի կազմակերպված։ Ասենք ինչու՞ հարևան Վրաստանում այսօր 4 վարակակիր է եղել, Հայաստանում՝ 184։ Ամեն պատճառաբանություն գտնում եք, բայց մտքներովդ չի անցնում, ասելու, որ Հայաստանում պանդեմիան քաղաքականացված է։ Պանդեմիան քաղաքականացնելու փորձերը ի չիք են դարձնում հակահամաճարակային ջանքերը։ Հայաստանում փոխանակ վերահսկողության տակ առնեն կորոնավիրուսը, վերահսկողության տակ են առել ընդդիմադիր, այլախոհ ուժերին, նրանց ոչնչացնելու ծրագրեր են մշակում։  Օր չկա, որ մեկի դեմ գործ չհարուցվի, օր չկա, որ մի սկանդային «իբր թե բացահայտում չլինի»։ Դրանց զուգակցվել են կորոնավիրուսային պայմաններում քաղաքական չլուծված շատ նախագծերի հապճեպ կարգով Ազգային ժողովում անցկացնելը։ Կարծես թե կորոնավիրուսը «փրկություն էր իշխանության համար», մարդկանց ուղեղը լցնել այդ սարսափ ֆիլմով, իսկ իրենք անեն այն, ինչ սովորական պայմաններում չէին կարողանում անել։ Հակահամաճարակային պայքարի միակ ձևը Հայաստանում մարդկանց սարսափեցնելն է, «ուղեղներն անջատելը», հակահամաճարակային միջոցառումներ կազմակերպելու փոխարեն, իրավիճակից օգտվելով,  քաղաքական հաշվեհարդարներ տեսնելը։

Մինչև Հայաստանում թիվ մեկ օրակարգը չլինի կորոնավիրուսի դեմ պայքարը, քաղաքական շոուները չանցնեն հեռակա պլան, մինչ իշխանությունները չգիտակցեն, որ հաղթելու համար՝ մեկ ճակատով պիտի կռվել, լինելու ենք խայտառակ այս վիճակում։ Ու եթե, ինչպես Արսեն Թորոսյանն էր ասում, վարակակիրների թիվը հասնի հարյուր հազարների, մահվան թվերը հազարավորների, պատասխանատուն իշխանությունն է, ով հակահամաճարակային պայքարը օգտագործում է քաղաքական ու այլ նկատառումներով։ Բավական է հիշեցնել, որ իշխանության ներկայացուցիչն այսօր հայտարարում է, որ ուղիներ են փնտրում ՍԴ ճգնաժամը այլ ճանապարհով և ավելի արագ լուծելու ուղղությամբ, պարզ կլինի, թե նրանք ինչ ճգնաժամերի հաղթահարման ուղղությամբ են գործում։

Ժողովրդի ոչ սթափ, անպատասխանատու վիճակի պատասխանատուն էլ իշխանությունն է և թող չփորձեն իրենցից գցել պատասխանատվության բեռը։