Ադրբեջանի պարտականությունն է՝ ապահովել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ ԵՄ խոսնակ

Ադրբեջանի պարտականությունն է՝ ապահովել ԿԽՄԿ-ի գործունեությունը․ ԵՄ խոսնակ

Վերջին օրերին Բաքուն խեղաթյուրելով իրականությունը՝ մեղադրանքներ է հնչեցնում Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի՝ Արցախում գործող առաքելության հասցեին, նշելով, թե կազմակերպության ավտոմեքենաներով, իբր, չհայտարարագրված ապրանքներ են տեղափոխվում Լեռնային Ղարաբաղ և որ ԿՄԽԿ-ն չարաշահում է իր նկատմամբ Ադրբեջանի վստահությունը։

Ադրրբեջանի իշխանություններն այդ պատրվակով հերթական անգամ փակել են Լաչինի միջանցքը՝ արգելափակելով նաև ԿՄԽԿ առաքելության ելումուտը։

ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի՝ որպես Հարավային Կովկասում գործող միակ խոշոր մարդասիրական կազմակերպության գործունեությանը: Այն կարևորագույն մարդասիրական օգնություն և պաշտպանություն է տրամադրում կարիքավորներին՝ չեզոքության, անկախության և անկողմնակալության մարդասիրական սկզբունքներին համապատասխան: 

Այս մասին հայտարարել է ԵՄ խոսնակը՝ անդրադառնալով Հարավային Կովկասում ԿԽՄԿ գործունեությանը։

«Լաչինի միջանցքի երկայնքով նրանց աշխատանքը բացառապես կենտրոնացած է եղել Ղարաբաղի հայ բնակչության համար անհրաժեշտ կարիքների և մարդասիրական օգնության ապահովման վրա:

Ադրբեջանի իշխանությունների պարտականությունն է ապահովել, որ ԿԽՄԿ-ն շարունակի իր գործունեությունը և կանխի հնարավոր հումանիտար ճգնաժամը: ԵՄ-ն վճռականորեն աջակցում է ԿԽՄԿ-ի վճռորոշ դերին տարածաշրջանում և վերահաստատում է իր կոչը Ադրբեջանին՝ ապահովելու մարդկանց և ապրանքների անսահմանափակ տեղաշարժը Լաչինի միջանցքով»,- ասված է հայտարարության մեջ։