Կապ չունեմ մեղսագրվող արարքների հետ

Կապ չունեմ մեղսագրվող արարքների հետ

Երեկ հայտնի դարձավ, որ ՃՈ պետի տեղակալ Արթուր Տոնոյանն ազատ է արձակվել կալանքից։ Դատարանը բավարարել էր Տոնոյանի պաշտպանների վերաքննիչ բողոքը, ինչի արդյունքում երեկվանից նա ազատության մեջ է։ Տոնոյանը, հիշեցնենք, Ճանապարհային ոստիկանության պետի հաշվառման-քննական եւ տրանսպորտային միջոցների տեխնիկական փորձաքննության գծով տեղակալն է, եւ Հատուկ քննչական ծառայությունը քրեական գործ էր հարուցել, որի շրջանակներում Տոնոյանին մեղադրել էր Քրեական օրենսգրքի 195-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով եւ 308-րդ հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցավոր արարքների կատարման համար։ Ըստ մեղադրանքի՝ Տոնոյանը, իբրեւ, չարաշահելով պաշտոնեական լիազորությունները, համաձայնեցված գործողություններով սահմանափակել է ՀՀ ոստիկանությանը տրանսպորտային միջոցների հաշվառման համարանիշների մատակարարման հնարավորություն ունեցող մասնավոր ընկերությունների միջեւ մրցակցությունը, ընկերություններից մեկի մուտքը ՀՀ շուկա խոչընդոտելու ուղղությամբ կատարել է նպատակաուղղված գործողություններ` այդկերպ ապահովելով երկրորդ ընկերության մենաշնորհային դիրքը ՀՀ շուկայում եւ նպաստելով վերջինիս կողմից սահմանված խտրական գները պահպանելուն, ինչի հետեւանքով պետության օրինական շահերին պատճառվել է էական վնաս: Արթուր Տոնոյանը նոյեմբերի 21-ից կալանավորված էր։

Երեկ կալանավայրից տուն վերադարձի ճանապարհին Արթուր Տոնոյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իրեն վերագրված մեղադրանքը չի ընդունում։

«Քանի որ գործը նախաքննության փուլում է գտնվում, էս պահին չեմ ցանկանում որեւէ տեղեկատվություն տրամադրել, բայց մեղսագրվող արարքների հետ ընդհանրապես որեւէ աղերս չունեմ, որեւէ առնչություն չունեմ։ Ե՛վ իմ գործառույթով, ե՛ւ իմ գործառութային պարտականություններով ես չէի կարող մասնակից դառնալ որեւէ նման արարքի»,- ասաց Տոնոյանը։

- Այդ դեպքում ինչի՞ց ելնելով են Ձեզ նման մեղադրանք առաջադրել։

- Ես դա չեմ կարող ասել։

- Հիմա Ձեր խափանման միջո՞ցն է փոխվել, թե՞ վերացվել է առհասարակ խափանման միջոցը։

- Այո, խափանման միջոց կալանավորումը վերացվել է, այսինքն՝ առաջին ատյանի դատարանի որոշումը՝ կալանքի սանկցիայի վերաբերյալ, բեկանվել է։

- Դուք հիմա շարունակո՞ւմ եք պաշտոնավարել որպես ՃՈ պետի տեղակալ։

- Ես առայժմ չեմ կարող ասել, նոր եմ դուրս եկել, դեռ տեղեկացված չեմ։ Ես՝ ինքս, միջնորդություն եմ ներկայացրել, որպեսզի պաշտոնավարումս կասեցնեն։ Այսքանը կարող եմ ասել։

- Իսկ քննչական մարմինները փորձե՞լ են Ձեզնից ինչ-որ մեթոդներով ցուցմունք կորզել։

- Չէ, բացարձակ․․․ ամեն ինչ եղել է օրենքի շրջանակներում, իրավապահների հետ որեւէ խնդիր չի եղել։

- Այդ դեպքում ինչպե՞ս եք գնահատում Ձեզ առաջադրված մեղադրանքն ու իրավապահների գործողությունները։

- Բացարձակ կապ չունեմ մեղսագրվող արարքների հետ, դա ես ընթացքում կապացուցեմ։