Պուտինի մտքում՝ ինչպես «Կիկոսի մահը» հեքիաթում 

Պուտինի մտքում՝ ինչպես «Կիկոսի մահը» հեքիաթում 

Սովորաբար երբ մենք զրուցում ենք մարդկանց հետ կամ ունկնդրում ենք նրանց, հակված ենք լինում արտաբերվող խոսքը ընկալելու եւ արձագանքելու: Քաղաքական գործիչների լսելիս մանավանդ քիչ թե շատ լարված իրադրությունում, կամ քիչ թե շատ հրատապ խնդրի շուրջ, մեզ հետաքրքրում է ավելին, քան զուտ արտաբերվող խոսքը: Նման դեպքերում գոնե դիվանագետներն ու լրագրողները ջանում են քաղաքական առաջնորդի խոսքից որեւէ հավելյալ տեղեկություն ստանալ այն հարցերի շուրջ, ինչ իրենց հետաքրքրում է, երկրորդ` ջանում են ընկալել տվյալ գործչի մտքերի ընթացքը, որպեսզի մոտավոր ճշտությամբ ենթադրեն նաեւ նաեւ այն, ինչ չի բարձրաձայնվում: 

Այնպես որ փետրվարի 1-ին Հունգարիայի վարչապետ, ԵՄ-ում հայտնի կռվարար ու համարյա изгой Վիկտոր Օրբանի հետ ասուլիսի ժամանակ ամենքին հետաքրքրում էր, թե ՌԴ նախագահն անձամբ ինչ է ասելու Ուկրաինայի շուրջ իրադրության կապակցությամբ, ի վերջո հաջողվե՞լու է հասկանալ, թե ինչու է Վլադիմիր Պուտինը հարյուր հազարից ավելի զինվորական տեղաշարժել եւ կուտակել Ուկրաինայի հետ Ռուսաստանի սահմանին, այժմ էլ համարյա երեսուն հազար զինվորական է տեղակայում Բելառուս-Ուկրաինայի սահմանին` ըստ էության երեք կողմից շրջապատելով Կիեւի վերահսկողության ներքո գտնվող ուկրաինական տարածքները:

Բոլորը հետեւում էին, Պուտինն էլ խոսեց, սակայն կասկածում եմ, թե որեւէ մեկին հաջողվեց Պուտինի մտքերի ընթացքը հասկանալ: Մարդն ի՞նչ է ասում, ինչո՞ւ է ինքը երաշխիքներ պահանջում առ այն, որ Ուկրաինան երբեւէ չի անդամակցի ՆԱՏՕ-ին: Ըստ Պուտինի, ենթադրենք Ուկրաինան անդամակցում է ՆԱՏՕ-ին, եւ ինչ-որ ժամանակ հետո պատերազմ է սանձազերծում Ռուսաստանի դեմ` Ղրիմը հետ գրավելու համար, այդ պարագայում Ռուսաստանը ի՞նչ անի` ամբողջ ՆԱՏՕ-ի՞ հետ պատերազմի…

Իսկական Կիկոսի մահ…

Չէ, ինչ խոսք, այն որ Վլադիմիր Պուտինը ջանում է խուսափել ամբողջ ՆԱՏՕ-ի հետ հակամարտության մեջ մտնելուց, ցույց է տալիս, որ ՌԴ գործող նախագահը իրականության զգացողությունը լիովին չի կորցրել, գիտակցում է որ ոչ միայն ՌԴ զինված ուժերի, այլեւ առհասարակ Ռուսաստանի վերջը կարող է երանությոնից շատ հեռու լինել, եթե ՆԱՏՕ-ի հետ զինված հակամարտություն բռնկվի: Բայց լավ, հեռատեսորեն եւ գիտակցաբար ՆԱՏՕ-ի հետ բախումից խուսափելու համար Պուտինը ի՞նչ է ցանկանում, որ հանուն Ղրիմը պահպանելու, ինքը Ուկրաինա՞ն էլ կուլ տա: Բնականաբար, ծագում է հարց. ինչո՞ւ     է Ռուսաստանը Ղրիմը զավթել,  առաջին հերթին: Իրոք, ինչո՞ւ է զավթել, որ հիմա էլ զավթածը պահելը իբր խնդիր դառնա: 

Շատ-շատերը կհիշեն, որ 2014-ին, երբ ՌԴ հատուկ ջոկատայիննները, կամ “կանաչ մարդուկները” Ղրիմի զավթման գործողությունն էին իրականացնում, Պուտինը միջազգային իրավունքի այդ կոպտագույն ոտնահարումը, հարեւան երկրի տարածքի զավթումը բացատրում էր նրանով, թե Ուկրիանան կարող է ապագայում անդամակցել ՆԱՏՕ-ին եւ Մոսկվան չի կարող թույլ տալ, որ Ղրիմը անցնի ՆԱՏՕ-ի վերահսկողության ներքո: Ստացվում է, ժամանակին Մոսկվան Ղրիմը զավթում էր, որ իբր ՆԱՏՕ գնացող Ուկրաինայից այդ կղզին պաշտպանի: Հիմա էլ առաջ գնալով որոշել է, որ առհասարակ պետք է խոչընդոտել Ուկրաինայի` ՆԱՏՕ-ին անդամակցելուն, որպեսզի հետո, ՆԱՏՕ-ով հզորացած չգա Ղրիմը ետ գրավի: Լրիվ Կիկոսի հեքիաթ, չասելու համար` ցնդաբանություն:

Երեւի Օրբանի հետ ասուլիսից հետո ՆԱՏՕ-ի բոլոր մայրաքաղաքներում ամենքը եզրակացրին, որ կամ ՌԴ նախագահ Պուտինը պահի թելադրանքով է շարժվում, առանց քայլերի ներքին տրամաբանության կամ հստակ նպատակի եւ ինքն էլ շատ չգիտի, թե հաջորդիվ ինչ է անելու: Կամ էլ ընդհակառակը շատ գիտակցված կերպով էլ զորքը կենտրոնացնում է Ուկրաինայի սահմանին եւ ոչ մի տրամաբանական բացատրություն չի տալիս դրաք, որպեսզի մի կողմից դիվանագիտական շփումները շարունակվեն, մյուս կողմից հարմար պահի` Ուկրաինայի, եւ գուցե ոչ միայն Ուկրաինայի ուղղությամբ հարձակողական գործողություններ ծավալի: 

Ամեն դեպքում ցանկացած ընթացքի պատրաստ լինելու համար երեկ արդեն ԱՄՆ եւ ՆԱՏՕ-ի զինուժի տեղաշարժը սկսվեց Արեւելյան Եվրոպայում` նոր ուժեր տեղափոխել-տեղակայելով Լեհաստանում, Գերմանիայում, Ռումինիայում: