Քաղաքացին չի կարողանում վերադարձնել իր 6 միլիոն դրամի ոսկյա իրերը

Քաղաքացին չի կարողանում վերադարձնել իր 6 միլիոն դրամի ոսկյա իրերը

Քաղաքացի Վահան Սիմոնյանը հայտնվել է փակուղում։ Բարձրագույն դատական խորհրդի անդամ, դատավոր Մեսրոպ Մակյանը 6 միլիոն դրամ արժողությամբ նրա ոսկյա իրերը կալանքի տակ է պահում։ Փաստաբան Կարեն  Հովհաննիսյանը «Հրապարակ»-ին պատմեց, որ տարիներ առաջ իր վստահորդին մեղադրանք է առաջադրված եղել, ունեցել է ամբաստանյալի կարգավիճակ, գործի քննության ընթացքում եւ դրանից հետո դատավորը,  ի հեճուկս բոլոր միջնորդություններին, քաղաքացուն պատկանող ոսկյա իրերի վրա դրած արգելանքը չի վերացնում․

«Գործը մինչ դատարան ուղարկվելը կալանք է կիրառվել այդ գույքի նկատմամբ, դա իրեղեն ապացույց չէ, պարզապես, եթե քաղհայց լինի կամ դատական ծախսերի հատուցում, այդպես փոխհատուցվի։ Գործը հետեւյալն է եղել․ գործարանից ոսկու խտանյութ է հափշտակվել եւ այլն․ իմ պաշտպանյալը դրա հետ կապ չի ունեցել, հափշտակել է այլ անձ, ինքն ուղղակի ոսկու շուկայում վաճառող է եղել։ Իրեն ի սկզբանե առաջադրվել է գողության մեղադրանք, հետո փոխվել է ակնհայտ հանցավոր ճանապարհով առարկա ձեռք բերելը եւ իրացնելը, հետո օժանդակության մեջ է մեղադրվել։ Նա, միանշանակ, չի ընդունել մեղադրանքը»։

Վահան Սիմոնյանի նկատմամբ համաներում է կիրառվել՝ առանց գույքի բռնագանձման։ Փաստաբանը նշում է, որ Մակյանը ոսկյա իրերը պահում է արգելանքի տակ այն հիմնավորմամբ, որ ապագայում կարող  է քաղաքացիական հայց հարուցվի, բայց որպեսզի նման հայց հարուցվի, պետք է գործի շրջանակում դա լինի․ «Դատավորն իրավունք չունի այդ գույքը պահի կալանքի տակ, առավելագույնը մի ամիս կարող է, եթե այդ մասին միջնորդում է քաղաքացիական հայցվորը, բայց, եթե մեր գործի շրջանակում այդ հայցվորը չի եղել, մի ամիս էլ չի կարող պահել։ Արդեն 1 տարուց ավելի է գույքը կալանքի տակ է։ Ամենաէական խնդիրը որն է՝ դատախազությունը դատարանում դիրքորոշում է հայտնել, որ գույքը պետք է վերադարձվի իմ վստահորդին, բայց դատարանը էլի շարունակում է պահել կալանքի տակ։ Այդ գույքը ոչ մեկինը չէ, ինչքա՞ն պետք է մնա կալանքի տակ»։

Արգելանքի հետ կապված Վերաքննիչ բողոք ներկայացվել է, սակայն առաջին ատյանի որոշումը մնացել է անփոփոխ․ «Բոլորն ընդունում են, որ պետք է ետ վերադարձվի, բայց ոչ մի մարմին չի ստանձնում դա։ Գույքը պետք է վերադարձնի դատարանը։ Հիմա որեւէ հիմք չկա, որ գույքը մնա կալանքի տակ, դատարանը չի կատարում իր վրա դրած պարտականությունները։ Մենք դիմել ենք նաեւ Կենտրոնական բանկին, որ վերադարձվի,այնտեղից էլ ասել են, որ պետք է դատարանի որոշումը լինի։ Ուզում եմ ուշադրություն դարձնեք այն հանգամանքին, որ այնտեղ ասվում է՝ քրեական դատավարության օրենսգրքի 430-րդ հոդվածով կարող եք դիմել դատարան, իսկ դատարանը հայտնում է, որ նման խնդիր չկա և գույքի հարցը լուծված է: ինչպե՞ս է լուծված, եթե ասել է՝ պահպանել կալանքը։ Այսինքն՝ դատարանի տրամաբանությամբ գույքը պիտի հավերժ կալանքի տակ մնա՞»։

Գործի վերաբերյալ մեղ հաջողվեց պարզել, որ ոսկյա իրերի ճակատագիրը թողնվել է Արարատի դատարանի որոշմանը, որն էլ չի անդրադարձել դրան։

Մենք փորձեցինք մեկնաբանություն ստանալ նաեւ դատավորից։ Վերջինս նշեց, որ մեկնաբանություն չունի, փաստաբանին գրությամբ պատասխանել է։