Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է 1-2 ամսվա ուտելիքի, հիգիենայի պարագաների, դեղորայքի պաշար կուտակի

Յուրաքանչյուր ՀՀ քաղաքացի պետք է 1-2 ամսվա ուտելիքի, հիգիենայի պարագաների, դեղորայքի պաշար կուտակի

«Պետք է հստակ տարբերակենք շարքային քաղաքացու եւ Հայաստանի իշխանությունների վերաբերմունքն Արցախի խնդրին․ Հայաստանի իշխանություններն այս հարցը փակել են՝ Արցախը ճանաչել են Ադրբեջանի մաս, նրանք հայկական պետականության նոր մոդել են գործարկում»,- մեզ հետ զրույցում ասաց Արցախի Հանրապետության նախկին արտգործնախարար, ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Արման Մելիքյանը։

«Նոր մոդելը ենթադրում է Հայաստանի Հանրապետություն, հայ ազգի միապետություն՝ նախկին խորհրդային սահմաններով․ սա է բանաձեւը։ Այսինքն՝ Խորհրդային Հայաստանը նոր Հայաստանի Հանրապետությունն է, որը լինելու է միակ ազգային պետությունը։ Նախկին մոդելը բաղկացած էր Հայաստանի Հանրապետությունից, որ ճանաչված էր, եւ անկախացած Արցախի Հանրապետությունից, որը միջազգայնորեն ճանաչված չէր։ Հայաստանի ներկայիս իշխանություններն արցախյան հատվածը հայկական պետականության քարտեզից հանել են, այն, գործող իշխանությունների հայտարարության համաձայն, փոխանցվել է Ադրբեջանին»,- ասաց Մելիքյանը։

Հետեւաբար, եթե խոսք է գնում Արցախը կրկին հայկական դարձնելու մասին, ապա դա լրացուցիչ ջանքեր է պահանջում, եւ այս փուլում Հայաստանի գործող իշխանություններն այդ ջանքերին ընդդիմանալու են՝ իրենց ունեցած բոլոր հնարավորությունները գործի դնելով՝ համոզված է Արցախի նախկին արտգործնախարարը։ Հարցին, թե արդյոք իշխանափոխության դեպքում Արցախի պետականության վերականգնման հնարավորություն կունենա՞նք, Մելիքյանն ասաց, որ հնարավոր իշխանափոխության դեպքում պետք է համապատասխան իրավաքաղաքական պլատֆորմ մշակվի, նաեւ՝ բանակցային, որի միջոցով հնարավոր կլինի հասնել այդ նպատակին, այսինքն՝ կա՛մ Արցախը կվերստեղծվի որպես առանձին անկախ պետություն, թեկուզ՝ ժամանակավորապես չճանաչված, կա՛մ կմիավորվի Հայաստանին։ Բնականաբար, Արցախի պետականության վերականգնումը հնարավոր է, սակայն դա իրագործելու համար իրագործողներ են պետք` գաղափարակիրներ ունենալու մասին է խոսքը։ Եվ խոսքն այստեղ ոչ թե վերացական վերստեղծելու, այլ կոնկրետ քայլերի միջոցով գործընթացի՝ ծրագրի մասին է: Եվ այդ ծրագիրն իրականացնելու համար ֆինանսական ու մարդկային ռեսուրսներ են անհրաժեշտ, երբ այդ ամենը կոնսոլիդացվի, այդ ամենը հնարավոր է, չկա որեւէ բան, որ հնարավոր չէ անել, եւ չկա աշխարհի երեսին որեւէ պետություն, որ հնարավոր չէ քանդել։

«Գործող իշխանությունները պետականության այլ մոդել են ընտրել, ուստի ցանկացած այլ տարբերակ, որը կգործարկվի իրենց ընտրած մոդելին զուգահեռ, ընկալվելու է որպես Հայաստանի ազգային անվտանգության եւ իրենց իշխանությունը վտանգող ամենագլխավոր սպառնալիքը: Ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Թուրքիան այդպիսի սպառնալիք չեն ընկալվի, որքան այս տարբերակը։ Ես չգիտեմ, դրա համար, անշուշտ, կան եւ օբյեկտիվ պատճառներ, որովհետեւ իշխանությունների ընտրած քաղաքական պլատֆորմը, բացի ամեն ինչից, հաջողության դեպքում նաեւ ապահովելու է այս իշխանության մեջ մտած անհատների անձնական խնդիրները, այսինքն՝ դրա միջոցով նրանք կապահովագրեն նաեւ իրենց քաղաքական նպատակները առնվազն հինգ-տասը տարվա կտրվածքով։ Թեեւ ասեմ, որ այդ ժամանակը նրանք չեն ունենալու։ Աշխարհաքաղաքական զարգացումների տրամաբանությունն այնպիսին է, որ մեկ-երկու տարվա ընթացքում մեր շուրջ կարող են ռադիկալ փոփոխություններ տեղի ունենալ, այդ թվում՝ նաեւ սահմանների։ Հայաստանը կարող է դիմանալ այդ արհավիրքներին, բայց իշխանությունը կարող է եւ չդիմանալ՝ անկախ բոլոր ձգտումներից, եթե, իհարկե, խոհեմ չգտնվի այս փուլում»,- նկատեց Արցախի նախկին ԱԳ նախարարը։

Հարավային Կովկասում Իրանի դեմ հավանական է ճակատ բացվի, ու կախված ռազմական գործողությունների ընթացքից՝ հնարավոր չէ կանխատեսել՝ Հայաստանը կդառնա՞ պատերազմական գործողությունների թատերաբեմ, թե՞ ոչ, սակայն դրա հավանականությունն էլ բացառել հնարավոր չէ։ Մելիքյանը շեշտում է, որ նման իրավիճակները հնարավորինս բացառելու համար իշխանությունները պետք է ճիշտ ռազմավարություն մշակեն, իսկ ժողովուրդն էլ մոբիլիզացվելու, ինքնակազմակերպվելու հակում ցույց տա՝ հնարավոր բոլոր շրջադարձերին դիմակայելու համար։
Նա ասում է, որ յուրաքանչյուր քաղաքացի, կոնֆլիկտի պահին խնդիրներից խուսափելու համար, առնվազն մեկից-երեք ամսվա ուտելիքի, հիգիենայի, դեղորայքի պաշար պետք է կուտակի, որպեսզի հնարավոր զարգացումների դեպքում կարողանա հոգալ իր եւ ընտանիքի կարիքները։ Նույնը վերաբերում է ախտահանիչ նյութերին, վիրակապերին, քանի որ լոգիստիկ խնդիրներ էլ հնարավոր է առաջանան: Պետք է իմանալ, թե ինչպես ապահովել հասանելիությունը խմելու ջրին։ Ինչ վերաբերում է իշխանություններին, ապա նրանց առաջնային խնդիրները ռմբապաստարանները կարգի բերելն է, անվտանգությունն ուժեղացնելն է, ճիշտ դիվանագիտություն վարելն է ու նոր դաշնակիցներ գտնելը: Եթե դա իշխանությունները չանեն, ապա Հայաստանի Հանրապետությունը հնարավոր է վերանա։ Մելիքյանը, սակայն, նկատում է, որ մեր պետությունն արտաքին դերակատարների միջամտության շնորհիվ է այսօր գոյություն պահպանում, հնարավոր է, որ ապագայում էլ այդ գործոնն իր դերը կատարի, սակայն մեր խնդիրն այն է, որ հասարակությունն առաջ բերի ընդդիմադիր ուժի երկրորդ էշելոն, որը կախված չի լինի արտաքին դերակատարներից, ինչպես այս իշխանության պարագայում է, որը կլինի ֆինանսապես անկախ եւ կունենա հստակ գաղափար ու նպատակ։
«Պետք է կարողանալ ձեւավորել ստվերային կառավարություն, որի անդամները բոլորին հայտնի են, որոնք գործունակ լինեն, մասնագետ լինեն եւ այդ առումով նաեւ վստահելի լինեն»,- ասաց Մելիքյանը։