Բոլոր քաղաքներում փոխվում են մալուխները

Բոլոր քաղաքներում փոխվում են մալուխները

Մոտ երկու տարի առաջ «Յուքոմից» առանձնացած, ապա «Բիլայն Արմենիա» ընկերությունը գնած և այն «Team Telecom Armenia»-ի վերածած Հայկ և Ալեքսանդր Եսայան եբայրներից Ալեքսանդրը, բացի «Team»-ի բաժնետեր լինելուց, նաև Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ)  նախագահն է հանդիսանում։

Երեկ նա Միության գործադիր տնօրեն Հայկ Չոբանյանի հետ ասուլիս էր տալիս ու խոսում իրենց կատարած աշխատանքից, հետագա ծրագրերից։

Առիթն օգտագործեցինք և նրան մի քանի հարց ուղղեցինք «Team Telecom Armenia»-ի մասին, որ կապից երբեմն դժգոհում են բաժանորդները, ասում են՝ «Բիլայնի» ժամանակ ավելի լավն էր կապի որակը։ Թեև՝ հատկապես ինտերնետի մասով ընկերությունը մալուխների արդիականացման աշխատանքներ է իրականացնում այս ամիսներին։

Բայց բջջային կապի որակից առհասարակ հաճախ են դժգոհում։ Ալեքսանդր Եսայանն ասաց․ «Խնդիրներ բոլոր օպերատորների մոտ կան միանշանակ, բոլոր խնդիրներով մեր թիմը զբաղվում է, ընդհանուր ցանցի մեծ բարելավման աշխատանքներ են կատարվել՝ օպտիկայի, կապի ընդհանուր ցանցի բարելավման մեծ աշխատանքներ են տարել, նաև ֆիքսված օպտիմայի ուղղվածությամբ մեծ ներդրումներ ենք արել, եթե նկատել եք՝ տարբեր քաղաքներում, սկսած՝ Երևան, Հրազդան, Էջմիածին, բոլոր քաղաքներում փոխվում են մալուխները, այսինքն՝ պնղձային այդ «Hi-Line» կապից անցնում ենք ամբողջությամբ օպտիկամանրաթելային ցանցի, որտեղ մեծ ներդրումներ ենք կատարում։

Իհարկե, ինքը բացի գումարից, նաև ժամանակային ռեսուրս տանող ներդրում է։ Բայց մեծ փոփոխություն արդեն իսկ Երևան քաղաքի մի քանի շրջանում գործարկել ենք, այս գործընթացն ամբողջ Հայաստանում է ընթանում, հենց գնման օրվանից սկսել ենք վերազինման աշխատանքը»։

- Ի դեպ, երբ  Դուք առանձնացաք «Յուքոմից», շատ գրվեց դրա պատճառների մասին, մի մասը ձեզ էր պաշտպանում՝ ասելով, որ «Յուքոմը», իրականում, դուք եք ստեղծել, մի մասը հակառակն էր պնդում։ Հետո ներկայացվեց, որ սա իշխանական պրոյեկտ էր․․․

-Չէ, դա հերքվեց, լրիվ սուտ էր դա, մի քանի անգամ հերքվել է, ես էլի հիմա հերքում եմ։

-Ասում էին, որ դուք ունեք իշխանական հովանավորչություն...

-Ո՞վ ա ասում․․․ էդ ասողին կարաք հարցնեք՝ որտեղի՞ց ձեզ էդ տեղեկությունը, ի՞նչ հիմքեր ունի, նման սուտ տեղեկություն թող չտարածի։

-Դուք հսկայական վարկ վերցրիք «Ամերիաբանկից», եթե կառավարության աջակցությունը չլիներ, մարդիկ կարծում են, որ ձեզ դժվար թե տրամադրեին այդքան վարկ։

-Համաշխարհային բանկն է, եղբայր, մեր ֆինանսավորողը, EBRD-ն և IFC-ն։ Երկու խոշորագույն կառույց մեր ֆինանսավորողներն են։

-Բայց դուք առանց կառավարության աջակցության կկարողանայի՞ք  «Team Telecom Armenia»-ն հիմնել։

-Չի եղել աջակցություն։