Մարդիկ պետք է հիշեն`վերջին անգամ իրենց տանիքը երբ են վերանորոգել․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Մարդիկ պետք է հիշեն`վերջին անգամ իրենց տանիքը երբ են վերանորոգել․ Ռոբերտ Քոչարյան (տեսանյութ)

Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների վերաբերյալ դատական նիստին այսօր պաշտպանական կողմը հանդես եկավ միջնորդությամբ՝ երկրորդ նախագահի նկատմամբ խափանման միջոց կալանավորումը գրավով փոփոխելու վերաբերյալ։

Մեղադրանքի կողմը, տուժողները եւ տուժողների իրավահաջորդներն ու ներկայացուցիչները առարկեցին միջնորդության դեմ, իսկ պաշտպանական կողմը՝ միացավ։ Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը միջնորդության վերաբերյալ հայտնեց իր դիրքորոշումը՝ ընգծելով, որ անարդար է, երբ նույն հոդվածով մեղադրվող մյուս անձինք ազատության մեջ են, իսկ Ռ․Քոչարյանը՝ կալանքի տակ։ Վերջում էլ ավելացրեց, որ կողմ է կալանավորումը փոփոխելու միջնորդությանը։

Սեյրան Օհանյանից հետո իր դիրքորոշումը հայտնեց երկրորդ նախագահը։

Նա նշեց, որ բոլորը գիտակցում են, որ իրեն կալանքի տակ պահելու ոչ հիմքեր կան, ոչ պայմաններ, և դա հետևանք է Հայաստանում տեղի ունեցող մի գործընթացի, որով իրեն թիրախավորել են որպես նշանակված մեղավոր:

«Հասկանում եմ, թե ինչ վիճակում են հայտնվել դատավորները, երբ այդ Ֆեմիդայի կշեռքի մի նժարին դնում են իրենց խոցելիությունը իշխանությունների առջև, դատախազության, իրավապահ մարմինների առջև, իսկ մյուսին` իրենց արժանապատվությունը, արհեստավարժությունը, խիղճը: Եվ ուղղակի մարդիկ պետք է հիշեն` վերջին անգամ իրենց տանիքը երբ են վերանորոգել կամ վերջին անգամ, միգուցե, մի սառնարան են գնել մի հինգ տարի առաջ, որի կտրոնը պահել են, թե չեն պահել, և վաղը, մյուս օրը հարցեր կտան, որոնց պատասխանը որևէ կերպ չի կարողանալու տալ»։

Քոչարյանի խոսքով՝ իր համար տհաճ է կանգնել դատարանում և փորձել համոզել, որ փախչելու և խոչընդոտելու մտադրություն չունի․ «Այս դահլիճում, այս կողմում նստած մարդկանցից ոչ մեկը ոչ փախչող է, ոչ խոչընդոտող է, մարդիկ իրենց ամբողջ կյանքում առաջնորդվել են արժանապատվությամբ ու հայրենասիրությամբ, սա է փաստը, հիմա ով ինչ խոսի, սա մեր կենսագրությունից ոչ մեկ չի կարող ջնջել»։

Քոչարյանի ելույթից հետո դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու։

Այն կհրապարակվի նոյեմբերի 7-ին, ժամը 12:00-ին։