Ի՞նչ վիճակում է Սամվել Բալասանյանի բիզնեսը. Դուբա՞յ է տեղափոխում

Ի՞նչ վիճակում է Սամվել Բալասանյանի բիզնեսը. Դուբա՞յ է տեղափոխում
Սամվել Բալասանյան

Տևական ժամանակ է՝ Գյումրիում համառորեն լուրեր են պտտվում, որ քաղաքապետ Սամվել Բալասանյանին պատկանող բիզնեսը անկում է ապրում: Բանն այն է, որ քաղաքապետը նոր իշխանության հետ խնդիրներ ունի: Անհանգստացած են նաև քաղաքապետի ընտանիքին պատկանող, քաղցրավենիք արտադրող «Անուշարան» գործարանի աշխատակիցները:

«Մենք էլ հստակ չգիտենք, թե ինչ է լինելու, առայժմ աշխատում ենք, բայց ներսում անընդհատ խոսվում է, որ եկող ամիս հնարավոր է չաշխատեք, ամիսը փոխվում է, մյուս ամսվա համար նոր հույս ենք փայփայում»,-մեզ հետ զրույցում ասաց գործարանի աշխատակցուհիներից մեկը: Նշենք, որ գործարանը շուր 600 աշխատող ունի՝ միջինը 80-120հզր դրամ աշխատավարձով: Մամուլում շրջանառվող լուրերի համաձայն՝ Սամվել Բալասանյանն իր բիզնեսը տեղափոխում է Դուբայ, քանի որ Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության կողմից արտոնյալ պայմանների խոստում է ստացել:

Մեր ջանքերն անձամբ Սամվել Բալասանյանի հետ կապվելու ապարդյուն անցան, փորձեցինք տեղեկությունը ճշտել Գյումրու քաղաքապետարանի մամուլի ծառայության միջոցով: Քաղաքապետարանի մամուլի ծառայությունից ոչ միայն շտապեցին հերքել քաղաքապետի ընտանիքին վերաբերող լուրերը, այլև ընդգծեցին, թե սա հերթական չճշտված տեղեկատվությունն է, որ մատուցվում է հասարակությանը՝ ինչ-ինչ նպատակներ հետապնդելով:

«Նման լուրերի հրապարակումը լրջորեն վնասում է արտադրամասի գործունեությանը, ապրանքատեսականու սպառմանը»,-նշում են քաղաքապետարանից՝ հավելելով, որ հրուշակեղենի գործարանը Դուբայ չի տեղափոխվում, ավելին՝ տևական ժամանակ է հայտարարության միջոցով աշխատանքի է հրավիրում մարդկանց: Ինչևէ, քաղաքապետարանի պատասխանից տպավորություն ստեղծվեց, որ Սամվել Բալասանյանի ընտանիքին պատկանող բիզնեսը ոչ թե անկում, այլ ծաղկում է ապրում: Գու՞ցե իշխանության հետ լեզու են գտել կամ իրավիճակ է փոխվել: