Արմինե Գաբրիելյան․ Շուշանը

Արմինե Գաբրիելյան․ Շուշանը

Շուշանն արթնանում է ամեն օր նույն ժամին, իրեն մի քիչ կարգի է բերում ու վազում դպրոց: Դպրոցը երեք փողոց այն կողմ է իր տնից: Մինչ դպրոց հասնելը մտածում է, թե այդ օրն ինչ է եփելու, մտքում ուրախանում, որ ամուսնու հետ դրած «պերերիվը» մատները հետը կուտեն արհեստավոր ընկերները, կգովեն Շուշանի ձեռքը, անել-դնելը, խելոքությունը, Վարոն էլ կասի.

- Դե կնիկ ա, էլի...

Սերը ցույց չտվող տղամարդիկ կան:

Դպրոց տանող ճանապարհն էլ Շուշոյի մտքերի նման միշտ անփոփոխ է: Շուշանը միշտ մայթով է քայլում: Քարուքանդ մայթի ձախ կողմում մի մեծ առու կա, առվեզրին` լի՛քը խատուտիկներ: Քաղիր ու փչիր` ինչքան սիրտդ կուզի: Որ երեխաներ ունենա Շուշոն, կզվարճացնի նրանց խատուտիկներ փչելով: Էս մտքերից ուրախանում եւ տխրում է Շուշոն: Արդեն յոթ տարի: 

Անամոթ քամին փռփռացնում է վառ դեղին արեւածաղիկներով շորի փեշերը: Մի ձեռքով զգեստի ճոթերը բռնած, մյուս ձեռքով` երկար ու խիտ գանգուրները, Շուշոն մտավ դպրոց: Զանգը հնչել էր, դպրոցի նեղ միջանցքում լռել աղմուկը: Տնօրեն Գրիգորյանը տնկվեց դիմացը.

- Շուշա՛ն, քանի՞ անգամ եմ ասել` աստիճանների տակի սարդոստայնը կմաքրես:

Շուշանի լեզուն կապ ընկավ: Ուզեց ասել` ախր երեկ եմ մաքրել, չկարողացավ:

Շուշանը պարոն Գրիգորյանին չի սիրում: Առհասարակ, խստապահանջ եւ «գրագետ» մարդկանց չի սիրում: Մի տեսակ քաշվում է, վախենում, թե ամաչում` ինքն էլ չգիտի: Գուցե՝ բոլորը միասին:

Շուշոն անմիջապես մտավ փոքրիկ սենյակը, որտեղ ինքը փոխվում է, սուրճ խմում, ազատ ժամանակ հանգստանում, արագ-արագ փոխեց շորերն ու ավելի հետ դուրս եկավ: Վազ տվեց աստիճանների տակ ու տեսավ, որ գետինը մաս-մաքուր է: Էս Գրիգորյանն ի՜նչ է փնթփնթում`աստիճանների տակ, աստիճանների տակ: Հենց էդ պահին ուսմասվար Խաչատրյանն էր անցնում` մատյանը թեւատակին, կոշիկները սալահատակի վրա կտկտացնելով:

- Ընկե՛ր Խաչատրյան, սարդոստայնն ի՞նչ է, Գրիգորյանը` սարդոստայն, հա սարդոստայն:

- Վա՛յ, Շուշան, Շուշան, քրքրվես դու, սարդոստայնն էլ չգիտես,- ծիծաղեց ընկեր Խաչատրյանը` Շուշանին միշտ դուրեկան իր ծիծաղով:- Սարանդոստիկն է:

- Վահ, բա էդպես ասեք,- հեռացող Խաչատրյանի հետեւից ցուցամատը տնկեց Շուշոն ու նայեց նրա կտկտան կարմիր կոշիկներին:

Շուշանն ավելով քանդում է սարդի բույնն ու մտածում վերջերս լսած նոր մոդայիկ բառակապակցությունների մասին` սեռական բռնություն, ընտանեկան բռնություն: Որտեղից է լսել՝ չգիտի։ Ֆեյսբուք չունի. մի օր, որ ամուսնուն հարցրեց` էդ ի՞նչ ա էդ Ֆեյսբուքը, բեր մենք էլ բացենք, հենա Անդիկենք էլ են արդեն բացել, մարդը կոպիտ շպրտեց.

- Ախմախ բան ա...

Շուշանը հավատաց ու մտածեց, որ շատ ու շատ նոր բաների նման անօգուտ ու անիմաստ բան է Ֆեյսբուքը: Մյուս կողմից էլ մտածեց, որ ամեն նոր բան չէ, որ վատ է: Չէ՞ որ լվացքի ավտոմատ մեքենաներն էլ սկզբում ասում էին՝ վատ բան է, մարդու նման լավ չի լվանա: Հենց իր սկեսուրը առաջին թշնամիներից էր, ասել էր` էն խոմ մարդ չի՞, որ իմանա` շապիկի օձի՞քն է կեղտոտ, թե՞ թեւքը: Ինքն ամբողջ կյանքում ձեռքով էր տրորել լվացքը եւ նույնը սովորեցրել Շուշանին: Սակայն երբ Շուշանն ընկերուհիների հորդորով առաջին աշխատավարձով լվացքի մեքենա էր ապառիկ վերցրել ու ինչ կար-չկար լվանալու, լցրել մեջը, հիացմունքից մեկ ժամ շարունակ աչքը չէր կտրել փոքրիկ կլոր ապակյա դռնակից: Օրհնել էր լվացքի մեքենա ստեղծողին էլ, առնել խորհուրդ տվողին էլ: 

Վերջը: Չիմացավ, թե որտեղից լսեց էդ բռնությունների մասին, բայց մտածեց, որ վատ բան է: Վատ է ոչ թե բռնությունը, այլ դրա մասին խոսելը: Ինչպես Ֆեյսբուք բացելը: Հաստատ էդ ֆեյսբուքներում են խոսում դրանց մասին: Դպրոցում չէր հիշում, որ նման բան սովորած լիներ: Այ, որ համալսարան գնացած լիներ, էնտեղի գրքերից ու դասախոսներից լսած կլիներ: Վաղը ուսուցչանոցը մաքրելիս կհարցնի ընկեր Սիմոնյանին: Նրան գովում են, ասում են` կարդացած-խելացի դասատու է: Պատմության դասատուից կհարցներ, բայց դե՝ էն տղամարդ է, ամոթ է: 

***
Շուշանը դպրոցից դուրս եկավ, արդեն հետկեսօր էր: Դասասենյակները մաքրել, միջանցքներն ավլել, սարդոստայններից մաքրել էր: Սարդոստա՜յն: Մարդավարի որ ասեք` չի լինի: Տեսնես տանն է՞լ է էդպես խոսում պարոն տնօրենը: Դժվար:  

Մայիսն անուշ բուրմունքով էր լցրել օդը: Ծաղկել էին դեղձենիները, խնձորենիները, բոլոր ծառերը: Շուշանը որոշեց գնալ Աստղիկին հյուր: Աստղը տեգրակինն է, մի քանի թաղ վերեւ էր ապրում: Ծաղկանոց ունի, վարդերն արդեն ծաղկած կլինեին: Շուշանի տունը այգի չունի. մի կողմում սար է` ամայի ու տխուր, մյուս կողմում հարեւան Սաշայի այգին է: Ասում են` Սաշան զոռբայությամբ Շուշանի սկեսրայրից առել է իրենց հասանելիք հողը` թողնելով մի քանի ոտնաչափ բակ: Մի հավանոցի տեղ էլ չունի: Ժամանակին  մեծ ու սիրուն այգի են ունեցել, սկեսուրը երիտասարդ ժամանակ վարդերով, կակաչներով, նարգիզներով ու ծխածաղիկներով է լցրել բակն ու այգին: Շուշանի հարս եկած տարին արդեն ո՛չ սկեսրայրը կար, ո՛չ էլ ծաղկանոցը, որի մասին սկեսուրն ախուվախով էր պատմում: Երեխա ունենալուց զատ, մյուս երազանքը սիրուն բակ ու բալկոն ունենալն էր: 

Աստղիկը լվացք էր փռում: Թափ էր տալիս թաց շորերը, մատներով վրաների անտեսանելի մազմզուկները պոկում ու կախ տալիս պարանին: Պարանի շորերն ու վարդերը համաչափ օրորվում էին մեղմ քամուց: 

- Սիրտս նեղված էր, ասի` գամ մի երկու բառ խոսենք,- սուրճի բաժակի բռնակը մատով քերելով` իր այցն արդարացրեց Շուշանը:

- Լավ ես արել,- կարճ կապեց Աստղիկը:

Աստղիկը չհարցրեց` բա ինչո՞ւ ես նեղված: Ժամանակ չուներ Շուշանի նվնվոցը լսելու: Վեր կացավ ու սկսեց կախել զամբյուղի շորերը: Շուշանը նայեց նոր լվացված երեխայի տոտիկ-շապիկներին ու քիչ մնաց բարձր ձայնով լաց լիներ:

- Դե լավ, ես գնամ: Վարոյին հաց չեմ սարքել,- սուրճը չվերջացրած` ոտքի ելավ Շուշանը:

Աստղիկը Շուշանին ուղեկցեց մինչեւ դրսի դուռը` աչքի պոչով զննելով նրա վառ դեղին արեւածաղիկներով շորն ու շորասազ մարմինը:

Բորշչի կաղամբն էր մանր-մանր կտրտում Շուշանն ու մտածում իր ու Վարոյի մասին: Ինչո՞ւ են ապրում իրար հետ: Սիրո՞ւմ են իրար: Հարմարվե՞լ են: Թե՞ երեխա ունենալու հույս ունեն: 

Նոր եփած բորշչի հոտն ամեն տեղ է` բակում, ճաշասենյակում ու խոհանոցում: Վարոն լուռ կուլ է տալիս համեղ կերակուրն ու չի հասկանում` կերածն ինչ է: «Շան պես հոգնած եմ»,- դեռ տուն չմտած` ասաց Շուշոյին: Շուշոն հասկացավ, որ էն օրերից է, երբ ժամը իննին Վարոն կպառկի քնելու, ու ականջի տակ զուռնա-դհոլ էլ նվագես, քնից չի արթնանա:

Ամաններն է լվանում Շուշանն ու մտածում` տեսնես էս գործերը որ չլինեին, մարդ ի՞նչ կաներ: Պարապությունից կխելագարվեր: Լսել էր, որ ինչ-որ մի տեղ` Եվրոպա կամ Ամերիկա անունով մի անհասցե-հեռու մի տեղ, գուցե արդեն Երեւանում, կանայք աման լվացող հատուկ սարք ունեն: Հավաքում են կեղտոտ ամանները, իրար գլխի լցնում ու լվացքի մեքենայի նման մի կոճակ սեղմում: Լավ, բա մնացած ժամանա՞կն ինչով են զբաղվում: Զարմանք բան: 

Շուշոն հագավ պուտիկավոր գիշերանոցն ու հանգցրեց լույսը: Պառկեց քնելու՝ առանց երազների, առանց վաղվա օրվա մասին մտածելու: Ի՞նչ մտածեր:

***
- Ընկեր Սիմոնյա՜՞ն,- իբր թե ուսուցչանոցի հատակն է սրբում Շուշանն ու ձեռքի հետ հարցնում,- ամոթ չլինի հարցնելը՝ էդ որ էդքան ասում են՝ սեռական բռնություն, ընտանեկան բռնություն, էդ ի՞նչ ա:

- Շուշա՛ն, ինչի՞դ է պետք, քեզ համար միամիտ ապրիր, էլի,-տետրերի տրցակն ի մի բերելով` ասաց ընկեր Սիմոնյանը:

- Դե որ բոլորը գիտեն, ասի` ես էլ իմանամ, ի՞նչ կլինի: Մենք մարդ չե՞նք,- մի քիչ նեղացավ Շուշանը:

- Շուշա՛ն ջան, դե ինչպե՞ս բացատրեմ, երբ կինը սեփական ընտանիքում ենթարկվում է ֆիզիկական եւ հոգեբանական ճնշումների, ասում են` ընտանեկան բռնություն:

Շուշանի համար մի քիչ բարդ էր:

- Ֆիզիկականը ծեծ ուտե՞լն ա:

- Նման մի բան:

- Բա հոգեբանակա՞նը:

- Դե, երբ բառերով կամ պահվածքով մեկ անձ ճնշում է մեկ այլ անձի:

- Լրիվ գժվել էն էս կնանիք: Տան եղածը վեր կենան, էստեղ-էնտեղ պատմեն, անունն էլ դնեն` ընտանեկան բռնությո՜ւն:

Շուշանի ձայնը խառնվեց զանգի ղողանջին, եւ ոչ ոք չլսեց նրան:

***
Ամսվա մեջ մի օր Շուշանը պարտադիր լաց է լինում: Երեխա չունենալու լացը: Մյուս օրերն ապրում է հույսով ու երազանքով, որ շուտով աչքալուսանք կտա Վարոյին: Բայց հենց գալիս է չարաբաստիկ օրը, եւ երազանքները փշրվում են, նստում ու հոնգուր-հոնգուր լաց է լինում: Վարոն էլի իրեն դեկորատիվ ծառ կանվանի: Ամեն անգամ չբերությունն էդպես է երեսով տալիս: Վարոն, որ դրսում մատդ դնես բերանը, չի կծի, Շուշանի մոտ առյուծ է դառնում: Ուրիշ կանայք Վարոյի նման բռի մարդ որ ունենան, վեր կկենան ու էստեղ-էնտեղ կպատմեն, կասեն` հոգեբանական բռնություն: Բայց ինչ արած, իմ խաչն է, պիտի կրեմ: Ո՞ր տղամարդը երկար կհանդուրժի չբեր կին: Ոչ մի: Շուշանը սրբեց արցունքները, վեր կացավ ու սկսեց ավել անել: 

Տեսնես էս գործերը որ չլինեին, մարդ ի՞նչ կաներ: Պարապությունից կխելագարվեր: 
 

«Մշակութային Հրապարակ» ամսաթերթ