Քննչական կոմիտեի հաղորդագրությունները ոչ թե իրավաբանները, այլ թատերագետներն ու դրամատուրգները պետք է վերծանեն

Քննչական կոմիտեի հաղորդագրությունները ոչ թե իրավաբանները, այլ թատերագետներն ու դրամատուրգները պետք է վերծանեն

Հայաստանում գործում է աննախադեպ ավտորիտար ռեժիմ, որը ողջ օրը աղաղակում է ժողովրդավարության, խոսքի ազատության ու դեմոկրատիայի մասին, սակայն հանրությունն ամեն օր շոկի է ենթարկվում` հերթական անօրինականությունից, որի հեղինակն իշխանությունն է: Երեկ պաստառներ փակցնելու համար բերման էին ենթարկել «Անտիֆեյք» կայքի երկու աշխատակիցների, դրանից ժամեր անց էլ տրանսպորտում Սամվել Վարդանյանի և ՔՊ-ական Հակոբ Ասլանյանի միջև տեղի ունեցած միջադեպից հետո լուր տարածվեց, որ ձերբակալված անձանց պահման վայր տանելու ճանապարհին ոստիկանների կողմից առանձնակի դաժան ծեծի է ենթարկվել երիտասարդը, ով ընդամենը իր բողոքն էր արտահայտել` ուղղված իշխանական պատգամավորին:

Նկատենք, որ եթե այստեղ խուլիգանական արարք կա, ապա դա ոչ թե քաղաքացին, այլ պատգամավորն է կատարել` հարվածներ հասցնելով քաղաքացուն: Եթե Հայաստանն իրապես լիներ ժողովրդավար երկիր, որտեղ մարդու իրավունքները գոնե չնչին պաշտպանված լինեին, ապա պատգամավորն առնվազն հրապարակավ պետք է ներողություն խնդրեր ի տես աշխարհի` շարքային քաղաքացուն հարվածներ հասցնելու համար, սակայն քանի որ Հայաստանը գողապետության է վերածվել` իշխանության մեջ գտնվողները բոլոր իրավունքներն ունեն, քաղաքացիները` նույնիսկ զայրանալու իրավունք չունեն:
Այն, որ սա քաղաքական հետապնդում է, վկայում է նաեւ Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությունը, որտեղ ասված է, որ քաղաքացի Սամվել Վարդանյանը քաղաքական ուժի մասին թշնամանք տարածող արտահայտություններ է արել: Քաղաքական ուժերի նկատմամբ ատելություն գեներացնելուց խոսում է մի իշխանություն, որը 2018-ից սկսած ՀՀԿ-աականներին էր հալածում, նրանց դագաղները պտտեցնում քաղաքում, ԱԺ ամբիոնից շարունակ ատելություն է տարածում ընդդիմադիր կուսակցությունների նկատմամբ, որի ԱԺ նախագահը թքում է  քաղաքացու վրա` մինչ իր թիկնապահները ձեռքերն են ոլորում և շարունակում է պաշտոնավարել: 

Փաստաբան Երվանդ Վարոսյանը «Հրապարակի» հետ զրույցում նշում է, որ Քննչական կոմիտեի հաղորդագրությունները վերլուծելու համար այսուհետ ոչ թե իրավաբան պետք է լինել, այլ թատերագետ: Փաստաբանի կարծիքով` Հայաստանում գործում է մի բնապետական ռեժիմ, որին չեն արձագանքում ոչ հայտնի հասարակական կազմակերպություններն ու իրավապաշտպանները և ոչ էլ միջազգային կառույցները.

«Եթե Քննչական կոմիտեն հաղորդագրություն տարածեր նույն տղայի մասին և նշեր տեռորիստական ակտի մասին, անգամ այդ դեպքում չէի զարմանա: Քննչականի հաղորդագրությունները և առհասարակ գործողությունները իրավաբանները մեկնաբանել այսուհետ չեն կարող: Դրանով պետք է զբաղվեն թատրոնի, կինոյի մասնագետները, թատերագետներն ու դրամատուրգները: Ինչ վերաբերում է քաղաքացիներին ծեծի ենթարկելուն, ձերբակալելուն և կալանավորելուն, ապա ես ոչ մի զարմանալի բան այդտեղ չեմ տեսնում, քանի որ գործ ունենք բռնապետական ռեժիմի հետ: Նորմալ է, որ այս պայմաններում նման դեպքեր ենք արձանագրում: Ինձ համար ավելի շատ զարմանալի է, այսպես կոչված, իրավապաշտպանների լռությունը, ինչպես նաև որոշ միջազգային կառույցների վերաբերմունքը: Եթե նախորդ իշխանությունների ժամանակ, ոստիկանների հսկողության տակ գտնվող անձը դաժանաբար ծեծի ենթարկվեր, դեսպաններն ու իրավապաշտպանները փողոցից տուն չէին գնա: Ավելին` որոշ իրավապաշտպաններ կարող էին անգամ ինքնահրկիզվել: Այս ամենից մենք կարող ենք մի փաստ արձանագրել, այդ մարդիկ իրավապաշտպաններ չեն: Մենք սխալվել ենք նրանց տարիներ շարունակ իրավապաշտպան անվանելով: Այդ մարդիկ ուղղակի աշխատավարձով աշխատող մարդիկ են, հիմա էլ են աշխատում, բայց արդեն ոչ իրավապաշտպան»,- ասում է փաստաբանը: 

Երեկ մարդկանց են բերման ենթարկվել` պաստառ փակցնելու համար, պաստառ փակցնելու մեջ կա՞ հանցակազմ.

«Հանցակազմ չկա ոչ մի տեղ: Ոչ Նարեկ Սամսոնյանի ու Վազգեն Սաղաթելյանի գործողություններում, ոչ պլակատ փակցնողների գործողություններում: Պարզ է, որ նրանք ոչ մի օրենք չեն խախտել, սակայն անգամ վերլուծելն այս պարագայում ավելորդ եմ համարում: Վաղը եթե իշխանությանը դուր չգա իմ ու Ձեր հարցազրույցը, կարող են նաև մեզ կալանավորվել, ո՞վ է նրանց ձեռքը բռնելու, ո՞ր դատարանն է կանխելու, ո՞ր միջազգային կառույցն է դատապարտելու: Չկան այդպիսիք»- նշեց նա:

Բայց հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը խոսել է Հայաստանում ժողովրդավարության անկման մասին.

«Այո, ամեն ինչին սահման կա:Հայաստանն այն աստիճան է իր սահմաններն անցել, որ խախտումներ չարձանագրել հնարավոր չէ: Երբ ոստիկանների հսկողության տակ գտնվող քաղաքացուն դաժան ծեծի են ենթարկում, սա առիթ է հանդիսանալու նոր ապտակների, որոնք հասցնելու են Հայաստանին միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները: Բայց Դուք տեսա՞ք իշխանության ռեակցիան Freedom House-ի եզրակացությանը: Կանգնեցին ասացին`  Freedom House- ը ո՞վ է, որ մեզ գնահատական տա: Հասել ենք այ այս օրվան: Պիտի այնքան բարձրաձայնենք ու այնքան պայքարենք այս ամենի դեմ, մինչև այս ռեժիմը քանդվի: Եթե այս ռեժիմը չկարողացանք քանդել, կքանդվի մեր երկիրը: Այլընտրանք չունենք», -եզրափակեց փաստաբանը: