Շիրակի մարզի ԱԺ նորաթուխներն ու ակնկալիքները

Շիրակի մարզի ԱԺ նորաթուխներն ու ակնկալիքները

7-րդ գումարման Ազգային ժողովում Շիրակը մարզը 6 պատգամավոր ունի: 6-րդ գումարման Ազգային ժողովում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Շիրակի մարզից 3 թեկնածու ուներ, այս անգամ երկուսն են՝ Վարդևան Գրիգորյանն ու Վարդան Ղուկասյանը, ովքեր մյուս չորսի համեմատ ունեն փորձառություն եւ ավելի տարիքով են: Նորաթուխներից են «Իմ քայլը» դաշինքով պատգամավոր ընտրված Կարեն Սարուխանյանը: Նրան մարզում ավելի լավ ճանաչեցին մարզպետ նշանակվելուց հետո, եւ ահա ընդամենը 7 ամիս մարզը կառավարելուց հետո գործուղվեց ԱԺ: 32-ամյա Կարեն Սարուխանյանի շուրջ տարատեսակ խոսակցություններ են պտտվում: Նա գործուղվում է ԱԺ, քանի որ ինքն է այդպես ուզել:

Շրջանառվող լուրերից մեկն էլ այն է, որ իշխանությունը բավարված չէր նրա աշխատանքից, թեւ մարզպետն ինքը դա հերքում է: 38-ամյա պատգամավոր Սոֆյա Հովսեփյանի՝ ԱԺ հայտնվելու փաստն առավել ոգևորել է համայնքաբնակներին: Գյուղաբնակները հույս են փայփայում, որ գոնե նա իշխանությանը լսելի կդարձնի իրենց բազմաթիվ խնդիրները: 35-ամյա լրագրող, հաղորդավարուհի Նազելի Բաղդասարյանին շատերը կուզեին կրկին եթերում եւ հեռուստատեսության ոլորտում տեսնել, քանի որ նա Գյումրիում հայտնի հեռուստահաղորդավարուհի էր:

Շատերը ափսոսանք են հայտնում, իսկ շատերն էլ հույս են փայփայում, որ նրա մուտքը ԱԺ հնարավոր է քաղաքին նոր շունչ հաղորդի: Նազելի Բաղդասարյանը հեռուստաեթերով հաճախ է լուսաբանել ու անդրադարձել այն խնդիրներին, որոնք տարիներ շարունակ քաղաքում լուծումներ չեն ստացել: Այլ հարց է, թե հայտնի հեռուստահաղորդավարուհին ԱԺ-ում ինչպե՞ս է իրեն դրսևորելու:

«Լուսավոր Հայաստան» կոււսակցության Շիրակի մարզի միակ ներկայացուցիչը 37-ամյա Սարիկ Մինասյանն է՝ Գյումրու քաղաքապետարանի Բյուջեի եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի նախկին պետը:Նա 2018թ-ի մարտից մինչ օրս Սոցիալական ապահովության ծառայության Գյումրու տարածքային բաժնի պետն էր: Սոցիալապես ամենաանապահով եւ խնդրահարույց մարզում նրա գործը թեթև չի լինելու՝ հատկապես եթե հաշվի առնենք, որ ԼՀԿ-ն պատրաստվում է հանդես գալ որպես ընդդիմություն: Նշենք, որ նախորդ ԱԺ-ում մարզից կին պատգամավոր ընդամենը մեկն էր՝ ԲՀԿ ընտրացուցակով ընտրված որպես ազգային փոքրամասնություն հանդիսացող Տատյանա Միքայելյանն էր: