Անկենսագրություն մարդը չի կարող համակարգ ստեղծել, պարոն քաղաքապետ

Անկենսագրություն մարդը չի կարող համակարգ ստեղծել, պարոն քաղաքապետ

Երևանի քաղաքապետն այսօր Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին ներկայացրել է վարչական շրջանի նորանշանակ ղեկավար Ավետ Պողոսյանին, ով, ինչպես հայտնի է, կառավարման փորձ չունի՝ ընդամենը հեղափոխությունից հետո եղել է ԱԱԽ քարտուղարի խորհրդականը: Նա 2012-ին մասնակցել է ԱԺ ընտրությունների՝ ՀԱԿ ցուցակով, պարտվել, եւ ՀԱԿ կայքում այսօր էլ նշված է, որ ՀԱԿ վարչության անդամ է։ Բայց պարզվում է՝ ՀԱԿ անդամ էլ չէ, հայտնի չէ թե՝ երբ, բայց դուրս է եկել ՀԱԿ-ից եւ այսօր ներկայանում է որպես անկուսակցական։ Առավոտյան լուրեր տարածվեցին, որ ԱԺ պատգամավոր Արուսյակ Ջուլհակյանի ամուսինն է։ Ավելի ուշ, պարզվեց, ամուսինն էլ չէ, կամ՝ դեռ ամուսինը չէ։

Այս անկենսագրություն, անհայտ քաղաքական ուղի անցած, անհայտ որակների տեր անձի մասին խոսելով քաղաքապետ Մարությանն ուշագրավ մտքեր է հայտնել Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմին ներկայացնելիս։ Ասել է․ «Որպես քաղաքային իշխանություն՝ մեր հիմնական առաքելությունը համակարգեր ստեղծելն է: Ստեղծում ենք համակարգեր, որ վարչական շրջանների ղեկավարները, փոխքաղաքապետերը, վարչության պետերը, քաղաքապետը, ինչ անձնավորություն էլ հետագայում լինի և ով էլ լինի, համակարգն այնպես աշխատի, որ անկախ ամեն ինչից քաղաքը մնա կայուն վիճակում: Եվ յուրաքանչյուր քաղաքային իշխանություն ուղղակի իր տարբեր շտկումներն անի այդ ամեն ինչում՝ ստեղծելով էլ ավելի նոր համակարգեր»։ Հայտնի չէ, թե ինչպես է այս անձնավորությունը համակարգ ստեղծելու՝ իր զրո աշխատանքային փորձով եւ անհայտ կուսակցական պատկանելությամբ։ 

Հետո, խոսելով, ինչ որ օրենսդրական փոփոխությունների մասին, քաղաքապետն ասել է․«Հավասարություն, արդարություն և օրենքի գերակայություն. սա մեր հիմնական սկզբունքն է: Շատ տնտեսվարողների շահեր այսօր հենց Կենտրոնում են: Եվ մոտեցումն, ամենակարևորը, բոլոր տնտեսվարողների հարցում պետք է լինի հավասար: Բազմիցս ասվել է, որ մենք արտոնյալներ չունենք, մենք չունենք մարդիկ, որոնք կարող են մի բան անել, իսկ միևնույն ժամանակ ինչ-որ մեկը չի կարող անել: Այս սկզբունքն ածանցում ենք բոլոր ոլորտներին»։

Այս խոսքերն առավել զավեշտալի են հնչում այն սկանդալի ֆոնին, որը ծագել է Կամազների նվիրատվությունների եւ շինարարությունների թույլտվությունների հետ կապված։ Մի քաղաքապետ, որը շինթույլտվությունները «վաճառում է» Կամազների դիմաց, խոսում է տնտեսվարողների հավասարությունից։ Եւ վերջում ամենացնցողը՝ քաղաքապետը խոսելով քաղաքի խնդիրներց, ասել է, որ դրանք լուծելիս «համագործակցելու են բնակիչների հետ»։ Այն բնակիչների, որոնցից գաղտնի են պահում իրենց պարգեւավճարները, իրենց որոշումները։ Անգամ՝ նվերները, որոնք, թմբկահարում են, թե քաղաքինն են՝ հո՞ մեր անձնականը չեն,  «սեփականատերերից» գաղտնի են պահում։ Ի՞նչ համագործակցության մասին է խոսքը: