Եթե Փաշինյանը գիտելիքներ ունենար, բանակում ծառայած լիներ, դա իր համար ծիծաղելի կլիներ

Եթե Փաշինյանը գիտելիքներ ունենար, բանակում ծառայած լիներ, դա իր համար ծիծաղելի կլիներ

Բանակում վերջին շրջանում տեղի ունեցած մահվան դեպքերի վերաբերյալ զրուցել ենք պահեստազորի գնդապետ Վոլոդյա Հովհաննիսյանի հետ․

«Ես հանդիպել եմ տասնյակ սպաների, որոնք Ղարաբաղում տեղանքն իմացող, փորձառու, պատեազմով անցած և իրավիճակին տիրապետող սպաներ են, իրենց տեղափոխում են Երևան, նախարարությունում նշանակում են տարբեր պաշտոնների և թուլացնում են բանակի մարտական դիմադրողականությունը։ Այդ թուլացումները բերում են մարտունակության թուլացման, մարտական պատրաստականության թուլացման։ Զինկոմիսարիատները այսօր վերացրեցին, լրահամալրումը ամբողջովին կաթվածահար վիճակում է։ Օրինակ՝ ողջ Սյունիքում կա ընդամենը մեկ զինկոմիսարիատ՝ Գորիսի զինկոմիսարիատը, Սիսիանում և Մեղրիում 2-3 հոգի են, որոնք պետք է լրահամալրումն իրականացնեն, իսկ դրա մեջ միայն զինվորը չի մտնում, տեխնիկական միջոցներն են, ավտոմոբիլային տրանսպորտն է, թրթուրային տրանսպորտն է, որոնք պատերազմի ժամանակ պետք է մոբիլիզացվեն, վերցվեն քաղաքացիներից և ծառայեն բանակին։ Ողջ Սիսիանի շրջանում 2 հոգին այդ մոբը ինչպե՞ս են իրականացնելու։ Մենք ունեցանք 4 զոհ, որոնք մնացել էին ձնահոսքի տակ, ես հատուկ հետքրքրվել եմ․ մենք այսօր չունենք թրթուրային տրանսպորտ, որը ձյան հաստ շերտի դեպքում կարողանա դիրքեր հաց մատակարարել։ Փառք ու պատիվ մեր պայմանագրային զինծառայողներին, որոնք 20 կմ ոտքով հաց են բարձրացնում։ Սկուտեղով հաց ուտելը այնքան կարևոր չէ, որքան մեկ նման տրանսպորտ և այդ տրանսպորտի փորձառու վարորդ ունենալը։ Դա ընդամենը ծնողների զգացմունքների հետ խաղալու գործընթաց է, որը տանում է մեր բանակի թուլացմանը։ Այդ սկուտեղով սնվելը ժամեր է տևում, զինվորները կտրվում են մարտական պատրաստականությունից։ Շատ փորձառու սպաներ ինձ հետ նաև վիճում են այս թեմայով, որ մարդիկ իրենց լավ են զգում։

Միայն լավ զգալու համար պետք չէ բանակի մարտունակությունը ոչնչացնել։ Մեր բարոյահոգեբանական պահովման վարչության պետին հանեցին, որովհետև այսքան զոհեր են եղել, բայց եկեք քննենք․ կորպուսի հրամանատարին հեռացրի՞ն պաշտոնից, գնդի հրամանատարին հեռացրի՞ն, ոչ, հեռացրին վարչության պետին, թե վարչության պետը ի՞նչ կապ ուներ, երբ ձայն տակ խեղդված զինվորի համար պատասխան են տալիս գումարտակի, գնդի, կորպուսի հրամանատարները։ Մենք այսօր նման բան անելու իրավունք չունենք, «Հանիբալը դարպասների տակ է» ։ Ես հայոց բանակի համար անհանգիստ եմ։ Ամենասարսափելին այն է, որ մեր պաշտպանական բյուջեն 5 միլիարդ դրամով կրճատվել է 2020 թվականին, և այն հայտարարությունները, որ յաս կամ այն օլիգարխից փողերը հետ են բերում․․․ Հրայր Բագրատյանն ասաց, որ ոչ մի լումա դեռ ոչ մի լումա չի մուծել պետբյուջե»,- մեզ հետ զրույցում ասաց Հովհաննիսյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր հարցազրույցում ասել էր, որ բանակում մահերի պատճառներից մեկն էլ զինվորների դրամական բավարարումը բարձրացնելն է՝ «որտեղ գումար ավելացում, այնտեղ նաև վեճերի ավելացում»։ Վարչապետի այս պնդմանը Հովհաննիսյանը արձագանքեց․

« Զինվորների դրամական բավարարումը բարձրացել է ընդամենը 1600 դրամով՝ 3400-ից բարձրացել և դարձել է 5000 դրամ, դա այն գումարը չէ, որի համար կարող են լուրջ խնդիրներ առաջանալ։ Դուք պատկերացնո՞ւմ եք գումարը 1600 դրամով ավելացել է, և զինվորը հանցագործ է դարձել։ Եղած միջադեպերից և ոչ մեկը կապված չէ ֆինանսական խնդիրների հետ, դրանք կապված են միջանձնային հարաբերությունների հետ, հեռախոսի պատմություն է, հրաման կատարել- չկատարելու հարց է։ Դա ևս մեկ անգամ ցույց է տալիս, որ Նիկոլ Փաշինյանը բանակի հետ կապ չունեցող հայտարարություններ է անում, այդ պահին մտքին դա է գալիս, դա է հայտարարում։ Եթե ինքը գիտելիքներ ունենար, բանակում ծառայած լիներ, դա իր համար ծիծաղելի կլիներ, բայց քանի որ նա չի ծառայել, նա չգիտի, որ ոչ կանոնադրային հարաբերություններն են բերում նման իրավիճակների, և դրա համար կարող է հիմք էլ չլինել, պարզապես բռնկում տեղի ունենալ, որը վայրկյանների ընթացքում կարող է բերել անցանկալի հետևանքների։ Դա բանակում ծառայածները գիտեն, բայց բանակից խուսափած մարդիկ դա չգիտեն»։