Հայկո ջան պրիվետ. հանրությունը վրդովված է Մաշտոցի պուրակում տեղի ունեցածից

Հայկո ջան պրիվետ. հանրությունը վրդովված է Մաշտոցի պուրակում տեղի ունեցածից

Ինչպես երևում է օգտատերերի բազմաթիվ ֆեյսբուքյան գրառումներից, հանրությունը վրդովված է Մաշտոցի պուրակում տեղի ունեցածից: Լրագրող Դավիթ Ջալալյանը, հրապարակելով լուսանկարներ, խոսքն ուղղելով Երևանի  քաղաքապետ Հայկ Մարությանին՝ գրել է.  «Մաշտոցի պուրակում հատվեցին կառուցվող օբյեկտին խանգարող բազմաթիվ հաստաբուն ծառերը։ Նշեմ, որ ծառերը միանգամայն առողջ էին և դեռևս երեկ  իրենց տեղում էին։ Հայկո ջան պրիվետ»։ 

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Լևոն Զաքարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ինչ կատարվում ա Մաշտոցի պուրակում, ճիշտ չեմ համարում։ Այգու մեջ քարով, բետոնով շենք, կտրված ու խեղված ծառեր։ Էս ամենի պատասխանը պահանջում եմ շինթույլտվություն տվողից և ծառ կտրելու իրավունք տվողից»:

Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ն էլ  հայտնում է. «Մաշտոցի պուրակի սկզբնամասում բարեկարգվող սրճարանի սեփականատերը ԳՐԱՎՈՐ պարտավորվել է հատված 4 թեղիների փոխարեն տարածքում տնկել 9 արևելյան սոսի (չինարի): Հատված թեղիները, մասնագետների գնահատմամբ, անառողջ էին և ոչ կենսունակ:

Բացի դրանից, տնտեսվարողը պարտավորվել է պարբերաբար բարեկարգել ու կանաչապատել այգու հարակից տարածքը: Աշխատանքների մի մասն արդեն կատարվել է, մնացածը կարվի կառուցապատման աշխատանքների ավարտից հետո:

Ծառատունկը կիրականացվի նոյեմբերին՝ մեր մասնագետների խիստ հսկողությամբ»: