Իրանով պարզապես ավտոճանապարհ են կառուցում

Իրանով պարզապես ավտոճանապարհ են կառուցում

Ադրբեջանի կողմից օկուպացված Զանգելանում՝ Ագբանդ գյուղի եւ սահմանային կետի մոտ սկսվեցին Ադրբեջանի եւ Իրանի միջեւ ավտոճանապարհային կամրջի կառուցման աշխատանքները։ Ադրբեջանական կողմը երեկ հաղորդեց, որ այդկերպ որոշվել է «Զանգեզուրի միջանցքի» աշխարհագրական տեղանքը։ Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը հայտարարել էր, որ եթե Հայաստանը խոչընդոտի «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ապա այն կանցնի Իրանի տարածքով։ Այս հայտարարությունները հայկական հանրության շրջանում էյֆորիա առաջացրեցին, թե «Զանգեզուրի միջանցքն» անցնելու է Իրանով եւ այս թեման դուրս եկավ օրակարգից։

Արդյո՞ք թուրք-ադրբեջանական տանդեմն իսկապես հրաժարվել է Հայաստանի տարածքով «Զանգեզուրի միջանցք» ստանալու մտքից, հարցրեցինք թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանին։ Նա վստահեցնում է, որ ոչ։ Ըստ թուրքագետի՝ Իրանով տրվել է ավտոմոբիլային ճանապարհի հիմնարկեքը, որի միտքը կար դեռ վաղուց, Հայաստանով անցնելու է Թուրքիան Ադրբեջանին կապող երկաթգիծը։

«Ռազմավարական առումով Թուրքիան եւ Ադրբեջանը ցանկանում են Իրանի տարածքից հնարավորինս քիչ օգտվել, որ Իրանը չկարողանա թուրք-ադրբեջանական կոմունիկացիայի վրա հսկողություն ունենալ։ Այսօր հայտարարել են՝ Իրանով անցնող ավտոմոբիլային ճանապարհի մասին, իսկ դա նորություն չէ։ Նոր կամուրջ են գործարկել, հավանական է, որ նոր ճանապարհ պետք է կառուցեն, կամ՝ հինը վերանորոգեն։ Մեկ տարվա մեջ արագ կկառուցեն, որովհետեւ շատ կարեւոր է, որ հիմա Թուրքիայի եւ Ադրբեջանի միջեւ կապը ուժեղանա։ Իսկ ինչ վերաբերում է  Թուրքիայի երկաթգծի այն հատվածին, որը պետք է մտնի Ադրբեջան, դեռ կառուցված չէ, այն պետք է անցնի Սյունիքով։ Դրա համար ամենաքիչը 2-3 տարի կպահանջվի»,-ասաց թուրքագետը։ 

Ըստ Սաֆրաստյանի՝ թուրք-ադրբեջանական տանդեմը չի դադարելու Հայաստանի վրա ճնշում գործադրել՝ «Զանգեզուրի միջանցքը» ստանալու համար։ Օգտվելով Հայաստանի թուլացած վիճակից՝ նրանք հույս ունեն, որ հիմա կստանան միջանցքը։ «Այժմ հարմար պահ է իրենց համար։ Տարիներ անց գուցե Հայաստանը ուժեղանա, եւ ճնշում գործադրելով չկարողանան ձեռք բերել միջանցք ստանալու իրավունքը»,-նկատեց նա։

Արցախում էթնիկ զտում իրականացնելուց եւ հայաթափելուց հետո թուրք-ադրբեջանական զույգի բառապաշարում թուրքագետը փոփոխություն չի տեսնում․ «Չի փոխվել իրենց ցանկություններում որեւէ բան։ Համոզված եմ, որ «Զանգեզուրի միջանցքի»՝ Թուրքիայի հատվածով անցնող երկաթգիծը կկառուցվի»։ 

Խոսելով՝ Գրանադայի քառակողմ հանդիպման ժամանակ ստորագրված հայտարարության մասին, որով Փաշինյանը ճանաչեց Ադրբեջանի եւ Հայաստանի տարածքային ամբողջականությունները, թուրքագետը շեշտեց՝ այդ փաստաթուղթն առ ոչինչ է, քանի որ այնտեղ չկա Ադրբեջանի ստորագրությունը։

«Չի կարող վավեր համարվել։ Բայց, պետք է նշել, որ ուրիշ փաստաթղթերի տակ կա Ադրբեջանի ստորագրությունը՝ օրինակ պրահյան։ Այստեղ կարեւորն այն հանագամանքն է, որ Թուրքիան հիմա մեծ ջանքեր է գործադրում՝ աշխարհաքաղաքական այս իրադրության պայմաններում իր ազդեցությունը տարածաշրջանում ուժեղացնելու համար։ Հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդի դեր ստանձնելն այդ քայլերից մեկն է։ Մինչեւ հիմա գործել է Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ձեւաչափը։ Մոտ 3 շաբաթ առաջ Էրդողանը առաջարկեց 2+2 ձեւաչափը՝ Հայաստան, Ադրբեջան, Ռուսաստան եւ Թուրքիա։ Մի կողմից այս պլանն է, մյուս կողմից փորձում է իր ներկայությունը հաստատել արեւմտյան հարթակներում։ Գերմանիան եւ Ֆրանսիան չեն համաձայնվել, քանի որ միջնորդությունը ԵՄ-ի նախաձեռնությունն է»,-մեկնաբանեց Սաֆրաստյանը։