Հունիսի 21-ին մենք կթևակոխենք մի նոր դարաշրջան

Հունիսի 21-ին մենք կթևակոխենք մի նոր դարաշրջան

Արդեն չեմ հիշում, թե որերորդ հոդվածն եմ գրում քաղաքացիական հասարակության և դրա կառույցներից մեկի՝ դիտորդական առաքելության չգոյության մասին: Որտե՞ղ եք երիտասարդներ ու հասուն տարիքի տիկնայք ու պարոնայք, ինչո՞ւ չի լսվում ձեր ձայնը: Թե՞ ձեզ թվում է, որ քարոզարշավի ընթացքում խնդիրներ չեն առաջացել, ու հենց այդպես էլ պետք է լիներ նիկոլական «ժողովրդավարության բաստիոնում»: Նախկինների օրոք, երբ քարոզարշավը տևում էր ավելի քան մեկ ամիս, դուք շաբաթը մեկ միջանկյալ հաղորդագրություններ էիք տարածում, իսկ հիմա լուռ եք: Ընդամենը երկու շաբաթ տևող քարոզարշավի դեպքում դուք պետք է առնվազն եռօրյա պարբերությամբ ներկայացնեիք նախընտրական իրավիճակի նկարագրությունը: 

Բայց դա չեք անում: Չնայած հասկանալի է, թե ինչու չեք անում. ինչպես կարող եք անել, եթե իշխանության կցորդն եք: Չէ՞ որ դուք հասաք ձեր նպատակին, կազմավորեցիք ձեր իշխանությունը: Հետո ինչ, որ ոչ թե ձևավորվեց ժողովրդավարական, այլ ընդամենը մեկ, այն էլ անմեղսունակ անձի բռնապետական իշխանություն: Հետո ինչ, որ այդ անձի իշխանությունը երկիրը տարավ պարտության՝ երկրի կեսն ու թեկուզ 4000 զինվորների կյանքը նվիրելով արևելքից թուրքին: Էլ չեմ խոսում մեր գերիների մասին, որոնց վերադարձն օգտագործում է սեփական քարոզչական նպատակներով՝ ոտնահարելով մարդկային բարոյականության բոլոր գրված և չգրված կանոնները: Այդ ամենն էական չէ, էական է այն, որ գործող իշխանությունը ձեր հարազատ զավակն է: Դուք տարիներով պայքարել եք նման իշխանություն ունենալու համար, և ահա, այն ստացել եք: Մնացածն, ինչպես ասվում է, էական չէ (կներեք, որ կրկնվում եմ):

Իսկ եթե այդպես չէ, ապա ինչո՞ւ չի լսվում ձեր ձայնը, երբ վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար ինքնահռչակված անձը բռնության ու ատելության կոչեր է հնչեցնում քարոզարշավի ժամանակ: Եվ դրա վերջին օրինակը՝ ելույթի ժամանակ մուրճն իբրև թե որպես մանդատ թափահարելով ու ասելով, թե դրանով են գալու ձեր (այսինքն՝ այսօրվա ընդդիմադիրների) հետևից: Ինչո՞ւ չի լսվում ձեր ձայնը, երբ աշխատանքից ազատվում են մարդիկ, որոնք համարձակություն են ունեցել ներկայացնելու իրենց դիրքորոշումը: Թե՞ նման երևույթն ընդունված չէ «ժողովրդի իշխանության» երկրում… Ինչո՞ւ չի լսվում ձեր ձայնը, երբ «ուսապարկեր» անվանված անձինք (իրենց իսկ քաղաքական ուժի ներկայացուցչի կողմից) խաղեր են տալիս այն խավի ներկայացուցիչների հետ, որոնք իրենց իսկ ընդունած օրենքով հայտարարվել են օրենքից դուրս: Թե՞ նման բան չի կարող պատահել «թավշյա հեղափոխության» երկրում… Այն էլ ինչպես կարող է պատահել՝ հետևե՛ք ընդդիմադիր մամուլին, չէ՞ որ մի ժամանակ դա անում էիք ջանասիրաբար: Ինչո՞ւ չի լսվում ձեր ձայնը, երբ ոստիկանությունը կեղծ պատրվակներով մարզերում հեղինակություն ունեցող ընդդիմադիրներ է չեզոքացնում: Թե՞ կարծում եք, թե նման բան չի կարող պատահել ձեր ջանքերով կառուցված երկրում…    

Իսկ իշխանությունը պատրաստվում է պատերազմի՝ այն դեպքի համար, եթե հունիսի 21-ի առավոտյան Ազգային ժողովի ընտրության՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախնական արդյունքների հրապարակումը հաճելի չլինի բռնապետիկի քիմքին: Եթե անհեթեթ բան է այստեղ ասվածը, ապա ինչո՞ւ է իշխանությունը հունիսի 21-ից 24-ը Երևանի Հանրապետության հրապարակը ամրագրել հանրային հավաքների համար: Ընտրությունում հաղթանակի դեպքում ի՞նչն էր Նիկոլին խանգարելու, որպեսզի Երևանի ողջ կենտրոնը վերածվեր խորովածանոցի: Թե՞ նման բան չէր եղել վերջին երեք տարում:

Իհարկե, եղել էր՝ ի՜նչ  նախնական ամրագրում, ի՜նչ թիթիզություն… Բայց ողջ խնդիրն այն է, որ հունիսի 21-ի առավոտյան մենք ականատես ենք լինելու «Հայաստան» դաշինքի հաղթանակին: Եվ այդ դեպքում Նիկոլի կողմից զոմբիացված կենսազանգվածի ներկայությունը Հանրապետության հրապարակում ոչինչ չի փոխելու: Որովհետև իրավապահ որևէ կառույց (ԱԱԾ թե ոստիկանություն) այլևս չի ենթարկվելու ժամանակավորի որևէ անօրինական հանձնարարության: Իսկ դա նշանակում է, որ իրավապահները բացառելու են ընտրության միջոցով ժողովրդի կամարտահայտության արդյունքները խեղաթյուրելու որևէ քայլ: Բացառելու են, որովհետև վաղուց արդեն հոգնել են անմեղսունակի անհեթեթ հանձնարարությունը կատարելուց՝ օրինակ սևազգեստ այլմոլորակայինների կամ սատանաների բացահայտման պահանջը: 

Հունիս 21-ին կավարտվի մեր ժողովրդի գլխին կախված ողբերգությունների շղթան, ու մենք կթևակոխենք մի նոր դարաշրջան՝ զերծ նիկոլիզմից ու պարտվողականությունից: Զերծ պարտությամբ հպարտանալու աբսուրդից: Զերծ նիկոլական «սխալվելու վճռականությունը՝ ճշմարիտ ճանապարհ» անհեթեթ ու վտանգավոր թեզից: Զերծ անցյալի դեմ պատերազմից՝ ոտնակոխ անելով ներկան ու հարցականի տակ դնելով ապագան: Իսկ դուք, ոչ հարգելի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ, այլևս անելիք չեք ունենա մեր հայրենիքում, որովհետև դուք ձեր կարճատեսությամբ ապացուցեցիք, որ ձեզ համար կարևորը ոչ թե մեր հայրենիքն է, այլ ձեր դրամաշնորհները: Եվ ոչ թե մարդկանց իրավունքների պաշտպանությունն է, այլ այդ երևույթի վրա հիմնված ձեր կեղծ օրակարգերը: