Ադրբեջանցիները ողջունում են հայկական սփյուռքի դեմ Փաշինյանի սկսած պատերազմը

Ադրբեջանցիները ողջունում են հայկական սփյուռքի դեմ Փաշինյանի սկսած պատերազմը

Հուլիսի 14-ին Ֆրանսիայի հայկական սփյուռքի առաջնորդներից մեկին՝ դաշնակցական Մուրադ Փափազյանին, ՀՀ իշխանություններն արգելեցին Հայաստան մուտք գործել, ինչը բավականին ոգեւորել է ադրբեջանցիներին: Փափազյանին, Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանում մի քանի ժամ անցկացնելուց հետո, Ֆրանսիա են վերադարձրել նույն ինքնաթիռով, որով նա եկել էր Երեւան։ Փափազյանը ֆեյսբուքյան գրառմամբ տեղեկացրել է իր հետեւորդներին, որ արգելքը եղել է Փաշինյանի անձնական հրահանգով, եւ նրան մեղադրել սփյուռքի եւ Հայաստանի միջեւ միտումնավոր պառակտում մտցնելու մեջ։

Հիշեցնենք, որ մինչ այդ՝ այս տարվա մայիսին, երբ պաշտոնական այցով Երեւանում էր հայկական սփյուռքի հետ սերտ կապ ունեցող Փարիզի քաղաքապետ Անն Իդալգոն, Փաշինյանը հրաժարվել էր ընդունել նրան՝ միայն այն պատճառով, որ Մուրադ Փափազյանի անունը եղել էր Ֆրանսիայի պատվիրակության կազմում: Փարիզի քաղաքապետը միշտ աչքի է ընկել Հայաստանի նկատմամբ բարեկամական վերաբերմունքով: Իսկ ազդեցիկ դաշնակցականին Հայաստանում «պերսոնա նոն գրատա» հայտարարելը ոգեւորել է ադրբեջանցիներին: 

Սփյուռքում Փաշինյանի եւ նրա կառավարության քաղաքականությունից լուրջ դժգոհություն է հասունանում: Իսկ Ֆրանսիայի հայկական սփյուռքը մոբիլիզացվում է Փաշինյանին իշխանությունից հեռացնելու համար, քանի որ, ըստ Փափազյանի, ամենավտանգավորը՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ հարաբերությունների հաստատման գործընթացի, դեռ առջեւում է։ Փաշինյանն էլ իր հերթին պատերազմ է հայտարարել հայկական սփյուռքին, ամեն ինչ անում է այն պառակտելու համար: Դա ամենաշատը ձեռնտու է Ադրբեջանին ու Թուրքիային: 

Ադրբեջանական քարոզչամեքենան այս «պատերազմում» պաշտպանում է Փաշինյանի շահերը, իր քարոզչությամբ ուզում է թուլացնել հայկական սփյուռքի դիրքերն ու հնարավորությունները, վարկաբեկող հրապարակումներ է անում սփյուռքի մասին: Haqqin.az-ը գրում է. «44-օրյա պատերազմից հետո կառավարության որոշումների եւ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացների վրա ազդելու սփյուռքի կարողությունը զգալիորեն թուլացել է։ Հակառակ դեպքում Մուրադ Փափազյանի նման ազդեցիկ սփյուռքյան ղեկավարը երբեք չէր վտարվի Երեւանից։ Այն բանից հետո, երբ հայկական հզոր սփյուռքը չկարողացավ կանխել Ադրբեջանի կողմից Ղարաբաղի ազատագրումը, Փաշինյանն ու կառավարությունում նրա համախոհները ոչ միայն հիասթափվեցին նրա հնարավորություններից, այլեւ դադարեցին վստահել սփյուռքի առաջնորդներին, ովքեր ակտիվորեն աջակցում եւ նպաստում են վրեժխնդրության գաղափարներին:

Հասկանալով, որ Հայաստանն իրական ապագա չունի առանց Ադրբեջանի հետ վերջնական խաղաղության հասնելու եւ հարեւան Թուրքիայի հետ նորմալ հարաբերություններ հաստատելու, Փաշինյանի կառավարությունը փաստացի թեւակոխել է սեփական սփյուռքի հետ չհայտարարված պատերազմի մեջ, որի բոլոր ջանքերը կապված են ֆինանսական եւ գաղափարական աջակցության հետ»:

Փաստորեն, ադրբեջանական քարոզչամեքենան 44-օրյա դավադիր պատերազմում հայկական կողմի պարտությունը բարդում է հայկական սփյուռքի վրա՝ դրանով արդարացնելով Փաշինյանին, ատելություն ու անվստահություն սերմանելով մեր սփյուռքի նկատմամբ: 

Հայկական սփյուռքն Ադրբեջանի ու Թուրքիայի ամենաոխերիմ թշնամին ու ատելության կենտրոնն է, քանի որ հենց սփյուռքն է կանգնած Հայոց ցեղասպանությունն աշխարհին ճանաչել տալու պահանջի կենտրոնում: Բացի այդ, սփյուռքը Հայաստանի ֆինանսական, քաղաքական եւ բարոյահոգեբանական ամուր հենարանն է: Ուստի Հայաստան-Սփյուռք պառակտումը ձեռնտու է մեր թշնամի երկու երկրներին ու նրանց կամակատար փաշինյանական իշխանությանը: