Սյունիքի դատախազը տեղափոխվում է Երեւա՞ն

Սյունիքի դատախազը տեղափոխվում է Երեւա՞ն

Սյունիքի մարզի դատախազ Վազգեն Հարությունյանն ազատվել է պաշտոնից եւ անցել այլ աշխատանքի՝ ՀՀ գլխավոր դատախազությունում։ Մոտ օրերս նա կտեղափոխվի Երեւան։ Այս մասին տեղեկացնում է Սյունիքի իրավապահ շրջանակից մեր աղբյուրը։ Նա նշում է նաեւ Վազգեն Հարությունյանի նոր պաշտոնը։ Վերջինս նշանակվելու է Գլխավոր դատախազության սեփականության դեմ ուղղված հանցագործությունների գործերով վարչության պետի տեղակալ։ Այդ վարչության պետն Արմեն Աֆանդյանն է, որը, ի դեպ, նույնպես, մինչեւ Երեւան գալը, Սյունիքի դատախազ է եղել։

«Նման հրաման չկա: Դատախազությունը կադրային փոփոխությունների, տեղաշարժերի վերաբերյալ մշտապես իրազեկում է, որեւէ կադրային փոփոխություն լինելու դեպքում պատշաճ կտեղեկացվի»,- նշեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը, սակայն կադրային տեղաշարժի մասին տվյալները չհերքեց։ Իսկ Վազգեն Հարությունյանն էլ «Հրապարակի» հետ զրույցում ասաց․ «Ես այս պահին Սյունիքի դատախազն եմ»։ Չե՞ք տեղափոխվելու Երեւան։ «Մի օր, իհարկե, տեղափոխվելու եմ, ես երեւանցի եմ»։ Հարությունյանը նաեւ արձանագրեց, որ հաճախ ենք նրանով հետաքրքրվում, եւ եզրակացրեց․ «Ինչ-որ մարդիկ շատ ուզում են, որ ես հեռանամ Սյունիքից»։  

Հիշեցնենք՝ Վազգեն Հարությունյանը նախկին դատախազ Գեւորգ Կոստանյանի հարսանիքի խաչեղբայրն է եղել։ Որպես դատախազ՝ աչքի է ընկել նրանով, որ սոցիալական աջակցության Գորիսի, Սիսիանի, Մեղրիի տարածքային ստորաբաժանումների աշխատակիցների կողմից առերեւույթ հանցագործություններ կատարելու փաստերով քրեական գործեր է հարուցել։